Եվրոպան Ադրբեջանին համարում է ագրեսոր, արցախցիներին` բռնագաղթված. Ալեքսանյան

Եվրոպան Ադրբեջանին համարում է ագրեսոր, արցախցիներին` բռնագաղթված. Ալեքսանյան

Պաշտոնական Բաքուն դժգոհում է, որ չնայած մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին Հայաստանից հնչող հրապարակային հայտարարություններին՝ Երևանը երկու ամսից ավելի է հետաձգում է` չի ներկայացնում փաստաթղթի իր տարբերակը: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը տեղեկացրել է, որ Բաքուն դեռ սեպտեմբերի 11-ին է փոխանցել խաղաղության պայմանագրի խմբագրված հինգերորդ տարբերակն ու բացատրական գրությունները՝ ակնկալելով պատասխան մոտ ժամանակներում։ 

«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խոչընդոտներ չկան խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո: Իսկ թե որքանով է պատրաստ Հայաստանը, այժմ էլ լուրջ հարցեր են առաջանում», - ասել է Հաջիևը՝ ընդգծելով, որ գնդակն այժմ Երևանի դաշտում է:

«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ: Ադրբեջանի առաջարկած միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների համաձայն, խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է ավելի արագ ավարտին հասցվել ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով», - հայտարարել է Իլհամ Ալիևի օգնականը: 

Ի՞նչ է ցանկանում այժմ Ադրբեջանը, ի՞նչ է պահանջներ կարող է ներկայացնել ադրբեջանական կողմն օրվա իշխանությունների համար այդքան բաղձալի խաղաղության պայմանագրի դիմաց զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:

- Հայաստանում այսքան շատ է խոսվում խաղաղության պայմանագրի մասին: Օրվա իշխանություններն էլ պնդում են, որ խաղաղությունն ամենակարևորն է: Ի՞նչ կարող ենք ենթադրել Հաջիեւի այս հայտարարություններից:

- Ադրբեջանն ունի հստակ պահանջներ: Մտածում է ու դրանց մասին պարբերաբար ասում է և եթե Հայաստանը չի համաձայնում որոշ պայմանների, դա Ադրբեջանի համար դառնում է անընդունելի: Ադրբեջանը Հայաստանից պահանջներ ունի. անկլավների հարց, միջանցքի հարց: Ալիևը մի քանի անգամ ասել է, որ եթե խաղաղության ճանապարհով են գնում, ուրեմն Հայաստանը պետք է իր պահանջները բավարարի: Եթե չի բավարարում, ուրեմն ոչ մի պայմանագիր էլ չի կնքվում: Ադրբեջանը խաղաղության պայմանագրի դիմաց հստակ պահանջներ է դնում, իսկ մենք չենք կարող դրանց համաձայնել:

- Վստա՞հ եք, որ Հայաստանի գործող իշխանությունները Ալիևի պահանջները չեն բավարարի:

- Կարծում եմ, որ Իլհամ Ալիևն իր համար հիմքեր է ստեղծում, որ հետագայում ասի` այ տեսեք, որ ես ասում էի, ինձ չէիք լսում, դրա համար էլ ագրեսիայի եմ դիմում և չեմ կնքում խաղաղության պայմանագիր: Մեր իշխանությունները չեն կարող այդպես հեշտ նոր զիջումների գնալ: Դա կարող է մեծ դժգոհություն առաջացնել ժողովրդի մոտ:

- Բայց իշխանությունների թեթև ձեռքով մի ողջ` Արցախի Հանրապետություն հանձնվեց թշնամուն: Թեպետ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ փորձում է Սամվել Շահրամանյանի «գրպանը» գցել, միևնույն է, բոլորս ենք հասկանում, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

- Արցախը մենք չենք զիջել: Արցախն Ադրբեջանն ուժով վերցրել է: Արցախցիները բնականաբար մարդկային կորուստներ չկրելու համար, տեղահանվել են: Մեր իշխանությունների քաղաքականությունն այնպես պետք է լինի, որ արցախցիները վերադառնան իրենց տներ: Իմ կարծիքով` Ալիևին ևս ձեռնտու է, որ արցախցիները, իհարկե` ոչ ամբողջությամբ, բայց վերադառնան Արցախ: Արցախցիների այն զանգվածը, որ կհամաձայնի Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուն, կարող է վերադառնալ, բայց հարց է` ինչ պայմաններով և դրան ինչ գնահատական կտա միջազգային հանրությունը: Ալիևի համար սա շատ լուրջ խնդիր է:

- Ինչո՞ւ:

- Որովհետև այն երկրները, որոնք Ադրբեջանի օգտին էին մշտապես խոսում, այսօր դատապարտում են Ալիևին:

- Իսկ ինչո՞ւ է Ալիևին արցախահայերի վերադարձը ձեռնտու:

- Կարգավիճակի խնդիր է այստեղ առաջ գալիս: Արցախն այլևս չպետք է բանակ ունենա: Հայաստանի իշխանությունները սակայն մի քանի անգամ հայտարարել են, որ Արցախը պետք է ստատուս ունենա կոնկրետ: Այսինքն` չի կարող արցախցին վերադառնա Արցախ ու դառնա Ադրբեջանի քաղաքացի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ է Ալիևին հայերի վերադարձը ձեռնտու, որովհետև Ադրբեջանը միջազգային հարթակներում կարող է մեղմել տրամադրությունները: Այսօր Եվրոպան Ադրբեջանին համարում է ագրեսոր: Արցախցիներին` բռնագաղթված: Սրանք կարող են Ադրբեջանի համար լրջագույն խնդիրներ առաջացնել: Այնպես որ Ալիևը նախ պետք է իր արածները մարսի, մարսելու համար էլ պետք է հիմնավորումներ տա միջազգային հանրությանը: Չի բացառվում, որ անգամ լավ պայմաններ կարող են ստեղծել մեր հայրենակիցների համար:

- Բայց արդյո՞ք Արևմուտքն Ադրբեջանին համարում է ագրեսոր:

- Համենայնդեպս, եթե արցախցիներին համարում են բռնագաղթված, նշանակում է, Ադրբեջանին համարում են ագրեսոր: