Ինչո՞ւ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը չի միացել Խաչատուրովին աջակցելու կոչին

Ինչո՞ւ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը չի միացել Խաչատուրովին աջակցելու կոչին

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնության կոչ-հայտարարությամբ այսօր հանդես են եկել  «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունն ու «Պահեստազորի սպաների» շարժումը: Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի օրվա իշխանությունները հրապարակային խոստովանում են, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը շատ բարձր է, միաժամանակ հայտարարելով, որ իրենք չեն կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, և նման պայմաններում նրանք շարունակում են ուղղակիորեն թիրախավորել զինվորականներին։

Ասվում է նաև, որ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ օրվա իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող իրավապահ համակարգի կողմից հարուցվեց շինծու քրեական գործ և մարտի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանի որոշմամբ Գրիգորի Խաչատուրովը կալանավորվեց: Այսպիսով` գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը կոչով դիմում է Հայաստանի քաղաքացիներին, մտավորականությանը, զինվորականներին, հասարակական և քաղաքական գործիչներին, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին՝ պահանջել իշխանություններից դադարեցնել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նշված է, որ սույն հայտարարությունը բաց է միանալու համար: Մեզ հետաքրքրեց, թե օրինակ ինչու ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն չի միացել այս հայտարարությանը:

Միքայել Համբարձումյանը «Հրապարակի» այն հարցին, թե ինչո՞ւ չեն միացել այս հայտարարություն-կոչին, ի՞նչն է պատճառն, ասաց. «Ես ոչինչ ասել չեմ կարող այդ մասին, ես հիմա ՀԿ-ում չեմ, սակայն կարող եմ ասել, որ այնտեղ միայն ես չեմ, կա տնօրեն, կան այլ անդամներ, ես այդ հայտարարությանն անգամ ծանոթ չեմ և ոչինչ չեմ կարող ասել: Էդ ՀԿ-ում միայն հո ես չեմ, կան այլ խորհրդի անդամներ, ես ֆիզիկապես չեմ առնչվում», - նշեց նա:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Համբարձումյանն ի՞նչ կարծիք ունի Խաչատուրովին կալանքի տակ պահելու իշխանական ճիգերին, վերջինս նշեց, որ այդ մասին չի ցանկանում խոսել: