Հոսանքի ֆիզիկականն է լավը
Հիշո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի ձեռքերի անկանոն շարժումները, երբ միտինգներից մեկի ժամանակ միկրոֆոնը հոսանքահարեց նրան: Մինչ օրս էլ, մոտենալով ԱԺ ամբիոնի միկրոֆոններին, նա սկզբում մատի ծայրով թեթեւակի դիպչում է դրանց, համոզվում, որ հոսանք չկա, եւ հետո միայն սկսում միկրոֆոնները ծռմռել ու հարմարեցնել իրեն: Սրանից կարելի է հետեւություն անել, որ անգամ անհետեւանք հոսանքահարումը բավականին դրական ազդեցություն է ունենում մարդու ուղեղի վրա: Իշխանական շրջանակներում հոսանքահարումները, սակայն, տարբեր տեսակի են լինում, եւ բոլոր տեսակները չէ, որ բարերար ազդեցություն են ունենում այդ շրջանակների մարդկանց ուղեղի աշխատանքի վրա: Նաեւ մեծ նշանակություն ունի, թե իշխանական որ էշելոնի ներկայացուցիչ է տվյալ մարդը: Ներքեւի օղակների վրա, օրինակ, մի բիրդան նախարարի՝ ֆինանսական, տնտեսական կամ գիտամշակութային ճյուղի պատկանող, հոսանքահարումը լրիվ հակառակ էֆեկտ է ունենում: Նրանք լիքը էշություններ են թույլ տալիս իրենց ու հոսանքահարվում գրեթե ամեն քայլափոխի: Բայց դրանից հետո սկսում են ավելի մեծ էշություններ անել, եւ այդպես շարունակ: Կոնկրետ անուններ չտամ: Բոլորդ էլ հրաշալի ճանաչում եք մեր այն նախարարներին, որոնք Նիկոլի օրոք արդեն հասցրել են նախկին նախարար կոչվել: Եվ պատկերացրեք՝ նախկին նախարարի «պաշտոնի» թեկնածուներն էլ քիչ չեն: Ուղղակի չեմ թվարկում, որ չասեն՝ էդ նավոդկա ե՞ս տալիս:
Իշխանական այս էշելոնին են պատկանում նաեւ ԱԺ ՔՊ-շնիկ պատգամավորները, որոնց աշխատավարձերը հավասարեցված են նախարարների աշխատավարձին: Ասել է թե՝ ՔՊ-շնիկ պատգամավորներն էլ հատուկ վերաբերմունք չունեն հոսանքահարության հանդեպ: Դե հիմա հոսանք է, խփեց՝ խփեց: Շարունակում են էշություններ դուրս տալ: Բավական չէ տեղից կամ ԱԺ ամբիոնից են էշություններ դուրս տալիս, մի հատ էլ միջանցքում՝ լրագրողների մոտ են փայլում իրենց մտքի ծանծաղությամբ:
Իշխանության համեմատաբար ավելի բարձր էշելոններում կանգնածները պատգամավորներից ու շարքային նախարարներից ավելի զգուշավոր են հոսանքահարվելու հարցերում: Այստեղ արդեն մեծ նշանակություն ունի հոսանքի տեսակը՝ քաղաքական, իրավական, գաղափարական… Այս էշելոնում, որ գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, ամենաազդեցիկ հոսանքահարումը, սակայն, ֆիզիկականն է: Նրանք շատ կտրուկ են արձագանքում դրան՝ վեր-վեր են թռչում, ձեռքերը թափահարում… Նրանց հետ ինչ ասես՝ կարող է պատահել այդ պահին․ հիշողությունը թարմանալ, գույնը գցել, տակն անել եւ այլն: Փոխարենը իշխանական վերին էշելոնները հակամարմիններ ունեն քաղաքական, իրավական եւ նույնիսկ գաղափարական հոսանքահարումների դեմ: Երբեմն թվում է՝ ոչինչ չեն զգում: Բերեմ ամենաթարմ օրինակները: Գաղտնիք չէ, որ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը, դառնալով ԲԴԽ նախագահ, վերջերս տեղափոխվեց իշխանության վերին էշելոն: Եթե նոր պաշտոնում նրան գոնե մեկ անգամ ֆիզիկական հոսանք խփեր, նա գուցե բոլորովին այլ մարդ դառնար: Բայց քանի որ նման բան չի եղել, նա դեռ հոգեբանորեն մնացել է նախարարների էշելոնում եւ շարունակում է ՔՊ-ական նախարարների գիծը, այն է, ներողություն, էշություններ անել: Ողջ իրավական համայնքը բորբոքվել է, ամեն տեղ իր անունն են տալիս, բայց Կարեն Անդրեասյանի տանձին չէ: Նա իր աշխատանքային օրն սկսում է Փաշինյանի նկարի հետ շփվելով եւ պառկում է քնելու՝ Փաշինյանի նկարի հետ շփվելուց հետո: Սա փաստ է, որ ինքն է խոստովանել: Ավաղ, իշխանական բարձր էշելոն տեղափոխվելուց հետո ֆիզիկապես չհոսանքահարվեց նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը: Սա իր նոր պաշտոնում, այն է՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, նշանակություն չտալով այն հանգամանքին, որ իրեն նախարար եղած ժամանակ խայտառակել էին սփյուռքում, վեր կացավ ու մեկնեց ԱՄՆ: Վերջավորությունը բոլորդ գիտեք, բայց ասեմ, որ այս վերջին այցելության ժամանակ սփյուռքահայ երիտասարդների նախկին բացականչություններին ավելացավ նաեւ «թուրքեր» բացականչությունը:
Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է ասեմ, որ նրա վրա շարունակում է ազդել միտինգի ժամանակ ստացած էլեկտրաշոկը՝ հոսանքահարումը: Մի փոքր ավելի ուշադիր եղեք եւ կտեսնեք, թե նա ինչպես է մոտենում ԱԺ միկրոֆոններին: Իսկ այն, թե ինչպես է արձագանքում մնացած բոլոր տեսակի հոսանքահարումներին, խիստ բնորոշ է իր ղեկավարած վերին էշելոնների մյուս ներկայացուցիչների պահվածքին: Վերջին շրջանում Մոսկվայից, խիստ անհանգստացած, քանիցս հոսանքահարեցին նրան, իսկ նրա պետքն էլ չէ: Հիշեք՝ ՀԱՊԿ-ի պահով հոսանքահարեցին, իր տարածքները հետ բերելու համար Ադրբեջանին գովաբանելու տեսքով հոսանքահարեցին, ասացին` Արցախն Ադրբեջան չէ, որ ինքնին հոսանքահարում էր նշանակում… Դու ասա՝ Նիկոլն աչքը ճպպացրե՞ց: Բնավ, երբեք: Ընդհակառակը… Հիմա էլ միացել է Պուտինին բռնելու արշավին: Ի դեպ՝ սրա համար էլ են Մոսկվայից հոսանքահարել, այն էլ՝ տարբեր տեսանկյուններից՝ իրավականից սկսած, Հայաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներով վերջացրած: Մոսկվայից հայոց լեզվով ասում են՝ Պուտինին բռնելու արշավին միանալը ձեզ շատ վատ տեղ կտանի… Բայց Նիկոլի տանձի՞ն է: Միայն թե միկրոֆոնից չհոսանքահարվի, իսկ մնացածը Հայաստանի ու հայաստանցիների խնդիրն է:
Կարծիքներ