Սասուն Միքայելյանը կշարունակի՞ ղեկավարել ԵԿՄ-ն

Սասուն Միքայելյանը կշարունակի՞ ղեկավարել ԵԿՄ-ն

ԱԺ-ում իմքայլականների ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ տեղի ունեցած տուրուդմփոցից հետո միջադեպի գլխավոր դերակատար ու հրահրող Սասուն Միքայելյանը «քրեական ենթամշակույթին» բնորոշ մի ելույթ ունեցավ. «Այն, ինչ Էդմոնն այս ամբիոնից անվանել էր Ալենին՝ առանց ամաչելու, նույն բանն Էդմոնի եղբայրը՝ Էդուարդը, գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է: Բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս` աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից ու Ալենի ծնողից»: Միքայելյանը նաեւ զգուշացրեց, որ հրապարակային ներողությունը Մարուքյանի եղբոր համար կլինի լավագույն տարբերակը՝ հիշեցնելով, թե ինչ կառույցի ղեկավար է ինքը: «Թող հասկանա՝ ես ինչ կառույց եմ ղեկավարում, այդ կառույցի տղաները Ղարաբաղում փրկել են հազարավոր մայրերի ու քույրերի։ Ես կոչ եմ անում իմ ընկերներին, իմ որդիներին ու մարտական ընկերներին՝ զերծ մնալ ինչ-որ քայլերից»։ 

Ինչո՞ւ Միքայելյանը հիշատակեց ԵԿՄ-ի մասին, երբ ինքն ընդամենը անձնական-տղայական «ռազբորկաների» մեջ է հայտնվել, ի՞նչ կապ ունի այստեղ ԵԿՄ-ն: Միքայելյանն ակնարկեց, թե իր որդիներին, ընկերներին, «Ղարաբաղում հազարավոր մայրերի ու քույրերի պատիվ փրկած տղաներին» հազիվ է պահում, որ այլ քայլերի չդիմեն: Իսկ ի՞նչ քայլերի են ուզում դիմել այդ տղաները, ովքե՞ր են նրանք եւ ինչպե՞ս պետք է վարվեն Էդմոն Մարուքյանի եղբոր նկատմամբ: Սա, կարելի է ասել, հայտարարություն է նախապատրաստվող հանցագործության մասին: Ի վերջո, այդ հայրենասեր-պատվախնդիրները ո՞նց են վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց կառույցի ղեկավարն ԱԺ-ում սպառնում էր կտրել մեկ այլ ՀԱՅԻ վիզ, «ցխել» նրա գլուխը: Չէ՞ որ հայի վիզ կտրել եւ կտրում են թուրքերը, ադրբեջանցիները, վաղ անցյալում՝ պարսիկները եւ այլք: Բա այդ հայի պատիվը չե՞ն պահում ԵԿՄ-ականնները:

Իսկ նրանց արժանապատվությունը չվիրավորվե՞ց, որ Սասունն իրենց դարձնում է իր անձնական «օգտագործման» զինվորիկները: Իսկ եթե դրանից իրենք վատ չեն զգում, ապա ժամանակին Սասուն Միքայելյանը ճիշտ էր ասում, որ ԵԿՄ-ն պետք է լուծարել, որ այն դարձել է նախորդ ռեժիմին ծառայող օղակ: Պարզապես այն այսօր էլ ներկայիս ռեժիմին ծառայող օղակ է: Մանվելիզմը ԵԿՄ-ում փոխարինվել է սասունիզմով, իսկ կառույցի բարոյահոգեբանական մթնոլորտը, փաստորեն, նույնն է: Հակառակ դեպքում ԵԿՄ-ականները կվիրավորվեին Սասուն Միքայելյանի՝ իրենց անունից հային սպառնալու վարքագծից եւ կպահանջեին նրա հրաժարականը: