Անգործ ուսուցիչներին թողնենք մի կողմ, բա սերո՞ւնդը

Անգործ ուսուցիչներին թողնենք մի կողմ, բա սերո՞ւնդը

Նախօրեին «Պարադիգմա կրթական հիմնադրամի» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաեւ դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերման որոշմանը՝ միաժամանակ նշելով, որ սրա հետ կապված՝ աշխատանքային փակ հանդիպում-քննարկումներ են ունեցել եկեղեցու ներկայացուցիչների հետ, եւ եկեղեցու ու նախարարության միջեւ առկա է սերտ համագործակցություն։

Հաջորդիվ պարզ դարձավ, որ Մայր Աթոռի կողմից ոչ միայն չկա հավանություն, այլ նաեւ համագործակցություն այս հարցի շրջանակներում: Ըստ էության, դեռ անցած տարվանից, երբ սկսվեց շրջանառվել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու հարցը, եկեղեցին իր դիրքորոշումը հայտնեց` համարելով դա անընդունելի եւ ոչ կառուցողական մոտեցում: Այս անգամ եւս, փոխնախարարի հայտարարությունից հետո եղան տարբեր գնահատականներ, օրինակ՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ձեզանից շաաաաատ առաջ` 5-րդ դարում, որը, ի դեպ, ՈՍԿԵ ԴԱՐ ենք անվանում, Հազկերտը նամակով պահանջեց, որ ուրանանք մեր Հավատքը եւ Եկեղեցին, այդ պահանջն ուղեկցվում էր բազմաթիվ սպառնալիքներով, բայց մեր ազգը չընկրկեց, այլ առավել միաբանված պատասխան գրեց` ՉՈՒՆԵՆՔ ԱՅԼ ՀԱՅՐ, ԲԱՑԻ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆԻՑ, ԵՎ ԱՅԼ ՄԱՅՐ, ԲԱՑԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԵՐ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՑ։ Հազկերտն այդ պահանջով Տիզբոնից գրեց, իսկ այսօր նոր Հազկերտը ԿԳՄՍ-ից է գրում. մեր պատասխանը չի փոխվել, այն նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Մնում է դուք կողմնորոշվեք, թե Տղմուտ գետի որ ափից եք կռվելու»: 

Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Սոնա Մկրտչյանը չի կարծում, որ հնարավոր է հայոց եկեղեցու պատմության ծրագիրը միացնել «Հայոց պատմություն» առարկային ու այդ ամենը դասավանդել մի առարկայի շրջանակներում։ «Միանշանակ կարող եմ ասել, որ հնարավոր չէ այդ ծավալի ծրագիրը միացնել հայոց պատմության առարկայի ծրագրին»,-ասում է նա ու նշում, որ առարկան անցնում են 2-9-րդ դասարաններում, շաբաթական մեկ ժամ` բոլոր դասարաններում. «2-7-ում անցնում են բուն եկեղեցու պատմությանն առնչվող ծրագիրը, իսկ 8-9-րդ դասարանի ծրագրերը, այո, պետք է փոխվեն, որովհետեւ ամբողջը պատմություն է: Եվ նախարարությունը հիմնվում է հենց այս երկու` 8-9-րդ դասարանների ծրագրի վրա՝ ասելով, որ նույն պատմությունն է, նույն առարկան: Այո, մենք էլ ենք համաձայն, եւ պետք է այդ ծրագիրը փոխվի, բայց առարկան երբեք չպետք է հանել դպրոցից: Ինչո՞ւ․ նախ՝ առարկան, կոչվելով «Հայոց եկեղեցու պատմություն», իրականում իր մեջ քրիստոնեական դաստիարակություն է ներառում, այսինքն՝ այն, ինչ պատմության ուսուցիչը չի կարող տալ։ Դա նշանակում է՝ մենք դաստիարակում, կրթում ենք հայեցի եւ քրիստոնյա մարդու, որը հիմնվում է ազգասիրության, հայրենասիրության այդ արժեհամակարգի վրա»: 

Թե մասնավորապես ինչ են ուսուցանում եկեղեցու պատմության շրջանակներում, Ս. Մկրտչյանն ասաց. «Օրինակ 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում ունենք շատ լավ ալբոմներ, որոնք նկարազարդում ենք, անցնում ենք փոքր պատմություններ` աստվածաշնչյան թեմաներով: Նաեւ ներառվում են մարդկային հարաբերությունները` երեխաների սերը բնության, ընտանիքի, ծնողների նկատմամբ: Մի խոսքով, այն բարոյական արժեքները, որ ունենք: Իսկ 5-րդ դասարանում անցնում ենք հին կտակարանի պատմություններ, ծանոթանում աստվածաշնչյան որոշ թեմաների, ինչպես նաեւ՝ նոր կտակարանից Քրիստոսի կյանքին ու փորձություններին, որն էլի առնչվում է մարդկային հարաբերություններին: Հենց այնպես կրոն չենք անցնում կամ քրիստոնեություն: Մենք հիմնականում անդրադառնում ենք մարդ-մարդ, մարդ-Աստված հարաբերություններին: Այսինքն՝ այս առարկայի արդյունքում դաստիարակվում է ազնիվ, խելացի, գրագետ, հայրենասեր, ծնողասեր երիտասարդ: Իսկ 8-9-րդ դասարաններում հիմնականում հայոց պատմություն է, որի առիթով մենք բազմիցս դիմել ենք դեռ Կրթության ազգային ինստիտուտին` բացատրելով, ասելով, որ այդ ծրագրի մեջ պետք է ներառվի ոչ թե պատմություն (թող պատմությունը ներառվի հայոց պատմության մեջ), այլ այս դասարաններում խորացված պետք է անցնել բարոյագիտություն՝ թե ինչ է սերը, հայրենիքը, ազնվությունը, բարությունը, կյանքը, այսինքն՝ բաներ, որ մեր երեխաները պետք է իմանան մինչեւ դպրոցն ավարտելը»: 

Այս ամենի մասին, մյուս առարկաների շրջանակներում, երեխաները չե՞ն ծանոթանում։ Սոնա Մկրտչյանը նշում է՝ ծանոթանում են, բայց խորապես չեն առնչվում. «Բացատրեմ, թե ինչու. այն մարդը, որ դասավանդում է եկեղեցու պատմություն, պետք է կապված լինի եկեղեցու հետ, իսկ հայոց պատմության ուսուցիչը քանի՞ անգամ է պատարագին մասնակցել, ի՞նչ գիտի պատարագի, ժամերգության տարբերությունների մասին: Չէ՞ որ մենք Էջմիածնին կից վերապատրաստվել, սովորել ենք 3 տարի, այդ առարկաներից քննություն ենք հանձնել, այդ թվում` հին ու նոր կտակարաններից: Դրանից հետո՝ էլի անընդհատ վերապատրաստումներ, ընթերցանություններ, այսինքն՝ մենք վերապատրաստված ենք որպես կրոնի ուսուցիչներ»:

Ստացվում է՝ պետությունն ահռելի ֆինանսական եւ մարդկային ռեսուրս է ներդրել մի գործում, որն այժմ ուզում են զրոյացնե՞լ: Այս առումով Ս. Մկրտչյանը նկատում է` այն, որ այս որոշման հետեւանքով բազմաթիվ ուսուցիչներ կմնան անգործ, դա հարցի մեկ այլ կողմն է. «Անգործ մնալը, իհարկե, վատ է, որը, սակայն, հարցի մի կողմն է, բայց երբ երեխան դպրոցում այլեւս չի անցնելու այս առարկան եւ չի իմանալու, որ կա Աստված, ով տեսնում է իր ամեն մի քայլը, որ Աստված սիրում է մարդուն, որ ամեն մի դժվարություն կարող է հաղթահարել Աստծով` վատ է: Եթե այս ամենը չիմանա, ո՞ւր է գնալու մեր սերունդը: Անգործ ուսուցիչներին թողնենք մի կողմ, բա սերո՞ւնդը, մեր երեխանե՞րը»:

Ուսուցչուհին պատրաստվում է իր հիմնավորումները նամակի տեսքով ուղարկել նախարարին, իսկ ինչ վերաբերում է փակ քննարկումներին, ապա ինքը կամ ուսուցչական հանրույթն ինչքանո՞վ են դրանց մասնակից։ Մկրտչյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, եւ եթե լիներ քննարկում, ապա հրավերը՝ որպես մասնագետի, իրե՛ն պետք է ուղարկեին, որովհետեւ ինքն է դպրոցի հայոց եկեղեցու պատմության միակ ուսուցիչը։ «Ես մեծ սիրով կգնայի եւ կպաշտպանեի իմ թեզերը,- ասում է Սոնա Մկրտչյանը, ով շուրջ 15 տարի այս առարկան դասավանդում է դպրոցում։- Երբ մի անգամ ասացի` երեխաներ, ուզում են առարկան հանել, դուք տեսնեիք, թե ոնց բոյկոտեցին այդ որոշումը, անգամ 6-րդ դասարանի մի երեխա ասաց` ես չեմ ուզում, որ իմ երեխան գա դպրոց ու այս ամենի մասին չիմանա, պատկերացնո՞ւմ եք՝ 6-րդ դասարանի երեխան: Չեք պատկերացնի, թե երեխաներն ինչքան են սիրում այս առարկան, գալիս ասում են` չի՞ լինի ամեն օր անցնենք այս առարկան»: 

Ուսուցչուհին ընդգծում է` առարկայի նկատմամբ ծնողների գոհունակությունը նույնպես դրական ցուցիչ է. «Ծնողները գալիս պատմում են, թե ծնողասիրության դասից հետո երեխաներն ինչպես են փոխվել, որոշներն իրենց սխալների համար եկել ներողություն են խնդրել ծնողներից: Այսինքն՝ շատ կարեւոր է ընտանիք-պետություն-եկեղեցի այս հարաբերությունները դպրոցի միջոցով ամրացնելը»: