Չե՞ք ուզում իմանալ՝ ի՞նչ սանիկ է, իսկ ամուսնու անունը իմանա՞լ․ ռեկտորը՝ նշանակումների մասին

 Չե՞ք ուզում իմանալ՝ ի՞նչ սանիկ է, իսկ ամուսնու անունը իմանա՞լ․ ռեկտորը՝ նշանակումների մասին

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը երեկ պրոռեկտորներ է նշանակել․ ճշգրիտ եւ բնագիտական մասնագիտություններ գծով պրոռեկտորն է Ռաֆայել Բարխուդարյանը, համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորը՝ Արթուր Իսրայելյանը, իսկ ավելի վաղ ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանը նշանակվել էր հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր։ Բանն այն է, որ Ասրիյանը Գեւորգյանի սանիկն է, իսկ Բարխուդարյանն էլ, ըստ լուրերի, Գեւորգյանի ասպիրանտն է։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի հետ նշանակումների վերաբերյալ «ջերմ զրույց» ունեցանք․ նա պատասխանեց մեր, մենք էլ՝ իր հարցերին։ 

- Ի՞նչ սկզբունքով են նշանակումներն արվել, ի՞նչն է հաշվի առնվել։

- Ձեզ ի՞նչ սկզբունքով են գործի ընդունել։

- Դե, երեւի լավ եմ գրում։

- Իրենք էլ երեւի լավ կաշխատեն։
 
- Լուրեր հրապարակվեցին, որ Ասրիյանը Ձեր սանիկն է, ի՞նչ կասեք։

- Շուտ է հրապարակվել, եւ նա չի ժխտել։

- Դա դեր խաղացե՞լ է, որ իրեն նշանակեք։

- Ոչ։

- Բարխուդարյանն էլ Ձեր ասպիրանտն է եղել, դա նո՞ւյնպես կապ չունի։

- Իսկ ո՞վ է ասել, որ Բարխուդարյանն իմ ասպիրանտն է։

- Լուրեր են պտտվում։

- Լուրեր շատ կան, բայց նա իմ ասպիրանտը չի եղել։

- Պարոն Գեւորգյան, ի վերջո, այս փոփոխություններն ինչի՞ համար էին, նպատակը ո՞րն էր։

- Փոփոխությունների նպատակը, ընդհանրապես, ի՞նչն է լինում։

- Ես չգիտեմ, Ձեզ եմ հարցնում։

- Ամեն բան չեն հարցնում, աշխատանքային ընթացք է։

- Հին կադրերն ինչո՞վ էին վատը, ինչո՞վ էին զիջում նորերին։

- Կոնկրետ ո՞ր կադրի մասին է խոսքը։

- Մենուա Սողոմոնյանը, օրինակ։

- Նա էդքան էլ հին չի, 1-2 ամիս է եղել պրոռեկտոր։

- Իսկ մյուսները, օրինակ՝ Ռուբեն Մարկոսյանը։

- Մարկոսյանի հաստիքը լուծարվել է։

- Դա գիտենք, ուզում ենք հասկանալ, թե որն էր նպատակը այդ հաստիքը լուծարելու ու նոր հաստիք ձեւավորելու։

- Դա մի քանի ամիս առաջվա հարց է։ Այդ լուրերը դուք էիք գրել, որ իմ ասպիրանտն է, եթե ես ասեմ՝ իմ ասպիրանտն է եղել, նրա ղեկավարը կնեղանա, ակադեմիկոս Անրի Ներսիսյանի ասպիրանտն է եղել։ Բայց դա ի՞նչ կարեւոր է, թե ում ասպիրանտն է եղել, համենայնդեպս, ինչ-որ մեկի ասպիրանտը եղել է, դրա մեջ ի՞նչ կա։

- Կարեւոր է, քանի որ հնարավոր է, որ «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով նշանակած լինեք։ Մենք իրավունք ունենք հարցնելու։

- Իրավունք ունեք, շատ բանի իրավունք ունեք։ Իրավունք ունեք հարցնելու՝ այս պահին ես նստա՞ծ եմ խոսում, թե՞ կանգնած, բայց հարցի մեջ պիտի իմաստ լինի։ Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ որեւէ մեկըն անծանոթ մարդուն կնշանակի՞ իրեն անմիջական ենթակա։

- Այդ մարդու ունակությունները հաշվի առնելով՝ կարող է։

- Բայց պիտի ծանոթանան, չէ՞։

- Բայց Ասրիյանը պարզապես Ձեր ծանոթը չէ, սանիկն է։

- Ես դա երբեւէ ժխտե՞լ եմ, բա ի՞նչ կա, ուրեմն դրա մեջ արտառոց բան չկա։ Իսկ չե՞ք ուզում իմանալ՝ ի՞նչ սանիկ՝ կնունքի՞ սանիկ, թե՞ հարսանիքի։

- Իհարկե՝ ուզում ենք։

- Բա ուզում եք ու չեք հարցնում, ինչո՞ւ եք զսպում։

- Հարցերին սիրալիր չեք պատասխանում, կաշկանդվում եմ։

- Հիմա հարցնո՞ւմ եք, թե՞ չեք հարցնում։

- Հարցնում եմ։

- Հարսանիքի քավորն եմ եղել։ Իսկ ամուսնու անունը չե՞ք ուզում իմանալ։

- Ոչ, ամուսնու անունը հետաքրքիր չէ։

- Վա՜յ, եղավ, լավ։