Առաջնահերթ կազմակերպվելու խնդիր ունենք

Առաջնահերթ կազմակերպվելու խնդիր ունենք

«Մենք մի բանի պակաս ունենք սահմանում՝ կնոջ, որ ամեն օր գար, խրամատում խոսեր մեզ վրա, ու հենց մենակ դրանից, որ խոսացող չլիներ մեզ վրա, մենք առաջ կգնայինք։ Կնոջ մուննաթը գիտե՞ք ինչ է, էն, որ ուզում ես տնից դուրս գաս ու փախնես»,- իմ տված «լուրջ» հարցին նույնքան լուրջ, բայց հումորով պատասխանում է «Սիսական» ջոկատի անդամ, գեղանկարիչ Աշոտ Ավագյանը, ով առաջնագծից կարճ ժամանակով վերադարձել է տուն՝ Սիսիան։  

«Մենք 92-ին էս նույն վիճակում արդեն եղել ենք, ես կասեի՝ ավելի վատ վիճակում, երբ Լաչինը փակվում էր երկու կողմից։ Հիմա էլ փորձելու են մի կողմից փակել, մեզ մնում է միայն կազմակերպվել, այսօր առաջնահերթ կազմակերպվելու խնդիր ունենք։ Օրինակ, անցած պատերազմների ժամանակ մենք ավելի կազմակերպված էինք, քան իրենք, իսկ այն, որ նրանք ԱԹՍ ունեն եւ այլն, եւ այլն, դա, իհարկե, շատ կարեւոր է, բայց շատ որոշիչ չէ, որովհետեւ այդ ԱԹՍ-ն էլ մի օր վերջանում է։ Ամենակարեւորը կարգապահությունն է, բառադիությանը պետք է վերջ տալ ամեն տեղ։ Այս վիճակում էլ կարելի է դեռ իրավիճակը փրկել, կարող է շատ լավատես եմ, բայց էլի եմ ասում՝ 92-ին ավելի վատ վիճակում ենք եղել։ Հիմա երկու կողմից չեն կարող Լաչինը փակել, Քելբաջարը մերն է, իսկ դա նշանակում է, որ հիմա ավելի հեշտ է դիմագրավելը, քան 92-ին էր»,-ասում է արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած նկարիչ ազատամարտիկն ու ընդգծում, որ կարգապահությունից բացի նաեւ համախմբվածության կարիք կա, որը, ի տարբերություն թիկունքի, ճակատում առկա է։

«Կոնսոլիդացիայի խնդիր կա, բայց ճակատում տղերքը սա չեն զգում, որովհետեւ իրենք արդեն կոնսոլիդացված են։ Այդ կոնսոլիդացիան թիկունքում պետք է լինի։ Ժամանակին կոնսոլիդացիայի նման մի օրինակ էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանին բերեց որպես Պնախարար, եւ սկսվեց մեր հաղթարշավը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը տարբեր ճամբարներում էին։ Այսինքն՝ անհատները կարեւոր նշանակություն ունեն այս ամենի մեջ։ Այդ առումով Վազգեն Մանուկյանը պատահական մարդ չէ, ով, ի դեպ, նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ, եւ որի շուրջ արժե մտածել, բայց նայում ես Ֆեյսբուքը, տեսնում ես՝ խայտառակ բաներ են գրում էդ մարդու հասցեին, փոխարենը նստեն ու մտածեն, այդ թվում՝ իշխանությունները, որովհետեւ հիմա փաստն այն է, որ թշնամին եկել-հասել է այստեղ, ու դու ոչինչ չես կարողանում անել,- ասում է Ա․ Ավագյանն ու ընդգծում, որ 20-30 տարի շարունակ Ադրբեջանում հայատյացության քարոզ են արել։- Իսկ մեզ մոտ սողալով խաղաղության գաղափարն են առաջ տարել, երկխոսություններ ձեռնարկել, հետո եկան սորոս-մորոս, իսկ 92-ին նման բան չկար, մենք գիտեինք, որ մեր թշնամին 100 տարի առաջ ինչ եղել է, այն է։ Մենք այդ դաստիարակության կրողն էինք»։

Համեմատելով արցախյան 3 պատերազմները՝ Ավագյանը նշում է՝ նրանք, ովքեր առաջին պատերազմը չեն տեսել, չեն կարող համեմատություն անել․ «Իրականում, հիմա ավելի սարսափելի է, նրանք մի քանի անգամ ավելի ուժեղ են, ավելի կազմակերպված, բայց, գուցե շատ ռոմանտիկ բան եմ ասում, եթե մեր կողմից լինի մաքսիմալ կազմակերպվածություն, մենք հողը պահող ենք, տղերքը կանգնած են։ Մենք էլի ուժեղ ենք, հարցը դա չէ, այլ այն, որ մենք չէինք նախապատրաստվել, 25-30 տարի շարունակ գլուխներս գովացել ենք՝ ամենաուժեղ բանակն ենք, մնացել ենք այդ տրամաբանության մեջ, բայց նրանք աշխատել են դրա դեմ։ Նրանք 30 տարի շարունակ պատրաստվել են, իսկ մենք 30 տարի շարունակ նստել ենք մեր դափնիների վրա ու դրան գումարած՝ անընդհատ խաղաղության մասին ենք խոսել։ Ամեն քեֆ-ուրախության ժամանակ կենացներ ենք ասել՝ թող պատերազմ չլինի․․․, ո՜նց կարա նման բան լինի, եթե ուզում ես, որ խաղաղություն լինի, պետք է պատրաստվես պատերազմի, իսկ այստեղ բոլորս ենք մեղավոր։ Էսօրվա անհաջողությունները, մեծ հաշվով, դրա հետեւանքն են, բայց իրավիճակը կարելի է փրկել, քաղաքական իշխանությունների կամքն է պետք եւ կոնսոլիդացիա»։     

Իրականությունը ճակատում եւ թիկունքում բոլորովին այլ է․ Ավագյանն ընդգծում է՝ ճակատում պինդ են, որովհետեւ չգիտեն, թե թիկունքում ինչ են խոսում․ «18 տարեկան տղերքը, որ ինֆորմացիա չունեն, թե վարչապետն ինչ ասաց իր լայվի ընթացքում, կամ Ֆեյսբուքում ինչ գրեցին եւ այլն, եւ այլն, նրանք ամուր կանգնած են, հենց էս Ֆեյսբուքը հասավ առաջին գիծ, համը դուրս կգա, բայց մինչեւ հիմա բարոյահոգեբանական մթնոլորտը շատ բարձր է առաջնագծում, հատկապես՝ 18 տարեկանների մոտ։ Կամավորների հետ նախկինում աշխատանք չէր տարվել, օրինակ՝ թե ով է էն տղեն, որ ռմբակոծությունից չի վախենա, սոված մնալուց չի նեղվի։ Ճակատ մեկնելուց առաջ պետք էր կամավորների հետ աշխատանք տարվեր՝ հասկանալու համար նման պարզ ու կարեւոր բաները, գուցե նրանցից շատերը կարող էին ավելի օգտակար լինել նաեւ թիկունքում, որովհետեւ «խուճապ» ասվածը տարածվելու սովորություն ունի, անգամ ամենակարգին, ուժեղ տղեն խուճապի մեջ է ընկնում, երբ կողքինը փախնում է»։

Թե ռեալ ինչ հույսեր կարող ենք կապել միջազգային հանրության հետ, Ավագյանը հարցադրումը բաժանում է 2 մասի՝ քեզնից դուրս եւ քո ներսում․ «Դու ինչ կարաս անես՝ արա քո ուժերի առավելագույն չափով, այնպես, որ փաստի առաջ կանգնեցնես քեզնից դուրս գտնվող երկու կողմին էլ, որ իրենք գան ու ընկերության հայտ ներկայացնեն քեզ, իսկ սա մեծախոսություն չէ․ պահում ես, կանգնում ես՝ քեզ սկսում են հարգել, չէ՝ չէ։ Խոշոր գերտերությունների համար այսօր մենք մանրադրամ ենք, նրանցից ամեն մեկն ուզում է այստեղ ամրապնդել իր դիրքերը։ Եվ կա մեր խնդիրը, որ այս տարածքները ոչ մեկին չպետք է տանք։ Հիմա եթե այս երկու խնդիրները համընկնում են, շատ լավ է, եթե չեն համընկնում, նստես սպասես, թե Թրամփն ինչ է ասում, այն դեպքում, երբ դու պետք է ինքնակազմակերպվես, դա առնվազն հիմարություն է։ Խնդիրն այստեղ սա է, որ եթե դու մանրադրամ ես, այս իրավիճակում կարողանո՞ւմ ես քո կշիռը պահել, թե՞ ոչ, որովհետեւ գաղափարաբանությունը կարող է փոխվել մշակույթների հակադրության, որն առայժմ դավանաբանական տարբերություններով է սահմանափակվում»։