Փաշինյանն անում է այն, ինչը 1920, 1947 թվականներին չհաջողվեց ոչ մի ադրբեջանցի ղեկավարի․ Արմինե Ադիբեկյան

Փաշինյանն անում է այն, ինչը 1920, 1947 թվականներին չհաջողվեց ոչ մի ադրբեջանցի ղեկավարի․ Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանում պետական քարոզչություն է իրականացվում, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանում` Հայաստանում ադրբեջանցիների «հետ վերադառնալու» կապակցությամբ։ Այդ «համայնքի» ներկայացուցիչները նույնիսկ հանդիպել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հետ։ Ավելին, ըստ տարածված տեղեկությունների, քննարկվել է նաև վերադարձողների անվտանգության հարցը, որը պետք է իրականացվի հարևան պետության հատուկ ծառայությունների կողմից։

Մենք զրուցել ենք ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ։

-Ադրբեջանում քննարկում են ադրբեջանցիների` Հայաստանում վերաբնակեցման հարցը, որն ինքնին մտանգավոր միտումներ է պարունակում։

-Նրանց հավակնությունները շատ ավելի ծավալուն են, քան մեր իշխանությունները փորձում են մեզ ներկայացնել։ Այդ կազմակերպությունը վաղուց գոյություն ուներ, հիմա, այսպես ասած, բերել են ասպարեզ և պետական մակարդակով դա փիառ են անում՝ Արևմտյան Ադրբեջանի քաղաքացիների հանրույթը, որոնք պահանջում են իրենց հետ վերադարձը Հայաստան։ Եվ Ադրբեջանն իր հավակնությունները երբեք չի թաքցրել, ոչ մի վայրկյան այդ թեմայով նրանք չեն լռել։ Թեմային ծանոթ մարդու կամ բանականություն ունեցող մարդու համար այդ հեռանկարը գաղտնիք չէր, ուրիշ հարց է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները լրիվ անտեսում են այս վտանգը ու ամեն ձև նպաստում են, որ դա տեղի ունենա։ Իսկ ադրբեջանցիները երբ որ կգան ու կհաստատվեն այստեղ՝ սկսվելու է Հայաստանի դուրս մղումը տարածաշրջանից, որովհետև հասարակ մարդիկ չեն գալու այստեղ բնակվեն, գալու են այդ գալավարեզ-բանդիտները, որոնց խնդիրն է լինելու ահաբեկել բնակչությանը, որ մարդիկ լքեն իրենց տները։ Լինելու է այն, ինչ տեղի է ունեցել Նախիջևանում, այն ինչ փորձել են անել մի քանի անգամ Արցախում, ինչը բերեց Արցախյան շարժմանը, ու այն, ինչ տեղի էր ունենում բուն Հայաստանում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիները զբաղեցնում էին բոլոր սահմանամերձ բնակավայրերը և շրջանները ու ցանկության դեպքում նրանք 1988-1990-ական թվականներին շատ հանգիստ կարող էին դրանք զավթել, պարզապես մենք ավելի արագ գտնվեցինք և այդ հարցը լուծեցինք հօգուտ մեզ։ Հիմա Փաշինյանն անում է այն, ինչը 20, 47 թվականներին չհաջողվեց ոչ մի ադրբեջանցի ղեկավարի։

-Ահաբեկում ինչպե՞ս է լինելու։

-Ջրից կտրել, գազից կտրել, գողություններ, անասունի առևանգում, աղջիկներ գողանալ՝ ամեն ինչ, ամբողջ ծավալով։ Հիմա ի՞նչ է անում Ադրբեջանը Արցախի նկատմամբ՝ ճիշտ նույնը լինելու է հայերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դա լինելու է բոլոր այն բնակավայրերում, որտեղ բնակվելու են ադրբեջանցի հատուկջոկատայինները՝ քողարկված խաղաղ բնակիչների տեսքով` այնպես, ինչպես նրանք հիմա էկոակտիվիստների դերի մեջ են։ Լինելու են, օրինակ, ինչ-որ հովվի դերում։

-Ըստ տարածված տեղեկությունների նույնիսկ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաների հետ արդեն քննարկումներ են գնում այն մասին, որ ադրբեջանցի վերաբնակիչների անվտանգությունը հսկեն վստահելի պետության հատուկ ջոկատայինները։ Ի՞նչ է սա նշանակում։

-Այո, դա Զանգեզուրի միջանցքի գաղափարն է, այսինքն, Թուրքիան և Ադրբեջանը զորք են մտցնելու Հայաստանի Հանրապետության տարածք և հսկեն մեր բոլոր ճանապարհները և տեղաշարժերը։ 

-Շատերը հույս են հայտնում, որ Իրանը կարող է հակազդել։

-Իսկ Իրանն ի՞նչ է անելու, մեր փոխարեն մեր խնդի՞րն է լուծելու կամ մեր տեղը պատերա՞զմն է վարելու, որ պահպանի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կամ Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունը՝ չկա նման բան։ Չկա նման բան, որովհետև պաշտպանում են ուժեղի շահերը, թույլին ոչ ոք չի պաշտպանում, նվաստի շահերը ոչ ոք չի պաշտպանում, նվաստին ոչնչացնում են և գործ են բռնում ուժեղի հետ։ Ես շատ պարզ օրինակ կարող եմ բերել, երբ Սովետական Միությունը Գերմանիայի հետ մտավ պատերազմի մեջ, միացյալ Արևմուտքը՝ մնացած բոլոր եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները սպասում էին, թե ով է սկսելու հաղթել պատերազմը, որպեսզի նրա կողմից մտնեին պատերազմի մեջ ու հաղթանակի իրենց բաժինը ստանային։ Երբ որ Ստալինը խնդրում էր, ասում էր՝ դուք մեր գործընկերներն եք, եկեք, օգնեք մեզ, երբ որ լենդլիզի մասին պայմանավորվել էին դեռ 1941-1942 թվականին, լենդլիզը սկսեց գալ Ստալինգրադից հետո, երբ որ պարզ էր արդեն, որ Գերմանիան պարտվեց պատերազմում, որովհետև պարտվողին ոչ ոք չի սիրում, չի հարգում և ոչ ոք չի օգնում։

-Նշեցիք, որ մեր իշխանությունները կարծես թե նպաստում են այս գործընթացներին։ Դա չիմացությա՞ն հետևանք է։

-Հիմա արդեն այս պահին դա միտումնավոր հանցանք է և ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հանցակիցներն են, որովհետև նրանք կարող էին դրա մասին չիմանալ 2018 թվականին, դրա մասին կարող էին չիմանալ 2020 թվականին, բայց արդեն 2023 թվականն է և կատարյալ տգետ կամ անուղեղ պետք է լինել, որ չկարողանան հասարակ դինամիկան նկատել և այդ դինամիկայի դեմն առնել՝ սա միտումնավոր է արվում։

-Այսինքն, պատերազմի փոխարեն ադրբեջանցիներն ամեն ինչ անելու են, այսպես կոչված, միջազգային իրավունքի ուժո՞վ։

-Ոչ, նրանք հիմա անզեն ուժի կիրառմամբ հասնելու են նրան, որ արդբեջանցիները լցվեն Հայաստան, նրանք հասնելու են նրան, որ արդբեջանցիներն իրենց զորքը լցնեն Հայաստանի տարածք և դրանից հետո կլինի շատ կարճատև և արյունալի պատերազմ, որը կբերի հայ ժողովրդի ոչնչացմանը։ Հիմա Ադրբեջանն ընդամենը լուծում է իր ստրատեգիական դիրքերը բարելավելու հարցերը, որ հաջորդ պատերազմը ավելի քիչ կորստաբեր լինի իր համար և ավելի աղետալի Հայաստանի համար։ 

-Այս պարագայում մենք մենակ ենք մնացել։

-Այո, մենք շրջապատված ենք մեր թշնամիներով, որի ամենագլխավոր հանցակիցը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։

-Շատերը հույս հայտնեցին, որ երկարաշարժը Էրդողանի ծրագրերը Հայաստանի հետ կապված կարող է հետաձգել։ Այդ հույսը արդարացվա՞ծ է։
Հետաձգվելը և պլանների չեղյալ լինելը դա տարբեր բաներ են, ի՞նչ տարբերություն` 2023 թվականին Հայաստանը կոչնչացվի, թե՞ 2025-ին։ Էրդողանը իր ծրագրերից չի հրաժարվելու՝ դա է խնդիրը: Թե հիմա երբ կլինի՝ այս տարի, թե հինգ տարի հետո՝ դա էական նշանակություն չունի մեզ համար։ 

-Կարծում եք` Հայաստանի փաստացի ոչնչացումն ու հայ ժողովրդի ցեղասպանությունն անխուսափելի՞ են։

-Ստեղծված իրավիճակում դա անխուսափելի է՝ հաշվի առնելով, որ Փաշինյանը հաջողացրեց այնպես անել, որ Հայաստանից երես թեքեն թե Ռուսաստանը, թե եվրոպացիները, թե Արևելքը, այսինքն, մեր բոլոր գործընկերները հիմա Ադրբեջանի հետ են գործ բռնում։ Ռուսաստանը Բաքվից մեզ սպառնում է և այսօր արդեն անթաքույց Ադրբեջանի հետ է մտնում գործարքների մեջ, որ պատժի Հայաստանին: Եւ Ռուսաստանին բացարձակապես մեկ է, թե այս տարածաշրջանը ում է պատկանելու, իրենց կարևոր է լինել այս տարածաշրջանում և եթե Հայաստանը իրեն այսպես է պահում, այսպիսի դիրքորոշում է դրսևորում, հետևաբար Ռուսաստանը կգնա Ադրբեջանի հետ կպայմանավորվի և արդեն իսկ պայմանավորվում է։ Ռուսաստանի խոշոր ընկերություններն արդեն Արցախի օկուպացրած տարածքներում գործարաններ են դնում՝ դա ինչի՞ մասին է խոսում, որ նրանք եկել են ընդհանուր հայտարարի։ Եվրոպացիներն են ներդրումներ կատարում, իտալացիներն են մեքենաշինական գործարան դնում, կանաչ էներգիայի զարգացում են ներդնում, իսկ եթե ներդնում ես անում՝ նշանակում է այդ մարդկանց հետ եկել ես ընդհանուր հայտարարի։ Դա նշանակում է, որ Հայաստանի շահերը պաշտպանող չկա, որովհետև Հայաստանի շահերը սկզբից պետք է Հայաստանը պաշտպանի, հասկանա, թե կոնկրետ ինչ ապագա կարող է ապահովել իր երկրին ու ինչ զոհաբերությունների է պատրաստ գնալ, որ այդ նվաճումները պաշտպանի, հետո նոր պայմանավորվի։ Նայեք, թե վերջին մեկ տարվա կտրվածքով քանի արտասահմանյան պատվիրակություն է եկել Բաքու և Երևան, Երևան մեկ-երկու հոգի է եկել, Բաքու` շաբաթը մեկ ինչ-որ մեկը գալիս է պայմանավորվելու։

-Հայաստանի ընդդիմությունը կարո՞ղ էր բեկում առաջացնել այստեղ։

-Մարդիկ կամ խմբերը, որոնք հասկանում են այս իրավիճակի աղետալիությունը, պետք է առաջին հերթին ապահովեն իշխանափոխություն և ամենակարևորը, հասնեն այս ամեն ինչի մեղավորների դաժանագույն պատժին։ 

-Ընդդիմության մեղքը չկա՞, որ չկարողացան գրագետ գործողությունների արդյունքում ճիշտ պահն օգտագործել։

-Հարցը գրագետը չի, քաղաքականության մեջ ամեն ինչ ռեսուրսներն են որոշում, Փաշինյանն ունի բանակ, ոստիկանական համակարգ, դատական համակարգ, պետբյուջե և իրեն կարող է թույլ տալ իր պատկերացրած կամ իրեն պարտադրվող ուղիով գնալ, ընդդիմությունն այդ ամենը չունի։ Ավելին, ընդդիմությունը չի կարող արտաքին խաղացող բերի որպես օգնական, որովհետև կրկնում եմ, Հայաստանի վրա աշխարհը խաչ է քաշել։

-Անդառնալիության կետն անցե՞լ ենք։

-Եթե այսպես շարունակվի, այո։ Սակայն անհնարին բան այս աշխարհում գոյություն չունի, եթե կա ծրագիր ու կա այդ ծրագիրն իրականացնողը... հիմա մենք դա չունենք։ Կլինի, թե ոչ՝ ինձ համար մեծ հարց է։Ամեն դեպքում մենք՝ Հայաստանի Հանրապետության բնակչությունը, պետք է պատրաստ լինենք պատերազմի և ոչնչացման և այդ գիտելիքն ունենալով պետք է ամեն մեկս ինքնակազմակերպվենք և հասկանանք, ոնց ենք պաշտպանելու մեր կյանքը և մեր գոյությունը։