Սա Հայաստան գալու, Հայաստանում հաստատվելու եւ Հայաստանի կողքին կանգնելու շրջադա՞րձ է արդյոք
Երկուշաբթի ավարտվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, որի մասին քիչ է ասել, թե աննախադեպ էր, քիչ է ասել, թե պատմական էր: Դրա մասին կգրվի դեռ ամիսներ, քանի որ այն նշանավորեց Ազգերի լիգայում Հայաստանի մանդատը ստանձնած երկրի` Ամերիկայի Միացյալ Նահանգների` թող որ հարյուր տարի ուշացումով, սակայն վերջապես Հայաստան գալու, Հայաստանում հաստատվելու եւ Հայաստանի կողքին կանգնելու վիզուալ շրջադարձը: Կարելի է միայն ենթադրել, թե որքան աղետներից կխուսափեր Մերձավոր Արեւելքը եւ հատկապես Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները, եթե 1920-ի Սեւրի դաշնագիրը կենսագործվեր, Հունաստանն ի զորու լիներ իր տարածքները պաշտպանել, տափաստաններից սերած Ռուսաստանն ու Թուրքիան երկկողմ հարձակումով չբռնազավթեին Հայաստանի տարածքները, 2021-ի ռուս-թուրքական պայմանագրով բռնազավթումը փաստի վերածվեր:
Սակայն որքան էլ սարսափելի եւ նողկալի լիներ ռուս-թուրքական ոճրագործությունը Սեւրի դաշնագրի եւ Հայաստանի հանդեպ, ավելի սարսափելին այն էր, թե ինչպես էին խորհրդային քարոզչությամբ հայերի ահռելի զանգվածներին մանկուրտի վերածել, որոնք Սեւրի դաշնագրի վիժեցման ու Արեւմտյան Հայաստանի տարածքների կորստյան թիվ մեկ պատասխանատու Ռուսաստանին ու ռուսներին բարեկամ երկիր ու ժողովուրդ են կոչում: Ռուսաստանը եւ ռուսները Հայաստանի համար բարեկամ են ճիշտ այնքան, որքան Թուրքիան եւ թուրքերը: Չկա տարբերություն ռուսների եւ թուրքերի միջեւ: Նրանցից ոչ մեկին պետք չէ թշնամի համարել, բայցեւ խոր բարոյազրկություն է նրանցից որեւէ մեկին բարեկամ կոչելը:
Մարկ Տվենը մի հրաշալի ասույթ ունի. «Բարբարոսները հավատում են միայն նրան, ինչ տեսնում են»: Որքան էլ ցավալի լինի, պետք է ընդունել, որ անկախ Հայաստանի 4000-ամյա փառահեղ պատմությունից, մարդկային քաղաքակրթության ակունքների հետ շփումներից` Աքքադիայից, Ասորեստանից ու Բաբելոնից մինչեւ Փյունիկիա, Հունաստան, Իսրայել, Եգիպտոս ու Մարաստան, Հռոմեական կայսրություն, Բյուզանդական կայսրություն ու այդպես շարունակ, միեւնույն է, հայության մի զգալի հատված մնացել է բարբարոս, ընդ որում՝ այնքան բարբարոս, որ մինչեւ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբերի, 2021-ի մայիսի եւ վերջին՝ 2022-ի սեպտեմբերի 13-15-ի իրադարձություններում Ռուսաստանի ուխտադրուժ վարքի ականատեսը չդարձավ, Ռուսաստանի ոչ բարեկամ լինելը չընկալեց: Թեեւ վախենամ` չընկալողներ հիմա էլ գոյություն ունեն:
Երկրորդ իրողությունը, որ բարբարոսության մակարդակից չբարձրացած ռուսոֆիլները Հայաստանում ի զորու չէին ընկալել, տրիվիալ ճշմարտությունն էր, որ ռուսների այլընտրանքը Հայաստանում քաղաքակիրթ աշխարհը, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն են, ոչ թե Թուրքիան: Մերօրյա ռուսոֆիլների աշխարհընկալումն այնքան է խեղված, որ մինչեւ ԱՄՆ պետական էսթաբլիշմենթի երրորդ պաշտոնյան` Ներկայացուցիչների պալատի խոսնակը չժամանեց Հայաստան, չկանգնեց Հայաստանի հողի վրա եւ չհայտարարեց, որ ԱՄՆ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին (ինչի շնորհիվ երկու օրում ռազմական բախումները կանգնեցվեցին, ոչ թե 44 օր տեւեցին), չընկալեցին, որ Ռուսաստանի հեռանալով Թուրքիան չի հաստատվում Հայաստանում, այլ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն, Ռուսաստանի այլընտրանքը Թուրքիան չէ, այլ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն:
Բոլորն էլ գիտակցում են, որ ԱՄՆ-ի այդքան բարձր հայտարարված եւ տեսանելի ցուցադրված մուտքը Հայաստան, որի արդյունքում, ասենք, Ռեջեփ Թայիփ Էրդողանը պոչն իրեն քաշեց եւ գռմռալով, թե «Ադրբեջանը ՀՀ-ի հետ սահմանին ռազմական գործողությունն ավարտել է, ուստի կարիք չկա դրան անդրադառնալ», մի կողմ չքվեց, Հայաստանի ապիկար իշխանությունների ջանքերի արդյունքը կամ ձեռքբերումը չէ:
ԱՄՆ-ի` Հայաստանի կողքին եւ հեռանկարում Հայաստանի հողի վրա կանգնելու հարցում եթե կան անձինք եւ իրադարձություններ, որ դեր են կատարել, ապա առաջին հերթին դա մի քանի միջազգային չարագործներն էին` ISIS-ը, Ռեջեփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը: Նախ՝ ISIS-ը, որի կրոնական ծայրահեղականությունը եւ տարածման արագությունը ցույց տվեցին, որ քրիստոնեական Եվրոպան պետք է պաշտպանել, իսկ քրիստոնեական Եվրոպայի մի ֆորպոստը Հայաստանն է, մյուսը` Հունաստանը:
Էրդողանը ցույց տվեց, թե որքան վտանգավոր, հավակնոտ եւ անհուսալի կարող է լինել Թուրքիան, հետեւաբար՝ այդ երկիրը պետք է սանձահարվի, տնտեսապես փլուզվի եւ աշխարհագրորեն օղակի մեջ վերցվի այնպես, որ մտքով երբեւէ այլեւս չանցնի a-la-erdoghan ռազմական արկածախնդրությունների դիմել կամ ազդեցություն տարածելու փորձեր անել: Էրդողանի օրումեջ հնչող ձայնարկությունները Հունաստանի հասցեին գալիս են այնտեղից, որ Թուրքիան տեսնում է, թե ինչպես է ԱՄՆ-ն Հունաստանը դարձնում Մերձավոր Արեւելքում իր հիմնական հենարանը` Թուրքիայի փոխարեն:
Հունաստանի Ալեքսանդրապոլիս նավահանգիստը (Թրակիայի նահանգում, համարյա Թուրքիայի հետ սահմանին) արդեն մի քանի տարի կառուցապատվում եւ վերազինվում էր Միջերկրական ծովից Սեւ ծով ցամաքային ճանապարհ գործարկելու համար, որպեսզի շրջանցվեն Բոսֆոր-Դարդանելի նեղուցները, քանի դեռ դրանք Թուրքիայի հսկողության ներքո են: Եվ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո հենց Ալեքսանդրապոլիսը դարձավ տարանցիկ նավահանգիստը, ուր ԱՄՆ-ից նավերով հասնում են զենքերը` HIMARS համակարգերից մինչեւ արկեր ու փամփուշտներ, այնուհետ ցամաքով Ուկրաինա տեղափոխվելու համար (ասում են՝ միջինը օրական 3 հազար կտոր ուղեբեռ): Այլեւս չնշենք պարբերաբար աշխուժացող խոսակցություններն ու կոչերը ամերիկյան գլխավոր ռազմաբազան Ինջիրլիքից Հունաստան տեղափոխելու մասին, ինչը շատ տրամաբանական կլինի, մանավանդ այն բանից հետո, երբ 2021-ին կնքվեց եւ 2022-ին վավերացվեց ԱՄՆ-ի եւ Հունաստանի միջեւ վաղուց գործող մի համաձայնագրի նոր հավելված, որը նախատեսում է համատեղ պաշտպանություն Հունաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ արտաքին որեւէ ոտնձգության դեպքում: Ի տես այն հանգամանքի, որ Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ պարբերաբար բարբաջում է Էրդողանը, իհարկե, բարբաջանքը հազիվ թե երբեւէ գործողության վերածվի, բայց վերածվելու դեպքում կստացվի, որ ԱՄՆ-ն Թուրքիային տեխնիկապես կարող է հարվածել նաեւ հենց Թուրքիայի տարածքից:
Ամեն դեպքում, Էրդողանի ցնորամտությունները եւ հավակնությունները՝ Թուրքիայի տարածքից դուրս որեւէ ազդեցության հասնելու, անհրաժեշտ դարձրին, որ ԱՄՆ-ն ձեռնամուխ լինի նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը բացելուն, առաջին հերթին` երրորդ երկրների համար, ինչով կհաստատվի ամերիկյան էֆեկտիվ ներկայություն Միջերկրական ծովից Հայաստան, ապա Վրաստան եւ Սեւ ծով աղեղով: Հենց Հայաստանի համար ուրվագծվող՝ դեպի Միջերկրական ծով ելքի, անվտանգության ու բարգավաճման այս հեռանկարից է Իլհամ Ալիեւը ցնցումների մեջ ընկնում եւ, մեծ հավանականությամբ, վերջին ագրեսիայով իբր այդ զարգացմանն էր փորձում խոչընդոտել: Արդյունքում ԱՄՆ-ից այնպիսի զգուշացում ստացավ, որ մնաց տեղում՝ դա բացատրելով նրանով, թե իբր «ՀՀ սահմանին ռազմական գործողությունն» ավարտել է: Գուցե ետին թվով այժմ հասկացել է, որ այն առհասարակ չպետք է սկսեր:
Վերջապես՝ երրորդ գործոնը, որն անհրաժեշտ դարձրեց, որ ԱՄՆ-ն կանգնի Հայաստանի կողքին` անկասկած, Վլադիմիր Պուտինն է: Ամենքն էլ գիտակցում են, որ քանի դեռ Պուտինը պատերազմական ճահճի մեջ է խրվել եւ ինքնաոչնչանում է Ուկրաինայում, արժե ՆԱՏՕ-ի ներկայությունը հաստատել ե՛ւ Ուկրաինայից հյուսիս, ե՛ւ հարավ` պաշտպանության տակ առնելով ողջ քաղաքակիրթ ու քրիստոնեական Եվրոպան:
Կարծիքներ