Ոնց որ Թուրքիայում «տաս տարվա հարս լիներ»

Ոնց որ Թուրքիայում «տաս տարվա հարս լիներ»

Թուրքիային Հայաստանի բեռը չէր հետաքրքիր, այլ այն, որ իր ու Հայաստանի սիրախաղը ցույց տա։ Հայկական կողմը չխոսկան հարսի պես դժվարանում է բարձրաձայնել Թուրքիայի հետ իր հարաբերությունների, գաղտնի պայմանավորվածությունների  մասին։ Ի վերջո դա էլ որպես ակտիվ կողմ իր վրա վերցրեց Թուրքիան, որսալով խոստովանության պատմական պահը։ Երկրաշարժ, մարդասիրություն, օգնություն ու հարաբերությունների բացահայտում։ Նման պարագայում Հայաստանի իշխանությունը կարող է սեթևեթել՝ աղետ է, ողբերգություն է արհավիրք է։ Հնարավորություն տրվեց Նիկոլ Փաշինյանին՝ ավելի ազատ գործելու, շփվելու, խաղաղության գործընթացը ծավալելու ուղղությամբ։ Արարատ Միրզոյանն իր տարերքի մեջ է, Թուրքիայի հետ շփումներում այնպես անկաշկանդ էր, որ ասես «Տասը տարվա հարս էր»։

Իսկական Խաթաբալան։ Հիշում եք Զամբախովի կազմակերպած թաղումը։ Մի փոքրիկ դրվագ․ 

«Մարգրիտի ուզողներն են: Էս առաջինը, որ տեսնում ես, Մարգրիտի սիրուց հալումաշ է եղել: Էն երկրորդը, որ ձեռքերը խաչել է… էս ո՞վ է տո, չիմ գիտի, թե ով է տո: Էս երրորդը գառան պես տղա է, էս էլ Գիրի Դանիելյանը, կնյազի ցեղից»: Հա՜ բա ո՞նց․․․ Ամբողջ օնլայն հարթակը լցվել է թուրքական սաղոլներով։ Թուրք իշխանությունները հալումաշ են եղել հայերի վերաբերմունքից, նյութեր են, որ իրար հերթ չտալով տարածվում են, չես հասցնում կարդալ։ Էրդողանի կնոջ շնորհակալությունը, թուրք գործիչների կարդաշբազարը․․․

Ինչևէ, մարդ կուրացնող, ուղեղ հաշմող հրապարակումներ, որոնց նպատակը մեկն է՝  իսկը պահն է, երկուստեք արագացնեն կազմակերպված խաղը։ 
Երբևէ չեմ պատկերացրել, որ այդքան մեծ աղետը կարող է վերածվել քաղաքական թատերաբեմի, որտեղ գլխավոր դերում կխաղան   Հայաստանի դերակատարները։ Նրանց հնարավոր չէ բեմից հանել, նրանք ոչ միայն իրենց երկրի գլխին են խաթա բերելու , այլ հենց իրենց գլխին են խաթա բերելու։ Սպասենք Ռուսաստանի արձագանքին, որը սիրախաղերի վերծանման հրաշալի մասնագետ է։