«Արման Սահակյանն առնչություն չունի Տարոն Մարգարյանի գործողությունների հետ»

«Արման Սահակյանն առնչություն չունի Տարոն Մարգարյանի գործողությունների հետ»

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նա մեղադրյալ է ներգրավվել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործով։ Այս գործը, մեկ բառով ասած՝ վերաբերում է նրան, որ ենթադրաբար Տ․Մարգարյանը համայնքի հողատարածքներից անհիմն կերպով տարածք է նվազեցրել՝ այն ցածր գնով, աճուրդի միջոցով իր մերձավորներին վաճառելու նպատակով։

Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանի խոսքով՝ դա նոր գործ չէ, մեղադրանքը եղել է 6 եւ ավելի ամիս առաջ․ «Այդ կապակցությամբ այն ժամանակ որեւէ հաղորդագրություն չտարածեցին ի զարմանս ինձ։ Արման Սահակյանը մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է, չպատճառաբանված եւ որեւէ հիմք չունի, գումարած դրան՝ որոշակիություն չկա, չենք հասկանում՝ Արման Սահակյանը կոնկրետ ինչ է արել, որի արդյունքում հետեւանքներ են առաջացել։ Զավեշտի նմանվող մեղադրանք է»։

Հարցին, թե նա Տարոն Մարգարյանի գործողությունների հետ ի՞նչ առնչություն ունի, պաշտպանը պատասխանեց՝ ոչ մի․ «Տեսեք, Արման Սահակյանը զբաղեցրել է  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  պետի պաշտոնը, Տարոն Մարգարյանը եղել է Երեւանի քաղաքապետը կամ տեղակալը, իրենք ի պաշտոնե լրիվ այլ գործառույթներ, լիազորություններ ունեն»։

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանին եւս մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նա այն չի ընդունում։