Փոխհատուցումների թվաբանությունը հանրության համար հասկանալի չէ, երկակի ստանդարտներ՝ «նախկինների» նկատմամբ

Փոխհատուցումների թվաբանությունը հանրության համար հասկանալի չէ, երկակի ստանդարտներ՝ «նախկինների» նկատմամբ

Քրեական հետապնդման ենթարկվող նախկիններից ոմանց մաքրում են որոշակի գումար վճարելուց հետո, մյուսներին մինչեւ վերջ պահում են բանտում, ոմանց դեպքում էլ հոժար կամքով արված փոխհատուցումները որեւէ ազդեցություն չեն ունենում նրանց ճակատագրի վրա։ Այդպես է գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքում։ Նրա մեղադրանքներից մեկն ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելն է։ Նա մոտ 10,5 մլն դոլար շուկայական արժեքով տարածք է նվիրաբերել՝ շենք-շինություններով, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է, թեեւ արդեն նրա ազատության պայմաններում։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասում է․ «Քանի որ Գրիգորյանն ուներ առողջության պահպանման խնդիր, առաջարկ էր արվում, որ այդ գումարներից մի բան էլ ավելի արժեքով գույք նվիրաբերենք, ու որ խափանման միջոցը փոխվի։ Այսինքն, սա հետապնդում էր զուտ մի նպատակ՝ ցույց տալ, որ եթե մարդը մեղավոր է, կա պատճառված վնաս, նա պատրաստակամ է հատուցել այդ վնասը։ Բայց պետք էր մեղադրանքն առաջադրել եւ այն արագ ուղարկել դատարան»։ Անհավանական է, բայց Մանվել Գրիգորյանի պատճառած վնասի չափը հաշվարկվել է այս պահին դատարաններում վիճարկվող հարկային ակտերի հիման վրա։ «Մեղադրանքը հասել է դատարան, բայց չվճարած հարկերի չափը հարկային տեսչության կազմած ակտերի հիման վրա է, իսկ այդ ակտերը, իրենց հերթին, դատարաններում վիճարկվում են, եւ ժամանակավրեպ է ասել, որ այդ գումարներն իրականությանը համապատասխանող գումարներ են»,- ասում է Արսեն Մկրտչյանը։ Նա պնդում է՝ իրավապահները պետք է սպասեին, մինչեւ որ հարկայինի ակտերը վիճարկվեին։ «Բայց, ըստ էության, իրավապահներն ունեին շտապելու խնդիր, թե կոռուպցիոներներից հետ ենք վերցնում նրանց ունեցվածքը»,- ասում է Արսեն Մկրտչյանը։

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլար է վերադարձվել պետական բյուջե: Այս մասին փետրվարի 13-ին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն ով ինչքան գումար է հետ տվել, ինչպես, ում կողմից է իրականացվել հասցված վնասի հատուցումը, ինչ ընթացակարգով են կատարվել փոխհատուցման գործողությունները, եւ ամենակարեւորը՝ ինչու է մի մասի դեպքում քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ մյուսներին դեռ պահում են բանտում, պարզ չէ։
Երրորդ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, Սաշիկ Սարգսյանը, նրա, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը հանրության համար հավասարապես «սիրելի» դեմքեր են, նույն չափով արատավորված իմիջ ունեն ու կոռուպցիոն համբավ։ Բայց Վաչագան Ղազարյանի, Սաշիկի հետ իշխանությունը գնացել է գործարքի, մաքրել է նրանց, իսկ Մանվելին, ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին, որը 2019 թվականի օգոստոսի 27-ից անազատության մեջ է, ոչ մի կերպ հանգիստ չեն թողնում։ Վերջինիս մեղսագրվում է, որ ՊԵԿ նախագահ եղած ժամանակ ունեցել է աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում նրանք աշխատանքի չեն գնացել։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Գագիկ Խաչատրյանից նախ ուզել են 50 մլն դոլար, որը նա վճարել է, հետո թիվը քառապատկվել է, հասնելով 200 մլն դոլարի։ Այս անգամ ՊԵԿ նախկին նախագահը մերժել է, վստահ չլինելով, որ հետագայում, այս նոր վճարումը կատարելուց հետո, իշխանությունը նոր դրույքաչափ չի սահմանի իր համար։

Պաշտոնական տվյալներով հայտնի է, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ ու եւս 6 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցման հիմքով: Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Բյուջեն ստացել է 2 միլիարդ 837 միլիոն դրամ: Սա հարկերի չվճարման հարկային ստուգումներով հաստատված չափն է։ Օրենքով, եթե անձը վճարում է չվճարված տույժերը, ազատվում է քրեական հետապնդումից։ Սա Քրեական օրենսգրքի խրախուսական նորմերից է։ Քննիչները, ինչ-ինչ հաշվարկից ելնելով, որոշել են այս չափը, եւ Վաչագան Ղազարյանն ընդունել է մեղքը։ Սակայն միշտ չէ գործարքը քննչական մարմինների հետ լինում թափանցիկ, ընկալելի հանրության համար։

Ալեքսանդր Սարգսյանի կողմից փոխհատուցված գումարը, ըստ շրջանառվող տեղեկությունների, կազմել է 54 մլն դոլար։ Նա փոխհատուցել է ոչ միայն իր, այլեւ, ըստ մամուլում տարածվող տվյալների, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  եւ այլոց կողմից պետությանը պատճառված վնասը: Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հերքում է այս տեղեկությունը։ «Կոնկրետ Գասպարյան Վովայի հետ կապված գործով այդքան չի փոխհատուցել։ Մամուլում ես էլ եմ նման թվեր հանդիպել, բայց տեղեկություն այդ մասով չեմ կարող տրամադրել»,- ասաց փաստաբանը։ Իսկ ճի՞շտ է, որ իր դեմ հարուցված գործով 54 մլն դոլար է փոխհատուցել։ «Ոչ, այդ գործով նման չափի գումար չկա»,- պատասխանեց Միհրան Պողոսյանը, սակայն հրաժարվեց գումարի իրական չափը հրապարակել։ Հիշեցնենք, որ ամռանը Սարգսյանների տանը խուզարկությամբ հայտնաբերված Մարտիրոս Սարյանի գծանկարների գործով Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է խարդախության մեջ։

Ով որքան գումար է փոխհատուցել, ինչպես է գոյացել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հնչեցրած թիվը՝ 105 մլն դոլար, փոխհատուցումների՞ արդյունքում, թե՞ նաեւ նվիրատվություններ են եղել բյուջեին, փակագծեր պաշտոնապես չեն բացվում։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նման համեմատություններն անթույլատրելի է համարում։ «Չի կարելի առանց մեղադրանքը, հանցակազմը հաշվի առնելու, նման համեմատություններ անել ու նույն տրամաբանությամբ դատողություններ անել։ Պետք է ուշադրություն դարձնել նրանց առաջադրված մեղադրանքներին, ու նաեւ այն, թե համապատասխան հոդվածները թույլ տալի՞ս են միայն վնասի վերականգնման բերումով կարճել, թե՞ ոչ»։ Ըստ խորհրդականի, գումար վճարելու դիմաց առանձին դեպքերում կարող է վարույթը կարճվել՝ քրդատ․ օրենքով սահմանված կարգով։ «Իսկ գումարի չափը, եթե դա քրեական գործի շրջանակում է, քննիչը չի որոշում սուբյեկտիվորեն, այլ քննությամբ ձեռք բերված ապացույցներով, փորձաքննություններով»։

Ամեն դեպքում, շատ իրավաչափ հարց են հնչեցնում իրավաբանները՝ մարդու մեղքն ու պատճառված վնասը կարող են ապացուցված համարվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, այլ ոչ թե քննիչների, անգամ փորձագետների որոշած չափով։ Եվ այս բոլոր որոշումները, որոնցով պետբյուջե գումարներ են վերադարձվում, կարող են հետո վիճարկվել Եվրադատարանում եւ հաղթել։