Ո՞վ սուրճ չի խմում

Ո՞վ սուրճ չի խմում

Կգտնվի՞ այդպիսի գոնե մեկ ընտանիք, որ սուրճ չի խմում։ Խմում են առավոտվանից, խմում են ամենուր եւ բոլորը, խմում են հանգստի ժամին եւ աշխատելիս։ Նույնիսկ «սեղան գցելիս» բարեկամներին տուն են հրավիրում, արտասանելով այդ միակ մոգական բառը` «սուրճի»։ Մի խոսքով, այդ հրաշալի ըմպելիքով վարակվել է մեր ամբողջ ազգը։ Բայց ինչո՞ւ միայն մեր։ Հիմա արդեն ռուսներն էլ, որ մինչեւ վերջերս շատ աղոտ պատկերացում ունեին այդ ըմպելիքի մասին, թեյնիկի փոխարեն սկսել են առավել հաճախ օգտագործել սրճեփը։

Ի դեպ, պատահական չէ, որ ներկայումս ամբողջ աշխարհում, ապրանքաշրջանառության մեջ, բենզինից հետո երկրորդ դիրքը սուրճն է զբաղեցնում։ Իսկ առավել շատ խմելու ռեկորդային ցուցանիշը պատկանում է MGM հսկա հյուրանոցին` իր հայտնի խաղատնով, որը գտնվում է Լաս Վեգասում ու ժամանակին գործում էր մեր մեծահարուստ հայրենակից Քըրք Քըրքորյանի տնօրինությամբ։ Հաշվել են, որ այստեղ օրական օգտագործվում է ավելի քան երեք տոննա սուրճ։ Այո, սուրճ խմում են շատ ու ամենուր։ Սակայն երեւի ոչ բոլորը մանրամասներ գիտեն այդ բույսի ոչ միայն օգտակար, այլեւ վնասակար հատկությունների մասին, այն մասին, թե ինչպիսի ճանապարհ է այն անցել մինչեւ մեր սեղանին պատվավոր տեղ զբաղեցնելը։

Ամեն ինչ սկսվել է Աֆրիկայում, ավելի ստույգ` Եթովպիայում։ Հենց այստեղ՝ սարերում, արածում էին «ամենախելոք այծերը», որոնք հոգնեցուցիչ զբոսանքներից հետո հանկարծ աշխուժանում եւ ավելի շարժունակ էին դառնում, երբ ուտում էին սուրճի սերմնահատիկները։ Մարդիկ, հասկանալի է, դա շատ շուտ նկատեցին, եւ սուրճի համաճարակը սկսեց տարածվել աշխարհով մեկ։ Եթովպիայից հետո սուրճը հայտնվեց Եմենում, որտեղ սկսեցին առաջին անգամ աճեցնել սուրճի ծառեր եւ դրա հատիկները վաճառել այլ երկրներում։

Սուրճի առաջին տեսակը մոկկոն էր, որի մասին իմացավ մարդկությունը։ Ըստ պատմաբանների, այն Եվրոպա են բերել խաչակրաց արշավանքներին մասնակցած ասպետներն ու վաճառականները։ Ըմպելիքի առաջին բաժակը եվրոպացիներին հրամցրել են 1626 թվականին, Հռոմում, իսկ 20 տարի անց Վենետիկում բացվել է առաջին սրճարանը։

Մոկկո տեսակի սուրճի տիրակալությունն ու Եմենի գերակայությունը բույսն աճեցնելու գործում երկար չտեւեց` ընդամենը 200 տարի։ Երբ Եմենի ագահ տիրակալները որոշեցին սուրճն աճեցնել նաեւ Ասիայի այլ տարածքներում, դրանից առավել շատ օգտվեցին հոլանդացի հնարամիտ ձեռնարկատերերը։ Ճիշտ է, դրսում սկսեցին աճեցնել նաեւ մեկ այլ տեսակի սուրճ` արաբիկան։ Սուրճի այս՝ ամենատարածված եւ ամենասիրված տեսակի պլանտացիաները ներկայումս զբաղեցնում են աճեցվող բոլոր սրճատեսակների մոտ 90 տոկոսը, եւ դա հասկանալի է` արաբիկան ունի շատ մեղմ համ, փոքր թթվայնություն, իսկ թուրմը ստացվում է «մուգ` ինչպես գիշերը, եւ պինդ` ինչպես անեծքը»․ սա սրճասերների մոգոնած որակավորումն է։

Դժվար է երեւակայել, բայց գործնականում սուրճի բոլոր այն տեսակները, որ այժմ աճում են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, Յավայում, Օվկիանիայի կղզիներում, ծագել են արաբիկա ծառից։ Պատմության ընթացքում շատ միջադեպեր են գրանցվել, քանի դեռ այն չհայտնվեց Բրազիլիայում։ Այս երկիրը վերջինն էր, որ սկսեց զբաղվել սուրճի աճեցմամբ։ Դա տեղի ունեցավ 18-րդ դարում։ Իսկ 3 հարյուրամյակ հետո Բրազիլիան այդ ասպարեզում հաստատապես զբաղեցրեց առաջատարի դիրքը եւ այդպիսին էլ մնում է։ Սուրճը դարձավ բրազիլական տնտեսության առանցքային ապրանքատեսակը եւ գլխավոր հարստությունը։ Այս առումով սույն ըմպելիքի հետ կարող էր լրջորեն մրցակցել միմիայն նավթը։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, եթե ի հայտ չգար ժանգասունկը` սրճային բուսականության ամենավտանգավոր հիվանդությունը։ Սա առաջին անգամ իր սեւ գործն արեց Ցեյլոնում, որտեղ ձեռներեց անգլիացիները որոշեցին սուրճ աճեցնել։ Ժանգը տարածվեց անգլիական բոլոր պլանտացիաներում, եւ 1839 թվականին սուրճի մասին միայն հիշողություններ ու պատրանքներ մնացին, քանզի հիվանդության դեմ պայքարի միակ միջոցը բոլոր ծառերն արմատախիլ անելն էր։ Սուրճի փոխարեն գաղութատերերը սկսեցին թեյ աճեցնել եւ չզղջացին` Անգլիան դրանից հետո ճանաչվեց նաեւ թեյի երկիր։

Իսկ գիտնականները, շարունակելով հետազոտել սուրճի ազդեցությունն ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների վրա, գտան, որ այն բուժիչ հատկություններ ունի: Օրինակ, մի բաժակ թունդ սուրճը, պարզվում է, ունակ է նույնիսկ մահից փրկել նրանց, ում մոտ ուժեղ արտահայտված ալերգիկ ռեակցիա կա, ասենք, մեղվի խայթոցից։ Իսկ ահա հնդիկ գիտնականներին հաջողվել է պարզել, որ սուրճն ունակ է պաշտպանել մարդուն ճառագայթումներից։ Եթե հնարավոր լինի պարզել նաեւ պաշտպանության մեխանիզմը, որ ստեղծում է կոֆեինը, ապա կարելի կլինի մշակել ճառագայթման օգնությամբ քաղցկեղը բուժելու նոր ձեւեր։ 

Այսքանից հետո թող զարմանալի չթվա, որ աշխարհում, ինչպես փորձագետներն են հաշվարկել, ամեն տարի խմում են շուրջ 750 միլիարդ բաժակ սուրճ, եւ այս թիվն ավելանալու միտում ունի։ Այդ օգտակար ու հաճելի ըմպելիքն անպայման պետք է շարունակի մեր կյանքի ուղեկիցը լինել նաեւ Հայաստանում։ Առանց սուրճի ի՞նչ հյուրասիրություն։

Միսակ Նազարյան