«Հրապարակ». Մաքսայինում փորձում են արգելակել ապրանքների զուգահեռ արտահանումները դեպի ՌԴ

«Հրապարակ». Մաքսայինում փորձում են արգելակել ապրանքների զուգահեռ արտահանումները դեպի ՌԴ

Արդեն մոտ երկու շաբաթ է՝ մաքսայինը խոչընդոտներ է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տարբեր սարքավորումներ, կենցաղային, համակարգչային տեխնիկա եւ IT ոլորտին առնչվող ապրանքներ են տանում Ռուսաստան։ Մեզ լուրեր են հասել, որ գործարարներից լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում, քաշքշուկ ստեղծում սահմանի վրա, եւ արդյունքում արտահանումը խիստ նվազել է։ Մեր հարցերին պատասխանելով՝ արտահանմամբ զբաղվող գործարարը նշեց, որ խոսքը ոչ «սանկցիոն» ապրանքների մասին չէ, որոնք Ռուսաստան տանելն արգելված է։ «Հասարակ սարքավորումներ՝ պրինտերներ եւ այլ բաներ, չեն մաքսազերծում՝ պահանջելով համապատասխանության ռուսական սերտիֆիկատ։ Հասկանալի է, որ եթե մարդը Հայաստանից ապրանքը տանում է Ռուսաստան, այդ թուղթը նա չունի։ Պետք է գնա, գա, որ բերի»։ Այսինքն՝ արհեստական խոչընդոտնե՞ր են ստեղծում։ «Ցանկացած լրացուցիչ փաստաթուղթը կարելի է համարել խոչընդոտ։ Բայց թե ինչով է դա պայմանավորված, չեմ կարող ասել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ վերջին շաբաթներին շատերն են բախվել այս խնդրին։  

ՊԵԿ-ից պատասխանում են, որ Ռուսաստան արտահանման ընթացակարգը չի փոխվել․ «Որեւէ  օրենսդրական փոփոխություն չկա գործող կանոնակարգերում»։ Բայցեւայնպես, լուրեր են տարածվում, որ դեպի Ռուսաստան զուգահեռ մատակարարումները սահմանափակելու հրահանգ կա Արեւմուտքից, որ ԱՄՆ եւ այլ արեւմտյան դեսպանատներ ամենօրյա ռեժիմով «բացատրական», իսկ ավելի ճիշտ՝ սթափեցնող աշխատանքներ են տանում ՀՀ համապատասխան պաշտոնյաների հետ, որ արգելեն զուգահեռ մատակարարումները դեպի «ագրեսոր» Ռուսաստան։ Սա սանկցիաների խստացման եւ Ռուսաստանի շուրջ օղակն ավելի սեղմելու մարտավարության շրջանակներում է արվում:

Ինչ է զուգահեռ մատակարարումը. դա մի սխեմա է, որը թույլ է տալիս երրորդ երկրներից ներմուծել ապրանքներ, առանց արտադրողի թույլտվության եւ շրջանցելով պաշտոնական դիստրիբյուտորներին ու դիլերներին։ Դրանց միջոցով Ռուսաստանն արդեն մոտ մեկ տարի է՝ լրացնում է  Արեւմուտքի սանկցիաների հետեւանքով իր շուկայից հեռացած հարյուրավոր արտասահմանյան ապրանքների դեֆիցիտը։ Հայաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Բելառուսից Ռուսաստան էին գնում եվրոպական ապրանքներ, որոնք արտադրվել են արեւմտյան երկրներում: Արդյունքում այս երկրները եւս շահում էին՝ ավելացնելով իրենց ապրանքաշրջանառությունը, պետական բյուջե լրացուցիչ գումարներ էին հոսում։ Հասկանալի է, որ արեւմտյան այս նոր հրահանգը հարվածելու է արտահանող երկրների տնտեսությանը, այդ թվում՝ Հայաստանի։ Իսկ որ հրահանգ կա, ոչ ոք չի կասկածում։ 

Բայդենի ադմինիստրացիան վերջերս նույնիսկ փաստաթուղթ է հրապարակել, որով ենթադրվում է կոշտ պայքար սկսել Ռուսաստանին օգնող միջնորդ երկրների դեմ։ Փաստաթղթում հիմնական խնդրահարույց կետերն են համարվում Չինաստանը, Հայաստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։ 

Ամերիկյան «Բլումբերգ» պարբերականը նույնիսկ հաշվարկել է, որ 2022 թվականին մի քանի ամսում Հայաստանը եվրոպական երկրներից ավելի շատ լվացքի մեքենաներ է գնել, քան  2021 եւ 2020 թվականներին, իսկ Ղազախստանը՝ երեք անգամ ավելի սառնարաններ, քան 2021 թվականին։ Ինչը նշանակում է, որ այս ապրանքները զուգահեռ մատակարարման սխեմայով հայտնվել են ռուսաստանյան շուկայում: Այս ցուցանիշները տարածվեցին արեւմտյան ԶԼՄ-ներով։ Ըստ «Բլումբերգի», Ղազախստանը, օրինակ, մեկ տարում 6 անգամ ավելացրել է էլեկտրական կաթակթիչների ներմուծումը, չնայած ծնունդները երկրում պակասել են։ Սա նշանակում է, որ կենցաղային տեխնիկան իրականում տանում են Ռուսաստան։ Արեւմուտքը փորձեր է անում ներգործել այս երկրների վրա։ Թուրքիայի ուղղությամբ է ճնշումներ գործադրում։ Ապրիլի 1-ից Ղազախստանն է սկսում հաշվառել երկիր մտնող եւ դուրս եկող ապրանքները, ինչը նույնպես հակառուսական քայլ է։  

Ի՞նչ տեղեկություն ունի այս ամենի մասին ռուսական կողմը, եւ ինչպե՞ս կազդեն ռուսական շուկայի վրա զուգահեռ ներմուծումների կրճատումները Ղազախստանից եւ Հայաստանից։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասում է, որ առայժմ այս հարցերին հնարավոր չէ պատասխանել, քանի որ չկան փաստեր։ «Մեզ լուրեր են հասնում, որ տեղի իշխանություններն ամերիկացիների ճնշումների տակ նման քայլեր են ձեռնարկում, բայց Ռուսաստանում սա առայժմ անհանգստություն չի առաջացնում։ Առայժմ սա տեղական իշխանությունների վրա ճնշումների մակարդակի է։ Ամերիկացիները փորձում են հեռացնել նրանց Ռուսաստանից։ Թուրքերի դեպքում չի ստացվում, թուրքերը դիմադրում են։ Տեսնենք, թե ինչպես  կարձագանքեն Հայաստանն ու Ղազախստանը»։ Տուժելո՞ւ է ռուսական շուկան, թե՞ ոչ՝ նա դժվարացավ ասել, քանի որ դեռ չի տեսնում «ֆակտուրա, որը կարելի է վերլուծել»։  «Կան խոսքեր, հայտարարություններ, լուրեր, բայց առայժմ մենք դեռ նեգատիվ չենք տեսնում»,- ասաց նա։

Այսպիսով, Հայաստանին լավ օրեր չեն սպասվում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, քանի որ արեւմտյան հրահանգներին տրվելով՝ Ռուսաստանի հետ նոր լարվածությունն անխուսափելի է։ Էլ չենք խոսում բյուջե հոսող գումարների նվազման մասին: Գումարներ, որոնցով վերջին տարիներին այդքան հպարտանում է գործող իշխանությունը, եւ որոնք բացառապես Ռուսաստանի դեմ ուղղված սանկցիաներով են պայմանավորված: