Հումանիտար օգնության միջոցով որեւէ հարց չես լուծի

Հումանիտար օգնության միջոցով որեւէ հարց չես լուծի

Հարցազրույց թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ

- Պարոն Չաքրյան, այսօրվա իրավիճակում Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելը որքանո՞վ էր նպատակահարմար։ Արդյոք դա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով որեւէ դրական ազդակ կլինի՞։

- Օգնություն կատարելը մարդասիրական քայլ է, բայց մարդասիրական օգնությունն ու Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքորոշումները բոլորովին այլ ոլորտի խնդիրներ են։ Այսինքն՝ օգնություն ուղարկելով որեւէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, որեւէ երկրի հետ հարաբերություններ չի կարգավորելու։ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը դեռ 1991-ին որդեգրած նույն քաղաքականությունն է։ Այս տարիներին բազմաթիվ կառավարություններ են փոխվել, սակայն դիրքորոշումը չի փոխվել։ Ընդամենը հայտարարությունների ձեւակերպումներն են փոխվել, երբեմն՝ շատ ավելի խիստ, երբեմն՝ մի քիչ ավելի մեղմ, բայց, ընդհանուր առմամբ, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել։

- Ու այս ամենի ֆոնին Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում Թուրքիա։

- Դե, գիտեք, հումանիտար օգնությունը․․․ Դե, ոչինչ, անում է՝ թող անի, բայց էդ օգնությունը չի նպաստի որեւէ բանի։ Գիտեք, չէ՞, որ եթե ներկա պայմաններում գնանք Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիրը ստորագրենք, կստացվի դե ֆակտո ստեղծված իրավիճակը դարձնել դե յուրե եւ արդարացնել Ադրբեջանի բոլոր չարագործությունները, Թուրքիայի չարագործություններն էլ՝ հետը։ Ադրբեջանը խախտել է մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Ինչ որ վերցրել է, հաշտության պայմանագիրը ստորագրելուց հետո կմնա իրեն։ Իսկ ստորագրելու համար կպահանջի, որ Զանգեզուրի միջանցքն էլ բացենք։

- Անկախ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններից՝ այսօր, ամեն դեպքում, քննարկվում է այն հարցը, թե արդյոք ճի՞շտ էր Հայաստանի կողմից հումանիտար բեռ ուղարկելը Թուրքիա։ Մարգարայի կամուրջը 30 տարի փակ լինելուց հետո առաջին անգամ օգտագործվել է հայ-թուրքական սահմանը հատելու նպատակով, սա կարո՞ղ է շարունակական լինել։

- Ես ասացի, որ հումանիտար օգնության միջոցով որեւէ հարց չես լուծի։ Երկրաշարժի էդ շփոթը կանցնի, թուրքերը կհաղթահարեն, եւ ամեն ինչ կվերադառնա ելման կետ։ Եթե Թուրքիան իսկապես Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման անկեղծ ցանկություն ունենար, ընդամենը սահման բացելու համար Հայաստանից միջանցք չէր պահանջի։ Ընդ որում՝ էդ սահմանը մենք չենք փակել, իրենք են փակել՝ 1993թ․ մարտին, եթե չեմ սխալվում, ու շրջափակել Հայաստանը։

- Սա մեր կողմից թույլ ու անօգնական քայլ չէ՞, արդյոք, մենք գնում ենք ուժեղին սիրաշահելու ճանապարհով՝ հույսով, որ նա հետագայում բարեգութ կգտնվի մեր հանդեպ։

- Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի հանցագործություն է Թուրքիա օգնություն ուղարկելը։ Նույնիսկ մի դեպքում էլ կարող է նաեւ օգնել։ Օրինակ՝ 1998-99 թվերի արձանագրությունների պատմությունը հիշում եք․ Թուրքիան՝ ինքը, Էրդողանի հրահանգով վիժեցրեց Մեջլիսում էդ հարցի քննարկումը, Մեջլիսը չվավերացրեց էդ պայմանագիրը, որից հետո Հայաստանին մեղադրեց, թե ադրբեջանական տարածքներ է գրավում, չգիտեմ թե ինչ է անում։ Էս դեպքում այլեւս Հայաստանին մեղադրել չի կարող, բայց մեր իրավիճակն այնպիսին է, որ մենք ո՛չ ինքնիշխանություն ունենք, ո՛չ անկախություն ունենք, ո՛չ էլ կարողանում ենք ապահովել մեր տարածքային ամբողջականությունը։ Մնացածն արդեն մանրուքներ են։ Մեր առաջնահերթ խնդիրն ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության վերականգնումն է, առանց դրա մենք որեւէ քայլ անել չենք կարող։

- Իսկ եթե մենք չուղարկեինք այդ հումանիտար օգնությունը, դրա համար կքննադատեի՞ն Հայաստանի իշխանություններին, եւ դա բացասական հետեւանքներ կունենա՞ր մեզ համար։

- Չէ, ի՞նչ բացասական հետեւանքներ պիտի ունենար։ Անկեղծ որ ասեմ, եթե ես լինեի՝ լավ, փրկարար ջոկատը գնում, երեխա է փլատակներից հանում, ոչինչ, բայց օգնություն չէի ուղարկի։

- Այսօր զուգահեռ են տանում, որ Լաչինի միջանցքով չենք կարողանում օգնություն ուղարկել, իսկ Թուրքիա կարողանում ենք փակ սահմանը բացել եւ ուղարկել։ Ձեր կարծիքով՝ այս զուգահեռները տեղի՞ն են, տրամաբանություն կա՞ սրա մեջ։

- Դե, տրամաբանական է, այո․  մենք չենք կարողանում Արցախին օգնություն ուղարկել, իսկ Թուրքիայում երկրաշարժի գոտի օգնություն ուղարկում ենք։ Արցախին էլ է մարդասիրական օգնություն պետք, չէ՞։ Մի դեպքում մարդասիրական օգնություն մեզ թույլ են տալիս տրամադրել, իսկ մյուս դեպքում բացարձակապես մերժում են, որ հասցնենք, ասենք, դեղորայք։