Տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով

Տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով
Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը շարունակում է ԱԺ դարպասներից ներս մտնել իր անձնական Maybach-ով, երեկ՝ ԱԺ հերթական նստաշրջանի առաջին օրը, դահլիճից դուրս գալուն պես, անմիջապես շրջապատվեց լրագրողներով։ Հիմնական թեման Ամուլսարն էր, որի վերաբերյալ նրա արտահայտած հիմնական միտքն այն էր, որ իրենք ժողովրդի կողքին են, եւ ժողովուրդն ինչ որոշի, այդպես պետք է լինի։ Պարոն Ծառուկյանի խոսքից, սակայն, հստակ չհստակցվեց՝ ժողովրդի որ մասն է, որ այս հարցում նրա համար ժողովուրդ է, եւ ինչ են անելու իրենք, եթե իշխանությունը հանկարծ որոշի ժողովրդի դեմ զորք եւ ոստիկան հանել՝  Ամուլսարը բացելու համար։ Այս հարցը հատկապես ակտուալ է դարձել Նիկոլ Փաշինյանի երեկվա «լայվից» հետո, երբ հորդորեց ջերմուկցիներին բացել ճանապարհը։ Բնականաբար, եթե հորդորին չանսան, գործի կդրվեն այլ գործիքներ։

Ամուլսարից զատ՝ ԲՀԿ ղեկավարին մենք մի քանի հարց էլ տնտեսությունից ուղղեցինք։ Հետաքրքրվեցինք, թե հարկային մարմինների հետ հարաբերություններն այժմ ինչպիսին են, էլի ստուգումներ իրականացնո՞ւմ են իր բիզնեսներում։ Հատկապես, որ տեղեկություն կար, թե վերջերս դարձյալ ՊԵԿ-ը մտել՝ լայնածավալ ստուգումներ է իրականացնում Ծառուկյանին պատկանող ընկերություններում։ «Ուրեմն, հարկայինի հետ ի՞նչ հարաբերություն պետք է լինի։ Գնացեք իմ կառավարիչներին հարցրեք, Ձեզ կտեղեկացնեն, ես հանձնել եմ կառավարման եւ էդ հարցերով իրավասու չեմ պատասխանել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը կարծում է, որ տնտեսական հեղափոխությունը հեշտ բան չէ․ «Վարչապետը ուզում ա անի, բայց միայն ասելով չի, պետք է էդ մարդուն աջակցեն, ամեն ոլորտ պետք է ղեկավարի էն մարդը, որ ղեկավարել է, որ ժողովուրդը տեսել է՝ էդ մարդը կարող է անել, մարդ եթե կյանքում գործ չի ունեցել էդ ոլորտի հետ, միայն դիպլոմն է, փորձ չի ունեցել, ո՞նց կարող է ոլորտը զարգացնել»։ Հարցին՝ տնտեսական հեղափոխությունը հեռո՞ւ է, թե՞ արդեն սկսվել է, ԲՀԿ առաջնորդն ասաց․ «Տնտեսական հեղափոխության ծրագիր չէր, եւ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով եւ այդ մոտեցմամբ»։

- Իսկ ինչո՞ւ չի կարող լինել։

- Էդ ծրագիրը, որը տված է, դա տնտեսական հեղափոխությունից 100 կմ-ով հեռու է։

- Դուք այլընտրանքային ծրագիր առաջարկե՞լ եք։

- Իհարկե, մենք վաղուց մեր ծրագիրն ենք ներկայացրել։ Ես ասել եմ՝ ցանկացած տնտեսագետ Հայաստանում, ով պատկերացնում ա, որ այդ ծրագրով, այդ մոտեցմամբ հնարավոր է տնտեսական հեղափոխություն՝ հնարավոր չի։

- Վարչապետի հետ քննարկե՞լ եք այդ հարցը։

- Մենք վարչապետի հետ կոալիցիա չենք, որ քննարկենք։ Մենք վարչապետի հետ հանդիպումներ ունենում ենք՝ քննարկելու համար, զարգացման համար, ներդրումների համար։ 
Բայց մենք գործընկեր չենք, կոալիցիա չենք, որ մենք համապատասխան ներկայացնենք, քննարկենք՝ որն ա արդյունավետ, որը կարող է փոփոխություն բերի, զարգացնի, ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնի։