Ջերմուկցիները վերադառնում են իրենց տներ

Ջերմուկցիները վերադառնում են իրենց տներ

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական ագրեսիայի և Ջերմուկի հրետակոծության հետևանքով քաղաքից հեռացած ջերմուկցիները վերադառնում են իրենց տները։ Այս մասին «Հրապարակի» ունեցած տեղեկությունը հաստատեց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ռազմական գործողությունների հետևանքով իրենց տների հեռացած ջերմուկցիները երբ են վերադառնալու քաղաք։

«Աստիճանաբար վերադառնում են»,- պատասխանեց Սարգսյանը։ Հարցրինք՝ երբվանի՞ց են սկսել վերադառնալ, փոխքաղաքապետը պատասխանեց. «Մանրամասները ես չգիտեմ։ Որոշները չեն գնացել, որոշներն էլ գնացել՝ վերադարձել են։ Այս խառը վիճակում նման հարցերին պատասխանելը դժվար է»։ Այն քաղաքացիները, որոնց տները հրետակոծության հետևանքով վնասվել են, նրանք ինչպե՞ս են վերադառնալու, համայնքապետարանը այդ հարցը քննարկե՞լ է, հարցրինք Սարգսյանին․  
«Այս հարցերի մասին հետագայում Վահագն Արսենյանի էջից կտեղեկանաք»,- պատասխանեց փոխքաղաքապետը` մեզ ուղղորդելով դեպի Ջերմուկի քաղաքապետի էջ։ Այսինքն՝ չկա՞ն դեռ ծրագրեր, դեռ որոշում չի՞ ընդունվել, թե՞ կան, բայց ինքը մանրամասներին տեղյակ չէ.

«Ես տեղյակ չեմ այս պահին, համ էլ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այդ հարցերին հետագայում կպատասխանենք»։ Հարցրինք նաև, թե գնահատվե՞լ է արդեն Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի կրած վնասի չափը, մե՞ծ է այդ վնասը, վերականգնելի՞ է. «Հարգելիս, թող օրը գա, կգնահատենք, որպեսզի կոնկրետ Ձեզ պատասխան տանք, Դուք տալիս եք հարցեր, որոնք դեռ գնահատված չեն»։ Իսկ իր գնահատականով, իր տպավորությամբ վնասներն ինչպիսի՞ն են՝ թեկուզ նախնական, ոչ ամբողջական վերլուծությամբ։ Փոխքաղաքապետը չցանկացավ կարծիք հայտնել. 
«Իմ կարծիքով չէ, հետագայում կգնահատվի, նոր կպատասխանենք»։ 

Թեմայի առնչությամբ փորձեցինք խոսել նաև Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որը վերջին օրերին Ջերմուկում էր գտնվում` քաղաքապետ Վահագն Արսենյանի կողքին։ Տրդատ Սարգսյանը հայտարարեց, որ «հարցազրույց չի տալիս» եւ խուսափեց մեր հարցերին պատասխանել։ Նրան ասացինք, որ քաղաքական բնույթի հարցեր չենք պատրաստվում տալ, այլ Ջերմուկին ու ջերմուկցիներին առնչվող, այսինքն՝ վախենալու կարիք չունի, սակայն Սարգսյանն ասաց, որ նման հարցերի էլ չի կարող պատասխանել։