Ինչպես Սերժ Սարգսյանը հեռացավ դատական նիստերի դահլիճից․ տեսանյութ

Ինչպես Սերժ Սարգսյանը հեռացավ դատական նիստերի դահլիճից․ տեսանյութ

Ինչպես արդեն հայտնի է այսօր Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստն էր։ Նիստին պաշտպանական կողմը բացարկ հայտնեց մեղադրող Արսեն Մարտիրոսյանին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի վաղը։

Նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը մոտեցավ ամբաստանյալներից Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, ձեռքով հաջողություն մաղթեց, ապա նիստերի դահլիճից հեռացավ դատավորի համար նախատեսված դռնով։ Մյուս ամբաստանյալները դուրս եկան գլխավոր մուտքով։
Նշենք, որ նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: