Նիկոլ Փաշինյանը վերածվում է հայաստանյան Իդի Ամինի

Նիկոլ Փաշինյանը վերածվում է հայաստանյան Իդի Ամինի

Այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Փաշինյանը «Հայաստան» ասելով՝ նկատի ունի իրեն եւ իր իշխանության մի խումբ ներկայացուցիչներին, քանի որ ռուսական ռազմական ներկայությունն իսկապես սպառնալիք է գործող իշխանության եւ նրա ներկայացուցիչների համար: Հայաստանի իշխանությունն իր անընդհատ ավելացող հակառուսական հռետորաբանության արդյունքում վերածվել է Ռուսաստանի ազգային անվտանգության սպառնալիքի, եւ եթե Փաշինյանն ուզում է Հայաստանն ազատել ռուսական ռազմական ներկայությունից՝ չեզոքացնելու անձնական անվտանգության այդ սպառնալիքը, նույն տրամաբանությամբ Ռուսաստանը կարող է գործողություն սկսել՝ իր ազգային անվտանգությանը սպառնացող Հայաստանի իշխանությունից ազատվելու համար: Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու հիմնավորումներից մեկն էլ Վլադիմիր Զելենսկու, ռուսական կողմի բնորոշմամբ, նացիոնալիստական եւ հակառուսական իշխանության հեռացումն է: Հարյուր հազարավոր ուկրաինացիներ զոհվում են ոչ միայն իրենց երկրի ամբողջականությունը պաշտպանելու համար, այլեւ դառնալով Զելենսկու հակառուսական քաղաքականության զոհը:

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելուց հետո խորհրդարանի ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հայտարարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան գալու դեպքում պետք է կալանավորվի: Չենք դադարում կրկնել, որ Փաշինյանի շրջապատում տիրում է խիստ գրաքննություն, եւ որեւէ պատգամավոր կամ նախարար իրավունք չունի ունենալ, հետեւաբար եւ՝ արտահայտել սեփական կարծիք: Հենց այդ պատճառով իշխանության ներկայացուցիչների արտահայտած մտքերը երբեւէ չեն հերքվում, որովհետեւ դրանք նախապես թելադրված են Փաշինյանի կողմից եւ արտահայտում են նրա դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ:

Մի պահ պատկերացրեք, որ Ռուսաստանի նախագահը ժամանել է Հայաստան, եւ Փաշինյանն իր ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին հրահանգում է կալանավորել Վլադիմիր Պուտինին: Ենթադրենք՝ ԱԱԾ-ի կամ ոստիկանության ներկայացուցիչները ժամանում են օդանավակայան, որ հենց օդանավից իջնելուց հետո ձեռնաշղթաներ անցկացնեն Ռուսաստանի նախագահի ձեռքերին եւ նրան հանձնեն միջազգային քրեական դատարանին: Սակայն, ամենայն հավանականությամբ, ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ ԱԱԾ-ի որեւէ ներկայացուցիչ չի համարձակվի գնալ օդանավակայան եւ կատարել այդ գործողությունը՝ մտահոգված լինելով անձնական անվտանգության մասին։ Այդ դեպքում Փաշինյանը նույն հրամանը կտա գեներալ Գագիկ Մելքոնյանին: Ենթադրենք, որ նա միայնակ կարողանա կալանավորել Վլադիմիր Պուտինին: Ի՞նչ կարող է տեղի ունենալ դրանից հետո: 

Ի տարբերություն Հայաստանի, որտեղ Սահմանադրությունն այնպես է գրված, որ հնարավոր չէ հասկանալ, թե ով է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, քանի որ տարբեր իրավիճակներում տարբեր անձինք են, Ռուսաստանում երկրի նախագահը համարվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, անկախ նրանից՝ պատերազմ է, թե խաղաղություն: Ռուսաստանի զինված ուժերը գտնվում են գերագույն գլխավոր հրամանատարի ենթակայության եւ հրամանի տակ, այդ թվում եւ՝ Հայաստանում գտնվող զինված ուժերը: Եթե կամ երբ Հայաստանի իշխանությունը կամ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հրաման տա Գագիկ Մելքոնյանին՝ գնալ եւ օդանավակայանում կալանավորել Վլադիմիր Պուտինին, ենթադրվում է, որ Հայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերն էլ հրաման են ստանալու՝ պաշտպանել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին: Արդյոք Գագիկ Մելքոնյանը պատրա՞ստ է միայնակ կռվել Ռուսաստանի՝ Հայաստանում գտնվող զինված ուժերի դեմ, թե՞ կարող է օգնության կանչել Վիգեն Խաչատրյանին եւ Պուտինի կալանավորման հարցում նախանձախնդիր այլ ՔՊ-ական պատգամավորների՝ դժվար է ասել: Բայց որ մենամարտը բավական դրամատիկ եւ հետաքրքիր կլինի, դրանում կասկած չկա: Այս պահին դժվար է կանխատեսել, թե կողմերից որ մեկը հաղթանակի կհասնի, եւ, ի վերջո, ով ում կկալանավորի, բայց Հայաստանում գտնվող եվրոպացի դիտորդները կարձանագրեն Հայաստանի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի փաստը եւ կնախաձեռնեն հակառուսական սանկցիաների 11-րդ փաթեթը: Եթե Գագիկ Մելքոնյանը հաղթի այդ պատմական ճակատամարտում, բնական է, որ կկալանավորի ՌԴ նախագահին, իսկ ռուսական զորքերը կփախչեն Հայաստանից: Պարտությունը բացառվում է, քանի որ ինչ էլ որ պատահի, Փաշինյանը կհայտարարի՝ եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք ճանաչում:

Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա ակնհայտ է, որ Փաշինյանը եւ նրա իշխանությունը, իրենց անհեթեթ ու անլուրջ քաղաքականությամբ, Հայաստանը վերածում են ծաղրի առարկայի, մի երկրի, որին հնարավոր չէ լուրջ ընդունել եւ նրա հետ լրջորեն ինչ-որ թեմայից խոսել: Գուցե նպատակն էլ հենց դա է: Փաշինյանը հետեւողականորեն նմանվում է Ուգանդայի նախկին բռնակալ Իդի Ամինին, ով 1975 թվականին մամուլի ասուլիս հրավիրեց եւ պատերազմ հայտարարեց Միացյալ Նահանգներին, իսկ հաջորդ օրը հայտարարեց իր հաղթանակի մասին, քանի որ Միացյալ Նահանգներն այնքան վախկոտ ու փոքրոգի գտնվեցին, որ արհամարհեցին հայտարարված պատերազմը եւ ոչ մի կերպ չարձագանքեցին: Ի դեպ, Ամինը եւս անկիրթ պոպուլիստ էր, ով անձամբ գլխատել է երկրի 2 հազար քաղաքացիների, որոնց մի մասին կերել է: Թերեւս Հայաստանում եւս իրադարձությունները կարող են զարգանալ նույն սցենարով:

Ավետիս Բաբաջանյան