«Մեզանից հետո ջրհեղեղ»-ը Նիկոլի օրոք վերածվեց ջրհեղեղ հենց «մեր ժամանակ»-ի

«Մեզանից հետո ջրհեղեղ»-ը Նիկոլի օրոք վերածվեց ջրհեղեղ հենց «մեր ժամանակ»-ի

Ենթադրում եմ, որ Նիկոլն արդեն համաձայնություն է տվել ադրբեջանցիների վերադարձին, ու Սիմոնյան Ալենի ասածն ընդամենը Օվերտոնի պատուհանի հերթական դրսևորում է: Հիշեցնեմ, որ Ալենն ասել է, որ ինքը չի բացառում, որ որոշ ժամանակ անց հայերը կգնան ապրելու Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում: Միասին կապրեն, առևտուր կանեն: Եվ որպես օրինակ նշել է 14-15-րդ դարերի ֆրանս-անգլիական 116-ամյա պատերազմը: Եթե հիշողությունը լարեր՝ Սիմոնյան Ալենն երևի կվերհիշեր որ ժամանակին պատերազմել են նաև հայերն ու պարսիկները: Սակայն պարսիկների առումով մեր մեջ չկա այն ատելությունը, որն առկա է թուրքերի նկատմամբ: Եվ դա ունի պարզ բացատրություն՝ պարսիկները հայության ցեղասպանություն չեն իրականացրել: Ճիշտ այդպես էլ հարյուրամյա պատերազմի ընթացքում անգլիացիների կողմից ֆրանսիացիների ցեղասպանություն չի իրականացվել: Ինչը կատարվել է ընդամենը 100 տարի առաջ թուրքերի ու կովկասյան մահմեդականների (որ հետո Իոսիֆ Ստալինի թեթև ձեռքով կոչվեցին ադրբեջանցիներ) կողմից: Ու երկուսուկես ամիս առաջ էլ դա լրացվել է էթնիկ զտումով (նույնն է, թե ցեղասպանությունը):

Բայց Սիմոնյան Ալենն, այնուամենայնիվ, մի հարցում  ճշմարիտ է. հանուն իշխանության գալու կամ այն պահպանելու թուրքերը (որ դեռևս հանդես էին գալիս օսմանցիների անվան ներքո) չէին խորշում իրենց հարազատ եղբայրներին այն աշխարհն ուղարկելուց: Դրա համատեքստում ադրբեջանցիների Հայաստանում ապրելն ինչ մեծ բան է, որ Ալենը չցանկանա: Ուրիշ հարց, որ որոշ ժամանակ անց դա առաջացնելու է լուրջ խնդիրներ Հայաստանի ինքնիշխանության և ընդհանրապես պետականության առումով, բայց այդ հարցը, ինչպես երևում է, նրան չի  հետաքրքրում: «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»՝ նման ձևակերպում էր տվել, չէ՞, ֆրանսիական արքաներից մեկի՝ Լուդովիկոս 15-րդ պաշտոնական սիրուհի մարքիզուհի դե Պոմպադուրը՝ տեղեկանալով ֆրանսիական զորքերի պարտության մասին Ռոսբախյան ճակատամարտում (1757 թվականին): Իսկ Ալենն ինչո՞վ է պակաս արքայից կամ նրա սիրուհուց, որ մի հատ էլ հետաքրքրվի, թե ինչ է լինելու հայաստանցիների վիճակն իրենից (իրենցից) հետո՝ երբ ադրբեջանցիները լցվեն Հայաստան:

Ի դեպ, նախորդ նախասության մեջ արտահայտված մտահոգությունն հենց այնպես չի բարձրաձայնված: Կյանքը ցույց տվեց, որ 2018 թվականից առ այսօր տեղի է ունենում այն ամենի հակառակը, ինչը սկզբում որպես բարիք է ներկայացվում քպկականների կողմից: Ով էլ լինի այդ քպկականը և ինչպիսի պաշտոն էլ նա կրի: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի առումով նման օրինակներ բազմիցս են ներկայացվել: Իսկ Սիմոնյան Ալենի առումով հիշեցնեմ, որ 2019-ին վերջինս հատուկ գնացել էր Աղդամ (հայկական Ակնա), որպեսզի լուսանկարվեր ու այն տեղադնելով ֆոյսբուքյան իր էջում՝ հպարտությամբ հայտարարեր, որ գտնվում է իր հայրենիքում: Դա էլ արվել էր ի հակադրություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքի, որը ժամանակին Աղդամը չէր համարել հայրենիք: Բայց ի հակադրություն Ալենի և նրան այդ պաշտոնում նշանակողի, Սերժ Սարգսյանը ո՛չ Աղդամը հանձնեց թշնամուն և ո՛չ էլ ողջ Արցախը: Հենց դա էլ պատկերացում է տալիս, թե ինչ է նշանակում «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունը Նիկոլի վարչապետության պարագայում: Չնայած պետք է արվի մեկ լրացում. ֆրանսիացիների «մեզանից հետո»-ն ՔՊ-կականների օրոք վերածվեց հենց «մեր ժամանակ»-ի: Իսկ թե ինչ կլինի քպկականների «մեզանից հետո»-ն՝ սարսափելի է նույնիսկ մտածելը: Եվ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի գործող իշխանությունն ուղարկել պատմության աղբարկղը:

Ինչ մնում է ադրբեջանցիների ու հայերի համեմատաբար խաղաղ գոյակցությանը, ապա դա տեղի է ունեցել երրորդ կողմի ընդհանուր ղեկավարության ներքո: Որին, բնականաբար, ձեռք չէր տալիս ազգամիջյան բախումների առկայությունը: Իսկ անկախության շրջանում՝ մինչև 2018 թվականը, հայկական հզոր բանակի շնորհիվ: Սակայն Նիկոլի ջանքերի շնորհիվ, նախ, ջարդվեց հայկական բանակի ոգին ու այն թուլացավ: Եվ երկրորդ, թշնամանալով ռուսների հետ՝ մենք չենք կարող դիմակայել թուրք-ադրբեջանական նկրտումներին: Որոնք չեն սահմանափակվում, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքով, այլև ընդունել են նույնիսկ «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է» ձևակերպումը: Իսկ որ դրա դեմ ոչինչ  չի ձեռնարկի նաև Արևմուտքը՝ մեկ-երկու օր առաջ խոստովանել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլեր՝ ասելով, որ իրենք «երբեք չեն ասել, որ չեն պատրաստվում շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Սա կհակասի Միացյալ Նահանգների շահերին»։ Իսկ դա նշանակում է այդ երկրի դեմ լուրջ պատժամիջոցների ձեռք առնելուց հրաժարում: Ինքս ինձ ուղղեմ՝ ԱՄՆ-ը չի զլանա խոսքով դատապարտելուց, բայց դա երևի այն է, ինչին ընդամենը ձգտում են Նիկոլն ու նրա կամակատարները:

Իսկ որպեսզի հայաստանյան միամիտները պահպանեն իրենց հույսերն ԱՄՆ-ի առումով՝ Միլլերը շարունակել է. «Մենք կարծում ենք, որ եթե մենք պարզապես դադարեցնենք մեր բոլոր դիվանագիտական հարաբերությունները Ադրբեջանի հետ, դա կհակասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության շահերին»: Մարդ ուղղակի զարմանում է՝ էդ ինչ դարձավ Ադրբեջանը, որ աշխարհի հզորագույն երկիրը ցանկության դեպքում չկարողանա քաշել նրա սանձերը և խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում: Թե՞ դա ուղղակի չի ցանկանում: Իսկ չցանկանալն ընդամենը բացատրվում է հակաիրանական և հակառուսական դիրքորոշումներով: Իսկ արանքում տուժում է այդ դժնդակ ժամանակաշրջանում վեկտոր փոխող Հայաստանը: Որը ձգվում է դեպի արևմուտք այն ժամանակ, երբ արևմտյան գերիշխանությունն աշխարհում մոտենում է իր վախճանին: Իսկ նիկոլական վայրիվերումներից քաղաքականապես (Արցախը հայաթափելը և իր պայմաններով ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելը) օգտվում է հենց Ադրբեջանը: Օգտվում է նաև տնտեսապես՝ պայմանավորված ՌԴ-ի նկատմամբ հարուցված պատժամիջոցներով և այդ թվում նաև ռուսական «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթեցումներով: 2022-ի մարտից Եվրամիությունը գազի համար գերավճարել է 185 միլիարդ եվրո: Գազ արդյունահանող բազմաթիվ այլ երկրների շարքում շահող կողմ է հանդիսացել նաև Ադրբեջանը՝ եվրոպական երկրներին գազի վաճառքից լրացուցիչ ստանալով 12 մլրդ եվրո: