«Անցումային» ֆուրոր

«Անցումային» ֆուրոր

Ինչ մեղքս թաքցնեմ, ինձ, առաջին հերթին որպես հայաստանցու և հետո նոր երևանցու, հետաքրքրում է ոչ թե փակ շուկայի դիմացի հիմնանորոգված գետնանցումում թեքահարթակների բացակայությունը, այլ վերանորոգման կապակցությամբ որոշակի զանգվածի հիացական մեկնաբանությունների առկայությունը: Քիչ է մնում գրեի՝ դրա առնչությամբ համարյա թե սեռական բավարարվածությունը: Որովհետև եթե այդ հրճվալից մեկնաբանությունները կարդար որևէ այլմոլորակային, ապա նրան կթվար, թե Հայաստանի մայրաքաղաքի համար առկա միակ լուրջ խնդիրը հենց այդ անցումի ոչ բարվոք վիճակն էր: Ու դրա լուծումից հետո քաղաքացիների կյանքը նորմալանալու է: Ինչպես արտահայտվել են մեկնաբանողները:

Բայց եթե օատարական այդ մեկն իմանար, օրինակ, մեր սահմաններում տիրող իրավիճակի մասին, ապա խիստ կզարմանար՝ մեղմ ասած: Բայց դե ես ու ինձ նմանները գիտենք, չէ՞, որ անհայրենիք արարածների համար կարևոր հենց դա պետք է լիներ, և ոչ, ասենք, սահմանների անվտանգությունը: Էլ չեմ խոսում երկու ամսից ավելի շրջափակված արցախցիների վիճակի մասին: Չեմ կասկածում նաև, որ մեկնաբանությունների ահռելի մասը նիկոլական փիառ ՊՈԱԿ-ի աշխատակիցների ձեռքի գործն է: Հիշում եք, չէ՞, դեռևս նախքան պատերազմը լրատվականներից մեկի լրագրողուհին բացահայտել էր այդ կազմակերպության՝ մասնավոր ընկերության անվան տակ թաքնված, աշխատակից աղջիկների մի խմբի գոյությունը: Հիշեցնեմ՝ իբրև թե ազգաբնակչությանը ծառայություն մատուցող ընկերության ցուցանակը փակցված էր ոչ թե դրսում, այլ փողոցից նկուղային մաս տանող աստիճաններից հետո, որը տեսնելու համար պետք է իմանայիր դրա գոյության մասին: Ինչը, բնականաբար, նոնսենս էր: Եվ աշխատակիցներն էլ ոչ թե համազգեստով էին, որը պարտադիր է նման ընկերության դեպքում, այլ ով ինչ ուներ: Ինչն արդեն երկրորդ նոնսենս էր: Երրորդ նոնսենսն էլ աղջիկների ակնհայտ շփոթվածությունն էր, երբ լրագրողը նրանց փորձում էր խոսեցնել: Դրա վերաբերյալ ես էլ եմ ֆեյսբուքյան մի քանի գրառում արել:    

Ինչևէ, անցնենք առաջ: Եթե այդ անցումը վերանորոգումից հետո երևանցիներին ներկայանար նկարազարդված պատերով և առաստաղով, ինչպես նաև թանկարժեք իսպանական սալահատակով, ու դա տեղի ունենար նախքան 44-օրյա պատերազմը, ապա ես ու ինձ նմաններն հաստատ ասելիք չէինք ունենա: Բայց խայտառակ պարտությունից ու թշնամու կողմից ՀՀ տարածք ներխուժումից հետո, երբ զորանոցի փոխարեն սահմանապահ զինվորների կեցավայրի է վերածվում 21-րդ դարում սովորական դարձած կենցաղային պայմաններից զուրկ գյուղական տունը, նույնիսկ հասարակ ցեմենտ-բետոնե անցումի գոյությունը ոչ թե ուրախության, այլ ցավի ու տխրության հիմք է հանդիսանում: Որ ունենք նիկոլականների իշխանություն և հասարակության մեծ մի հատված, որի համար այդ իշխանությունն անփոխարինելի է:  

Իսկ եթե, այնուամենայնիվ, վերացարկվեմ մեր այսօրվա իրական պրոբլեմներից և իշխանության ու վերը նշված հասարակության նման իջնեմ կենցաղային մակարդակ, ապա պիտի ասեմ, որ մի փոքր տարածք բարեկարգելու համար մի քանի ամիսն իմ կարծիքով բավական մեծ ժամանակահատված է: Որքան հիշում եմ, այն դեռևս նոյեմբերից էր փակվել և ընկել վերանորոգման տակ: Դա՝ մեկ: Եվ երկրորդ՝ թե ինչու պետք է սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը թողնվի վարձակալին՝ դա էլ երևի նիկոլական ժողովրդավարության հերթական նոու-հաուն է: Հատկապես մի քանի ամիս տևած վերանորոգումից հետո: Ինչը նշանակում է, որ դա ժամանակին չի գիտակցվել, թեև այդ ժամանակը բավական երկարատև էր, և միայն ԶԼՄ-ների դիտարկումից հետո է որոշվել նման պայման ներառել վարձակալության պայմաններում: