Որքանով են հավանական արտահերթ ընտրությունները եւ ինչ հետևանքների կհանգեցնեն

Որքանով են հավանական արտահերթ ընտրությունները եւ ինչ հետևանքների կհանգեցնեն

Արտահերթ ընտրություններ սովորաբար հայտարարվում են ներքաղաքական ճգնաժամերը հանգուցալուծելու նպատակով, ինչը հիմնականում տեղի է ունենում ընդդիմության ճնշման տակ, որի ժամանակ իշխանություններն ավելի քիչ հնարավորություն ունեն պարտադրելու իրենց համար ցանկալի զարգացումներ եւ արդյունք։ Երկրորդ տարբերակը՝ իշխանություններն իրենց շահերը սպասարկելու նպատակով, այն է՝ ցանկացած գնով վերարտադրվելու համար, հարմար պահի կարող են հայտարարել արտահերթ ընտրություններ։

Ինչը եւ արվեց 2021 թվականին։ Նիկոլը, որպես հիմնական ընդդիմություն եւ իրեն այլընտրանք, հանրությանը ներկայացրեց նախկիններին, միաժամանակ խոստացավ խաղաղություն՝ բերելով շարունակական պատերազմ, Արցախի հարցում խոստացավ «անջատում հանուն փրկության»՝ ամբողջությամբ Արցախը հանձնեցին թշնամուն եւ գլուխ են գովում արցախահայությանը տեղավորելու համար, ինչը հիմնավորում է այն, որ կառավարման ոչ պիտանի իշխանությունները նախապես իրազեկված են եղել Արցախը հայաթափելու թշնամիների ծրագրից եւ արել են հնարավորը, որպեսզի առանց խառնաշփոթի տեղավորեն, հակառակ պարագայում ՔՊ-ի իշխանազրկման հավանականությունը մեծ էր։ 

Առաջիկայում Նիկոլը կրկին գնալու է արտահերթ ընտրությունների, եւ նրա կողմից արդեն իսկ իրականացվում են կոնկրետ քայլեր, նույնիսկ սկսել է քարոզարշավը` մարզային այցերով, էժանագին ներկայացումներով, միաժամանակ նաեւ առաջ է մղում իրեն սպասարկող «կուսակցություններին»՝ Սերժ Սարգսյանի նման ամբողջապես ասպատակելով քաղաքական դաշտը։ Հընթացս հղում անելով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին, որպես «ծանրակշիռ փաստարկ», որ ընտրությունները չեն կեղծվելու, բայց քանի որ իրենց վարկանիշը սրընթաց գահավիժում է, իրենք անելու են այն ամենը, ինչի ականատեսն ենք եղել նախկինում, որովհետեւ նախկին բոլոր ընտրակեղծարարները` կրիմինալի մասնակցությամբ, ընդգրկված են ՔՊ-ի շարքերում կամ սպասարկում են նրանց։ Իշխանություններն օգտագործելու են անսպասելիության գործոնը, եւ պատահական չէ, որ ՔՊ-ականները հրահանգավորված հերքում են արտահերթ ընտրությունների մասին լուրերը։

Նիկոլն արտահերթ ընտրություններով քողարկելու ու սղղացնելու է իրենց նախկին բոլոր սուտ խոստումներն ու չիրականացված կամ ձախողված ծրագրերը՝ ներկայացնելով որպես պահանջվող ժամանակի բացակայություն արտահերթ ընտրությունների պատճառով, միաժամանակ նրանք հնարավորություն են ստանում ստերով, կեղծիքներով ու մանիպուլյատիվ ձեւերով նախընտրական «մասշտաբային ծրագրեր» ներկայացնել՝ վերջնարդյունքում թվանկարչությամբ արձանագրելով ՔՊ-ի «հաղթանակը» եւ կրկին բռնազավթելով իշխանությունը: Նաեւ արտաքին ուժերի ճնշման տակ շարունակելով պարտվողական հոգեվիճակը, քարոզելով, որ ի վիճակի չենք դիմակայել թշնամուն, եւ ոչնչացնելով ազգային ոգին ու արժանապատվությունը, տանելով նոր կորուստների ու աղետների, մասնավորապես՝ թշնամուն հանձնելով Զանգեզուրի միջանցքը, իսկ Հայաստանը մտցնելով միութենական պետության մեջ կամ տալով գուբերնիայի կարգավիճակ։

Մեր պետականության համար կործանարար ընթացքը կանխելու միակ ճանապարհն է՝ կանգնեցնել Նիկոլին եւ նիկոլիզմի «հաղթարշավը», իսկ դա հնարավոր կլինի երրորդ ուժի ձեւավորմամբ, որը վստահություն կներշնչի հանրությանը եւ դուրս կբերի մեզ թմբիրից՝ տեր դարձնելով մեր հայրենիքին։

ՀԳ․ Նիկոլը միայն մի դեպքում չի գնա արտահերթ ընտրությունների, եթե համոզված չլինի թվանկարչությամբ իր «հաղթանակի» արձանագրմանը։ Նա ընտրությունների կգնա կա՛մ այս տարվա վերջին, կա՛մ հաջորդ տարվա գարնանը։

Պետրոս Մակեյան