Ալերգիա ժողովրդավարության նկատմամբ 

Ալերգիա ժողովրդավարության նկատմամբ 

Խորհրդային տարիներին պետական համալսարանի վերջին կուրսերի յուրաքանչյուր գիտակից ուսանող ալերգիա ուներ «կոմունիզմ» հասկացության նկատմամբ: Հատկապես, որ պետական քննություն պետք է հանձնեինք «գիտական կոմունիզմ» առարկայից: Ինչը ներառում էր մարքսիզմի պատմությունն ու դասականների գործերի վերլուծությունը: Պատմության առումով խնդիր չունեի. ընդհանրապես հակում ունեմ այն ուսումնասիրելու՝ լինի մարքսիզմի, թե թշնամի որևէ երկրի պատմությունը: Ինչ մնում է մարքսիզմի դասականների գործերին, ապա այդ հարցում օգնեց Արթուր Մկրտչյանի (հետագայում ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ մինչև 1992 թվականի սպանությունը) կոնսպեկտների տետրը: Չնայած ամեն ինչ նորմալ անցավ, սակայն ջահել տարիքի բերումով ինչ-որ երևույթի նկատմամբ ալերգիա ունենալը խիստ բնական երևույթ էր: 

Այսօր տարիքս գտնվում է սոցիոլոգիական հարցաթերթիկի «60 +» տիրույթում: Դա նշանակում է, որ հոգեբանորեն շատ ավելի դիմադրողականություն ունեմ նման տեսակի ալերգիաների նկատմամբ: Սակայն չորսամյա նիկոլական վարչապետությունն այդ առումով շատ ավելի հզոր գտնվեց և մեջս ներարկեց վաղուց մոռացված ալերգիան՝ այս անգամ արդեն «ժողովրդավարություն» հասկացության նկատմամբ: Այո, հենց ժողովրդավարության, ինչի կայացմանն իմ հայրենիքում նվիրել եմ կյանքիս վերջին երկու տասնյակ տարին: Պայքարել եմ ամռան տապին և ձմռան ցրտին, գարնանային և աշնանային անձրևներից թրջվելով: Ի դեպ, Փաշինյան Նիկոլը միայնակ չէր այդ հարցում. նրան աջակցել և շարունակում են աջակցել արևմտյան պետությունների ղեկավարները: Որոնց երկերեսանիությունը տեսանք ու շոկի մեջ ընկանք թե՛ 2020 թվականի 44-օրյա և թե՛ այսօր ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում:

Ընդ որում, շատ դժվար է ալերգիա չունենալը՝ երբ ժողովրդական զանգվածների բողոքի շնորհիվ վարչապետ կարգված անձը մատի փաթաթան է սարքում «ժողովրդավարություն» հասկացությունը եւ միաժամանակ ամեն քայլափոխի խախտում է ժողովրդավարության նորմերն ու կանոնները: Եվ երբ աչք ու ականջ ունեցող արևմտյան պետությունների ղեկավարությունը վերածվում է կապիկների եռյակի, որը «չի տեսնում, չի լսում և չի խոսում»: Իհարկե, ոմանք կարող են ընդդիմանալ՝ ասելով, թե նման դեպքերում մեղավորը ոչ թե ինքնին ժողովրդավարությունն է, այլ նրա անվան ներքո իրենց խիստ անձնական, թայֆայական ու աշխարհաքաղաքական շահերն առաջ տանող անձինք, կառույցներն ու երկրները: Բայց եթե «ժողովրդավարություն» երևույթը հնարավորություն է տալիս նման վարքագիծ դրսևորելու, ապա այն հիմքից սխալ է: Իսկ ամեն սխալ երևույթ մերժելի է՝ հատկապես եթե մարդն ի վիճակի չէ այն ուղղելու: 

Հայաստանյան կեղծ ժողովրդավարության վերջին դրսևորումն, ի դեպ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի կողմից հերթական մամուլի ասուլիս կազմակերպելն էր հունիսի 27-ին: Որի հարցերը նախապես պետք է ուղարկվեին լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների կողմից: Որոնք, ինչպես պրակտիկան է վկայում, կխմբագրվեին կամ դուրս կթողնվեին: Եվ այդ պատճառով էլ տվյալ հոդվածը գրելու պահին այն արդեն բոյկոտել էին հայաստանյան և սփյուռքյան 54 լրատվամիջոց: