Համախմբող ճշմարտությունը

Համախմբող ճշմարտությունը

Քաղաքագիտությունը հուշում է, որ ժամանակակից աշխարհում հասարակություններն ապրում են տեղեկատվական գերակայությունների մի փուլում, որը նրանց բնորոշում է «տեղեկատվական հասարակություն» տերմինով։ Դա բնականոն փուլային անցում է հետարդյունաբերական հասարակությունից։ Տեղեկատվությունը հասարակության, առանձին անհատների՝ քաղաքացիների այն կարեւորագույն զենքն է, որով նրանք ապահովում են իրենց բնական գոյավիճակը եւ բնականոն զարգացումը, կազմակերպում իրենց առօրյա կեցությունը, ուրվագծում ապագան։

Սակայն այսօր մեր քաղաքացուց այդ զենքը մասամբ առնված է՝ պայմանավորված ռազմական դրությամբ եւ պատերազմական իրավիճակով։ Բոլոր այն կառույցները (լրատվամիջոցներ եւ սոցիալական հարթակներ), որոնցով ստեղծվում եւ տարածվում են տեղեկատվական գիտելիքները, օրենքի ուժով խոսքի ազատության որոշակի սահմանափակումների մեջ են, թեեւ ակնհայտ է նրանց բնական ջանքը՝ դուրս գալու սահմանափակումներից եւ հնարավորինս ազատ խոսք հասցնելու հանրությանը։ Եվ լրատվամիջոցներն այլ բան չունեն անելու, քան խուսանավելով անցնելու եթե ոչ ընդհատակ, ապա գոնե՝ տողատակ, որպեսզի հնարավոր լինի թեկուզ փոխաբերություններով, թեկուզ թերասացություններով հանրությանն իրազեկ դարձնել իրերի իսկական դրությանը։ Բնականաբար, այդ ամենը լրատվամիջոցներին չափազանց դժվար է տրվում, մանավանդ որ վերջիններս հստակ գիտակցում են՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ արտոնված են բարձրաձայնելու իրավիճակին անհամարժեք  դատողություններ, կատարելու անթույլատրելի գնահատումներ, նույնիսկ հասարակությանը համակելու խուճապային, պարտվողական տրամադրություններով, իսկ, ահա, անաչառ լրատվությունը, մերկ ճշմարտությունն ասելն իրենց արգելված է։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հանրությանն այսօր համախմբում են ոչ թե տեղեկատվական անորոշ, լղոզված մատուցումները, ոչ թե հայրենասիրական կեղծ զեղումնաբանությունը, ոչ այնքան պաթետիկ կարգախոսներն ու գրառումները, որքան հենց բուն ճշմարտությունը։ 
Օրեր առաջ Արցախի ռազմաճակատի մի հատվածում տիրող իրական վիճակի վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում գրառում կատարեց լրագրող Թաթուլ Հակոբյանը, որից հետո կեղծ հայրենասերների մի հսկա բանակ հարձակվեց նրա վրա՝ հայրենասիրության հետ մեկտեղ նաեւ լրագրության դասեր տալով։ Մինչդեռ մարդն ընդամենը հանդգնել էր ասել ճշմարտությունը, ինչը շուտով պիտի հաստատեին պաշտոնական լրատվամիջոցները։ 

Եվ կատարվեց զարմանալի բան․ տեղեկատվական անորոշությունից խուճապային տրամադրությունների մեջ գլորվող հանրությունը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ձեռամբ, տեսնելով ռազմաճակատում տիրող օպերատիվ իրավիճակի մասին էլեկտրոնային քարտեզը, դրա գույներից (կարմիրով նշվում էին թշնամու գրաված տարածքները) ոչ թե հուսալքվեց, այլ, ընդհակառակը, խիստ որոշակիացած վտանգի պատկերացման պարագայում՝ ներքնապես համախմբվեց եւ միասնականացավ։ Իսկ մի քանի օր անց, երբ նույն Ա․ Հովհաննիսյանը նոր իրավիճակ ներկայացրեց՝ մեզ համար առավել աննպաստ պատկերով, դա արդեն ո՛չ խուճապի մատնեց, ո՛չ էլ հուսալքության պատճառ դարձավ․ մարդիկ տեսնում էին ճշմարտությունը՝ այն, ինչ անհրաժեշտ է նրանց՝ համարժեքորեն արձագանքելու եւ կազմակերպվելու համար։