Ե՞րբ էր ստում «Գելափը»՝ հիմա՞, թե՞ առաջ

Ե՞րբ էր ստում «Գելափը»՝ հիմա՞, թե՞ առաջ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հասկացնել տվեց, որ ծանոթացել է հանրապետական կտրվածքով «վիճակագրական տվյալների» (այսինքն՝ ԱԱԾ-ի), որոնց համաձայն՝ «կապիտուլյանտն այլեւս չունի ձայների մեծամասնություն»։ Հիշեցնենք, որ «GALLUP International association»-ի վերջին տվյալներով՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկի 24,1 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8, «Պատիվ ունեմ»-ի օգտին՝ 7.4, ԲՀԿ-ի օգտին՝ 3,7, ԼՀԿ-ի՝ 3,1 տոկոսը։ Մյուս՝ շուրջ 2 տասնյակ ուժերը՝ ՀԱԿ, «Շիրինյան-Բաբաջանյան», ԱԺԲ դաշինքներ, «Հանրապետություն» եւ այլն, ըստ այդ հարցման՝ չեն հաղթահարի անցողիկ շեմը։ ՀԱԿ-ի ձայները 0․8 տոկոսի մատույցներում են, իսկ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքին եւ «Հանրապետություն» կուսակցությանը, ըստ այդ հարցումների՝ ձայն կտա ընտրողների 2,5 եւ 2,3 տոկոսը։

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նույն օրն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե երբ «Գելափ»-ը սկսել է հետեւողականորեն նվազեցնել ՔՊ-ի տոկոսները, տեխնոլոգներն իրենց զգուշացրել են, որ ամեն ամիս այդ թիվը նվազեցվելու է, իսկ ընտրություններից առաջ պատվիրատուի (ըստ իրեն՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի) կուսակցությունը կշրջանցի իշխանական կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը, իհարկե, չի հավատում եւ կարծում է, որ սա սովորական հայկական սոցիոլոգիական թվանկարչություն է՝ պատվերով, փողով եւ «GALLUP-ն էլ սուտի Գելափն է»։
Իհարկե, հարց է ծագում, թե ինչու նիկոլականներն ու զոմբիները 2018, 2019թթ․ նույն «GALLUP International association»-ի սոցհարցումների տվյալները, որոնցով կազմակերպությունը շռայլ տոկոսներ էր «բաշխում» ՔՊ-ականներին ու իրենց առաջնորդին, չէին համարում պատվիրված։ Այն ժամանակ պատվիրովի չէր, հիմա՞ է։ Կամ գուցե այն ժամանակ էլ էր պատվեր, հիմա՞ էլ։ Իսկ գուցե ոչ այն ժամանակ էր, ոչ հիմա՞։ 

Կրկին վերհիշենք, թե «Գելափը» 2018թ․ դեկտեմբերյան ընտրություններից առաջ, իսկ ավելի կոնկրետ՝ նոյեմբերի 23-ին, ինչ տվյալներ էր հրապարակում, եւ դրանք համեմատենք ընտրությունների արդյունքների հետ։ Ըստ այդ տվյալների՝ 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողների 68.3% ձայներով հաղթելու էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, 6.7%-ը «Բարգավաճ Հայաստանն» էր ստանալու, Հայաստանի հանրապետական կուսակցությանը` 1.5%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 1.2%, Հայ հեղափոխական դաշնակցությանը` 1%: Մնացած կուսակցություններն ու դաշինքները 1%-ից քիչ ձայներ են ստանալու: 

Տվյալների համամեմատությունը ցույց է տալիս, որ, մեծ հաշվով, «Գելափը» չէր սխալվել։
Իշխող կուսակցության պարագայում «Գելափը» սխալվել էր Փաշինյանի ասած՝ «պլյուս-մինուս» մոտ 3 տոկոսով, քանի որ ԻՔ-ն դեկտեմբերի 9-ին ստացավ 70,42%, մյուսների հարցում եւս մոտավորապես այդքան՝ 3-5․5 տոկոս սխալականության տիրույթում էր։ ԲՀԿ-ի համար կանխատեսել էր 6․7 տոկոս, բայց Ծառուկյանի կուսակցությունը ստացավ 8․27 տոկոս, ՀՀԿ-ի համար ասել էր՝ 1․5, ստացան 4․70 տոկոս եւ ընդամենը 50 հազար ձայնով չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը։ Ամենամեծ սխալը «Լուսավորի» դեպքում էր, որին տվել էր 1․2 տոկոս, ստացավ 6,37%։ Մյուս կուսակցություններիհարցում՝ ՔՈ, «Սասնա ծռեր», ՀՅԴ, Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն եւ այլն, մեծ հաշվով, չէր սխալվել․ «տվել էր» 1 տոկոսից պակաս, ստացել էին 1 տոկոսից մի քիչ ավելի՝ «պլյուս-մինուս» ձայներ․ «Սասնա ծռեր»՝ 1,82 %, ՔԺՎԿ՝ 0․51, «Մենք» դաշինք (որում ներկայիս «Հանրապետությունն» ու ԱԴ-ն էին)՝ 2 տոկոս։

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այստեղ չենք կարող համեմատել, քանի որ Կոնգրեսն այն ժամանակ ՔՊ-ին չխանգարելու համար չէր առաջադրվել։ Միակ լուրջ եւ էական շեղումը վերաբերում էր մասնակցության թվին․ այն ժամանակ քաղաքացիների 70.9%-ը նշել էր, որ միանշանակ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, մինչդեռ 2018-ի դեկտեմբերը ցույց տվեց, որ մասնակցությունը եղել է 48,63 %։

Այսինքն՝ գրանցված 2 մլն 573 հազար 779 ընտրողից մասնակցել էր 1 մլն 261 հազար 105-ը։ Մենք այս շեղումների ու իշխանության կողմից նրանց ուղղված մեղադրանքների մասին զրուցել ենք «GALLUP International association»-ի անդամ՝ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանի հետ։

2018թ․ մասնակցության ամենամեծ շեղման մասով Նավասարդյանն ասում է․ «18 թվականին կար ահավոր մեծ էյֆորիա, եւ դրա ֆոնի վրա, այո, կար այդ շեղումը՝ մասնակցության մասով․ մարդիկ ոգեւորված ասում էին, որ գնալու են ընտրեն, բայց քանի որ որեւէ մեկը չէր կասկածում, որ «Քաղպայմանագիրն» անցնելու է, իրենց համակիրներն ուղղակի տեղամաս չէին գնացել, իրենց ձայնը չէին տվել։ Կամ, առհասարակ, մյուս կուսակցությունները, համոզված լինելով, որ չեն անցնելու, եւ իշխող ուժը մեծամասնություն է ստանալու, իրենց ու համակիրների մասնակցությունն ավելի նվազ է եղել, քան հարցումներով»։ Ինչ վերաբերում է նրան, որ այն ժամանակ ՀՀԿ-ին «տրվել» էր 1․5 տոկոս, բայց ստացել էին 4․70 եւ դեռ մի բան էլ ավելի (նկատի ունենալով ընտրակեղծիքների մասին հետագայում խորացած եւ որոշ հիմնավորումներ ստացած կասկածները), ապա Արամ Նավասարդյանը բացատրում է․ «Եթե հիշում եք՝ դեկտեմբեր ամսին երկրում ինչ իրավիճակ էր եւ ինչպիսի հռետորաբանություն՝ հանրապետականների վերաբերյալ։ Հետեւաբար, չեմ բացառում, որ հարցվողների որոշ մաս, ցանկանալով ընտրել հանրապետականներին, այդ մասին մեզ չի բարձրաձայնել»։

Հիմա՝ «պատվերով» «սութի Գելափի» մասով․ կազմակերպության ղեկավարը փիլիսոփայորեն նկատեց՝ այն ժամանակ հավատալը, հիմա չհավատալն իրենցից չի սկսվել, իրենցով չի ավարտվելու։ «Շատ տարբեր ժամանակահատվածներում այն կուսակցությունները, որոնք ստանում են ցածր ցուցանիշներ կամ ոչ ցանկալի, ապա հակված են ոչ թե իրենց մեղավոր համարել, այլ սոցհարցում անցկացնող ընկերություններին։ Ու քանի որ չեմ հասկանում, թե ինչու մենակ մենք ենք հիմա սոցհարցումներ իրականացնում, մեր դեմքով, այդ բոլոր թիրախավորումները, ի դեպ՝ տարբեր կուսակցությունների կողմից, մեր ուղղությամբ են»։

Նավասարդյանն ամփոփում է՝ բառացիորեն 3-4 օրից կլինեն արդյունքները, կտեսնենք՝ առնվազն այն դինամիկան, որ ցույց են տվել, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Նշենք, որ ուրբաթ՝ «լռության օրվա» նախօրեին, «Գելափը» հրապարակելու է հունիսի 14-ին եւ 15-ին արված հարցման արդյունքները։ Կա՞ փոփոխություն նախորդ՝ հունիսի սկզբի հարցումների հետ համեմատած, Նավասարդյանը չի ասում՝ անակնկալը թողնելով ուրբաթ օրվան։