Ընդհանուր հաշիվը` 0:15

Ընդհանուր հաշիվը` 0:15

Մարտ ամիսն աչքի ընկավ մարզական աշխույժ կյանքով, խոշոր մրցաշարերը հաջորդում էին իրար։ Իսկ գլխավորը մեզ համար այն էր, որ մի շարք հեղինակավոր ասպարեզներում բավականին բարձր ցուցանիշներով աչքի ընկան Հայաստանի պատվիրակները։ Ասացեք, խնդրեմ, ո՞ւմ մտքով կանցներ, որ Նորվեգիայի Համար քաղաքում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության իսկական հերոսներ կհռչակվեն մեր հայրենակիցները, որոնց բացառիկ դիպուկահարությունը կբերի ե՛ւ թիմային հաղթանակ, ե՛ւ նվաճված 7 ոսկե ու 3 արծաթե մեդալ։

Պակաս գովեստի արժանի չեն նաեւ մեր մարմնամարզիկները, որոնք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցումներում, պեկինյան օլիմպիադայի մրցանակակիր Արթուր Դավթյանի ղեկավարությամբ, դրսեւորեցին բավականին հասուն վարպետություն՝ արժանանալով տարբեր ձուլվածքի մեդալների։ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում կայացած գեղասահքի մրցումներում էլ մեր պարային զույգը` Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, բավականին բարձր ցուցանիշի հասան` 31 զույգերի հետ եզրափակչում հայտնվեցին 14-րդ տեղում։ Ճիշտ է, մրցանակների չարժանացան, սակայն մասնավոր ռեկորդային ցուցանիշն աշխարհի գավաթի խաղարկությունում հուսադրող հաջողություն է։

Մենք լուրջ սպասումներ ունենք նաեւ հայ շախմատիստներից ու ըմբիշներից, որոնք այս օրերին հանդես են գալիս Սլովենիայի Բրեժիցե քաղաքում եւ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Այստեղ էլ մեդալակիրներ ունենք։

Իսկ հիմա՝ տխուր փաստերի մասին։ Ստացվեց այնպես, որ նույն օրը` մարտի 29-ին, տեղի ունեցան մեր ֆուտբոլի երեք հավաքականների ելույթները, եւ բոլորն էլ` անհաջող, ավելին` 0:15 ընդհանուր ու անսովոր բացասական գնահատական-հաշվով։ Ինչպես հայտնի է, դրանից օրեր առաջ Հայաստանի գլխավոր ընտրանին Երեւանում անցկացված ընկերական խաղում ընդունելով Չեռնոգորիայի ազգային հավաքականին՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ շնորհիվ Վահան Բիչախչյանի գերազանց հարվածի։ Սակայն դա դարձավ միակ հաջողված պահը, քանի որ հետագայում, երբ կոպտության համար դաշտից հեռացվեց Ստյոպա Մկրտչյանը, նախաձեռնությանը տիրեցին հյուրերը։

Բախտներս բերեց, որ նրանք, օգտվելով հիշյալ փաստից, ավելի ակտիվացան եւ վստահորեն անցան գրոհի, բայց անկարող եղան իրենց առավելությունն օգտագործել՝ հաշիվը հավասարեցնելու համար։ Այստեղ ցանկանում եմ օգտագործել տարածված ասույթը, ինչն ասես հորինված է հենց մեր թիմի ելույթների համար․ «Եթե սխալ ես թույլ տվել, սակայն անհրաժեշտ հետեւություններ չես արել, իրականում թույլ ես տալիս նոր սխալ»։ Ավելի ճիշտ` երկու սխալ, ինչը կրկնվեց մեր թիմի հաջորդ ընկերական խաղում, որը կայացավ Օսլոյում, Նորվեգիայի թիմի հետ հանդիպման ժամանակ։ Դաշտի տերերն անմիջապես օգտվեցին դրանից, նախ՝ երբ Արման Հովհաննիսյանը 15-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում բացահայտ կոպիտ վարվեց վտանգավոր գոտում հայտնված մրցակցի հետ։ Սրան հետեւեց ոչ միայն մրցավարի կարմիր քարտը, այլեւ նշանակված 11 մետրանոց հարվածը։ Քիչ անց էլ նույն բանը, վերստին` տուգանային հրապարակում, թույլ տվեց նրա ազգանվանակիցը` Կամոն, եւ նորից պատիժ` 11 մետրանոց։ Երկու խաղ, երկու հեռացում, երկու 11 մետրանոց հարված։ Իսկապես աներեւակայելի ու տհաճ փաստեր։

Իսկ որպես այդ ամենի տխուր ու խայտառակ հետեւանք՝ դաշտում տեղի ունեցող իրադարձությունները քիչ էին հիշեցնում ազգային հավաքականներին բնորոշ մրցակցություն, քանի որ գնդակը գրեթե չէր հեռանում հյուրերի կիսադաշտից, իսկ նորվեգացիների դարպասապահը, ըստ էության, մնացել էր անգործ… Մեր ընտրանի կոչվածը պարզ ու պրիմիտիվ գործողությունների դիմելով, զուտ գնդակը մի կերպ ետ մղելով, բազմաթիվ տեխնիկական վրիպումներ թույլ տալով՝ ի վերջո պարտություն կրեց, այն էլ անսովոր մեծ` 0:9 հաշվով։

Ոչ պակաս վիրավորական էր նաեւ, որ գրեթե միաժամանակ եվրոառաջնությունում իրենց տկարությունը դրսեւորելով՝ երիտասարդականի տղաներն էլ 0:2 հաշվով պարտություն կրեցին սերբերից, իսկ 19 տարեկանները 0:4 սիրելի հաշվով տանուլ տվեցին իռլանդացիներին։ Ինչո՞ւ սիրելի` որովհետեւ մեկ շաբաթվա ընթացքում զարմանալիորեն նույն հաշիվն էր գրանցվել նաեւ պորտուգալացի եւ անգլիացի իրենց հասակակիցների հետ խաղերում, եւ նրանք «հաստատուն» տեղ զբաղեցրին աղյուսակի ստորին հորիզոնականում։ Ի դեպ, երիտասարդական թիմն էլ հայտնվել է նույն տհաճ դիրքում, քանզի անցկացրած յոթ խաղերից վեցում պարտություն է կրել։ Որպեսզի ամբողջական պատկերացում կազմենք մեր ֆուտբոլի ներկա վիճակի մասին, հիշեցնենք, որ շալակած գոլերով տուն է վերադարձել (անցյալ տարի) նաեւ մեր 17 տարեկանների թիմը, որը երեք խաղերում 0:14 ընդհանուր հաշվով է պարտություններ կրել, իսկ ավելի կոնկրետ` 0:5 հաշվով՝ սլովակներից, 0:7` անգլիացիներից, եւ 0:2՝ բելառուսներից։

Ինչի՞ մասին են այս տհաճ ցուցանիշները վկայում։ Մեր ե՛ւ ներկա, ե՛ւ վաղվա ֆուտբոլը լուրջ ու տագնապալի վիճակում է հայտնվել, իսկ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիան հայացքը շարունակ դեպի դուրս ուղղած, կարծես, փրկօղակի է սպասում արտասահմանից։ Ընդ որում, խոսքն այստեղ բնավ զուտ խաղացողների մասին չէ։ Եթե այսպես շարունակվի, տխուր լուրերը չեն դադարելու փոխանցվել միջազգային տարբեր ասպարեզներից։

Միսակ Նազարյան