Բաքվում այնքան միամիտ չեն, որպեսզի բաց խոսեն Արցախում նախագահական ընտրությունների մասին

 Բաքվում այնքան միամիտ չեն, որպեսզի բաց խոսեն Արցախում նախագահական ընտրությունների մասին

«Եթե Ադրբեջանում չեն ցանկանում, որ Մասիս Մայիլյանն Արցախի նախագահ ընտրվի, ուրեմն նա պետք է ընտրվի»- կարդում եմ ֆեյսբուքում:  Նախ, սույն գրառման հեղինակն ի՞նչ աղբյուրից է տեղեկացել, որ Ադրբեջանում չեն ուզում, որ Մայիլյանն Արցախի նախագահ ընտրվի: Ինքս ամենժամյա ռեժիմով հետեւում եմ ադրբեջանական լրատվամիջոցներին եւ այդ թեմայով որեւէ հրապարակման չեմ հանդիպել:

Միայն «Թուրանը» եւ minval.az-ն են արտատարածել հայկական մամուլի տեղեկությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը հինգ տարով արգելափակել է Մայիլյանի մուտքը:

Մեկնաբանություններ չեն արվել: Բաքվում, ինչ խոսք, այնքան միամիտ չեն, որպեսզի բաց խոսեն Արցախում նախագահական ընտրությունների մասին: Նրանք տեսք են անում, որ դա իրենց չի հետաքրքրում, բայց ներքին քննարկումներ, ամենայն հավանականությամբ, արվում են: Եւ եթե ծագեր դրանք հրապարակայնացնելու անհրաժեշտություն, ապա, ըստ քարոզչական պատերազմի կանոնների, նրանք իրենց համար անցանկալի թեկնածուին պետք է որ դրական ներկայացնեին: Այն տրամաբանությամբ, որ եթե իրենք գովում են, ապա արցախցիները հակառակը կանեն: Իսկ եթե Բաքուն հրապարակային մերժում է Մայիլյանին, ուրեմն պետք է եզրակացնել, որ սպասում է այլ էֆեկտի՝ որ արցախցիները հենց նրան կընտրեն: Քարոզչական պատերազմի օրենքով ստացվում է, որ այդ դեպքում Ադրբեջանի նախընտրած թեկնածուն հենց Մայիլյա՞նն է: Եթե, կրկնեմ, իրոք ադրբեջանցիները նրա դեմ քարոզչություն են անում:  Շատ կուզենայի, որ մեջբերված գրառումը միայն հեղինակի քաղտեխնոլոգիական «գյուտը» լիներ, ոչ թե՝ Մայիլյանի նախընտրական շտաբի նոու-հաուն, որովհետեւ այդ դեպքում կստացվի, որ նա կարմիր գիծ է հատում: Արցախի ներքաղաքական կյանքում շատ հեռավոր 1991թվականից հետո երբեք Ադրբեջանի համար ցանկալի-ոչ ցանկալի առաջնորդի թեմա չի արծարծվել: Եւ չպետք է արծարծվի: Ամեն ինչ պետք է կառուցվի մի հիմքով՝ նախագահի բոլոր թեկնածուներն էլ Արցախի ապագայի իրենց տեսլականն ունեն, եւ թող մրցակցեն նրանց ծրագրերը: Բանավեճից պետք է բացառել Ադրբեջանի հետաքրքրության թեման: