Ովքեր են շահագրգռված, որ Լաչինի միջանցքը փակ մնա

Ովքեր են շահագրգռված, որ Լաչինի միջանցքը փակ մնա

Արդեն 103-րդ օրն է, սակայն Լաչինի միջանցքն այդպես էլ չի բացվում: Թե աշխարհից, Հայաստանից ու Արցախից մինչ այսօր ինչ միջամտություններ են եղել այդ միջանցքի բացման հարցով, ավելորդ է անգամ խոսելը, քանզի դրանց մասին շատ է գրվել եւ խոսվել: Դրանց գագաթնակետը փետրվարի 22-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռն էր, որն Ադրբեջանից հստակորեն պահանջում էր անհապաղ՝ րոպե առաջ, բացել միջանցքը, որպեսզի կանխվի հումանիտար աղետը: Սակայն, զարմանալիորեն, Ադրբեջանն արհամարհեց նաեւ այդ վճիռը եւ մինչ այսօր փակ է պահում միջանցքը: 

Ավելին՝ Ադրբեջանը կարծես միտք էլ չունի երբեւէ այն բացելու: Հասկանալի է, որ այդ դատարանն իրավասու չէ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եւ եթե հաշվի առնենք նաեւ այն, թե այդ վճռից հետո էլ քանի երկրներ են Ադրբեջանին հորդորել՝ կատարելու այդ վճիռը, ապա առավել զարմանալի է,  որ առայսօր այդ հորդորները մնացել են ձայն բարբառո հանապատի: Ադրբեջանը ո՛չ վախ ունի միջազգային հանրությունից, ո՛չ ամոթի ու հումանիզմի զգացում եւ սառնասրտորեն փակ է պահում միջանցքը (ինչպես ասում են` կարծես գելի սիրտ է կերել): Ի՞նչ է սա իրականում` ինքնուրույն եւ անվախ քաղաքականությո՞ւն, սեփական նպատակներին հասնելու կա՞մք, թե՞ աշխարհին արհամարհելու սառնասրտություն եւ վայրի բարբարոսություն 21-րդ դարում: Իսկ գուցե խնդիրները խորությամբ հասկանալու անկարողությո՞ւն: Ամեն դեպքում, մենք` հայերս, պետք է սրա շուրջ լրջորեն խորհած լինեինք եւ սին հույսեր չփայփայեինք: 

Եթե Էրդողանն ու Ալիեւը պարզ բաներ չեն հասկանում, որ այդ պահվածքի պատճառով բազմաթիվ երկրների հետ փչացնում են հարաբերությունները, իջեցնում իրենց միջազգային վարկանիշը, ուրեմն այդ քայլին գնալու համար կան այլ, ավելի կարեւոր պատճառներ: Ավելի կարեւոր, քան այդ երկրների հետ հարաբերությունների որոշակի վատթարացումն է, այլապես չէին գնա նման քայլի: 

Մեկ այլ տարբերակ էլ է տրամաբանական. ուրեմն կա երկիր կամ երկրներ, որոնք քողարկված խրախուսում են Ադրբեջանի այս պահվածքը, բարձրաձայն մի բան են ասում, ներքին օգտագործման ժամանակ՝ այլ բան: Եվ ցանկանում են, որ ստեղծված վիճակը նույնկերպ շարունակվի, եւ նրանք էլ տոն են տալիս այս իրավիճակին: Եվ բացառված չէ, որ անգամ պարտադրում են չբացել միջանցքը, որովհետեւ այդ իրավիճակը գուցե նաեւ քաղաքական այլ խնդիրների լուծման է ծառայում: Թուրք-ադրբեջանական տանդեմի այս պահվածքն այլ եզրահանգումների տեղիք չի տալիս: 
Եթե վերը նշվածի մեջ կա տրամաբանություն, ապա փորձենք վեր հանել, թե որ երկրները կարող են լինել դրանք: Տեսականորեն, իհարկե, բոլոր երկրներն էլ կարող էին այդ դերն ստանձնել, սակայն պետք է փնտրել այն երկիրը, որն իրական շահեր ունի այս հարցում: Բացասման եւ բացառման տրամաբանությունից ելնելով, ինքս կանգ եմ առել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի վրա: Ինչո՞ւ: Նախ,  այս երկու երկրները կարծես գործում են որպես սիամական զույգ, քանզի նրանք համարյա մշտապես առաջնորդվում են համատեղ շահերով, եւ այդ շահերը հիմնականում համընկնում են: Ի՞նչ շահի մասին է խոսքը: Չմոռանանք, որ միջանցքի փակման ակցիան սկսել է բնապահպանական շարժման անվան տակ, որը մեկնաբանում էին հետեւյալ կերպ. քանի որ Ադրբեջանը համապատասխան պայմանագրով Արցախի ոսկու եւ այլ հանքերի շահագործման լիցենզիան հատկացրել է մեծբրիտանական կազմակերպությունների:

Եթե սրան հավելենք նաեւ այն, որ Մեծ Բրիտանիան նավթային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում, ապա այս երկրի շահագրգռությունն առավել առարկայական է դառնում: Եվ հայաթափված Արցախն էլ ձեռնտու է մեծբրիտանական տարբեր շրջանակների, որոնք անարգել կժամանեն Հարավային Կովկաս եւ հանքեր կշահագործեն, Ադրբեջանի հետ համատեղ ֆինանսական եւ այլ ծրագրեր կիրականացնեն: ԱՄՆ-ի շահագրգռությունն ավելի քաղաքական է եւ ավելի շոշափելի. Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու միակ տարբերակը նրան Արցախից դուրս մղելն է, եւ դրանում ԱՄՆ-ն լիարժեք պաշտպանում է ադրբեջանական քաղաքականությունը: Եթե դրա միակ ճանապարհն Արցախից հայության դուրսմղումն է, Արցախի հայաթափումը, ապա ուրեմն պետք է գնալ այդ ճանապարհով: Այս երկրները զերծ չմնացին Վրաստանում պատերազմին աջակցելուց եւ Վրաստանին պատկանող Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի կորստից, զերծ չմնացին ռուս-ուկրաինական հակամարտությունը թեժացնելուց` Ղրիմի, Դոնբասի կորստյան գնով, ինչո՞ւ պետք է նրանց համար թանկ լինի Արցախը, եւ ուզենան, որ այն հայկական մնա: Այնպես որ, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի շահագրգռությունը` Լաչինի միջանցքը փակ մնալու հետ կապված, շատ ավելի տրամաբանական է: 

Եվ եթե վաղը հարց ծագի` Հայաստանի լինել-չլինելու հետ կապված, այս գերտերությունները դեմ չեն լինի, որ Հայաստանը վերանա` Ռուսաստանին Կովկասից վռնդելու գնով:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ