Փաշինյանը՝ Հայաստանի պատմության բազմակի հակառեկորդակիր

Փաշինյանը՝ Հայաստանի պատմության բազմակի հակառեկորդակիր

Ընդդիմադիր ալիքի նույնիսկ չնչին թուլացման դեպքում իշխանությունն արագորեն հակազդեցություն է սկսելու, օրինակ՝ անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու է շարժման առաջնորդներին։ Քանի որ Փաշինյանն ԱԱԾ-ին մարտական գեներալների ձերբակալման ապօրինի հրամաններ տալու հարուստ փորձ ունի, կարող է նույնն անել, օրինակ, Սեյրան Օհանյանի կամ Արթուր Վանեցյանի նկատմամբ, որոնք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն են։ Այլ հարց՝ քննչական մարմիններն իրենց մեջ համարձակություն կգտնե՞ն՝ գոնե այս անգամ չկատարելու անօրեն հրահանգները։ Դժվար է պատկերացնել, թե այս փուլում ԱԱԾ-ն ինչպես է, օրինակ, գեներալ-գնդապետի ձերբակալելու։

Փոխարենը ԱԱԾ տնօրենն ու գլխավոր դատախազը հանգիստ կարող են ձերբակալել առերեւույթ պետական դավաճանության համար մեղադրվող Նիկոլ Փաշինյանին։ Երբ անցած տարի նա պնդեց, թե իբր ռուսական «Իսկանդերի» հրթիռները պայթել են ընդամենը 10 տոկոսով, գեներալներից ոմանք հրապարակայնորեն հայտարարեցին, որ նման տվյալ նրան կարող էր տալ միայն Ադրբեջանը, հետեւաբար՝ Փաշինյանին պետական դավաճանության համար մեղադրելն առավել քան իրատեսական է։ Զոհերի ծնողները, ճիշտ է, վրդովվել են նրա հերթական ցինիկ արտահայտությունից, թե «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն վիճակը՝ առանց զոհերի», եւ դա են համարում նրան պետական դավաճանություն մեղսագրելու հիմք, սակայն ինքը տասնյակ այլ հիմքեր է տվել։
Այսօր Փաշինյանը Հայաստանում կորցրել է վերահսկողությունը ե՛ւ իշխանության, հատկապես՝ պետական ապարատի միջին եւ ցածր օղակների, ե՛ւ հանրության վրա։ Արդյունքում՝ գոյություն չունի պետական կառավարում, ընդդիմությունն էլ դանդաղում է այլընտրանքային կառավարության ձեւավորման հարցում։ Քառամյա պաշտոնավարման ընթացքում Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ իր գործունեության առանցքը պետք է լինի ոչ թե ինչ-որ մարդկանց կամ ուժերի դեմ մոլեգին պայքարը, այլ աշխատանքը հանուն երկրի բարեկեցության եւ անվտանգության, եւ դա՝ անկախ նրանից, թե օրվա ընդդիմությունն ով է։ 

Փաշինյանի բրենդը՝ սուտն ու խաբեությունը, նրան նմանեցրել է հայտնի առակի հերոսին, որն այնքան է ստում, թե հրդեհ է, որ իրական հրդեհի ժամանակ նրան ոչ ոք չի օգնում։ Չհաշված ուժային կառույցների ներքին իներցիան՝ Փաշինյանը որեւէ այլ ինստիտուտի վրա հույս դնել չի կարող։ Նա տեսել է մի իրավիճակ, որում բանակն իրեն փաստացի չէր ենթարկվում եւ միանալով ընդդիմությանն ու ժողովրդին՝ պահանջում էր իր հրաժարականը։ Թվում է՝ այդկերպ հնարավոր չէ երկիր ղեկավարել։ Ցանկացած առաջնորդ իշխանություն ստանձնելիս պետք է հասկանա, թե կառավարման ինչ լծակներ ունի։ Միայն համադասարանցի ոստիկանապետն ու կամակատար գլխավոր դատախազը, գրպանային ուսապարկերն ու անդեմ նախարարներն արդյո՞ք լծակ են՝ պահելու իշխանությունը։

Փաշինյանը, ի թիվս Հայաստանի պատմության բազմակի հակառեկորդների, մի հարցում եւս աննախադեպ է՝ նա մեր պետության միակ առաջնորդն է, որին դարավոր թշնամին՝ Թուրքիան, պետական ամենաբարձր մակարդակով աջակցություն է հայտնել, ավելին՝ միայն Փաշինյանն ու Էրդողանն են 2021-ի փետրվարին ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը որակել իբրեւ ռազմական հեղաշրջման փորձ։ Որքան էլ Փաշինյանն անդամահատել եւ գլխատել է բանակը, հայ ժողովրդի նորօրյա պատմության հիմքում հայկական բանակն է ու նրա սխրանքները՝ որպես համաժողովրդական ձեռքբերում եւ ժողովրդի ծոցից ծնված իրողություն։ Հետեւաբար՝ ընդդիմադիր շարժմանը պակասում է անցած տարվանից մոռացված մի կարեւոր կարգախոս՝ «ազգ, բանակ, հաղթանակ»՝ որպես ժողովրդի եւ բանակի յուրատեսակ համերաշխում։

Դավիթ Սարգսյան