Ապարատում նախկինում ծաղկում էր սրճախմությունը, հիմա՝ քծնանքն ու ստորաքարշությունը

Ապարատում նախկինում ծաղկում էր սրճախմությունը, հիմա՝ քծնանքն ու ստորաքարշությունը

Ինչպես հանրությունն է պառակտվել բանակների՝ նախկիններ- ներկաներ, նիկոլապաշտներ-հականիկոլականներ, այնպես էլ պետական կառավարման համակարգերի աշխատակազմերն են կիսվել թշնամական բանակների՝ հին աշխատողներ եւ նոր աշխատողներ։
Հները մինչեւ 2018 թվականը պետական ապարատում աշխատելու դժբախտությունն ունեցած մարդիկ են, որոնք դասական իմաստով չինովնիկներ են, եւ որոնց վրա է կանգնած պետական կառավարման համակարգը։ Բայց դա չի խանգարում, որ նրանց վերագրեն աշխարհի մեղքերը։ Նրանց նախ վարչապետը մեղադրեց հեղափոխությանը «դիմադրություն» ցույց տալու եւ բարեփոխումների գործընթացը տապալելու համար։ Բայց մինչ այդ ու դրանից հետո էլ նորանշանակ նախարար-փոխնախարարների թիմն է իրենց նշանակման առաջին իսկ օրից քամահրանքով ու թերահավատությամբ վերաբերվում նրանց։

Նոր նշանակվածների աչքին բոլոր հները կոռումպացված են, նախկին իշխանությունների հետ սերտաճած, հակահեղափոխական, սեւ եւ չեզոքացման ենթակա։ Նրանց հենց առաջին իսկ օրերից աշխատանքից չազատեցին այն պատճառով, որ պարզապես կադրեր չունեին եւ այդքան մարդու փոխարինողներ չէին կարող գտնել։ Բայց բոլոր հեղափոխականների մտքում օր առաջ նրանցից ազատվելն էր, եւ սկսվեց հավատարիմների, հեղափոխական կադրերի փնտրտուքը։ Այն պահին եւ այն պաշտոններում, որտեղ գտնվում են այդ «կադրերը», անմիջապես ձեռնամուխ են լինում հներին «արմատախիլ» անելու գործին։

Բայց սա միայն տարբեր համակարգերում առկա դաժան հակամարտության ու երկպառակության երեւացող մասն է։ Հին ու նոր թիմերի միջեւ այնպիսի անտագոնիզմ է ձեւավորվել, որ Սովետական Միությունն ու կապիտալիստական աշխարհը կնախանձեին։ Ապարատի հիմնական սեւ աշխատանքը, բնականաբար, կատարում են հները։ Բայց ղեկավար կազմը շարունակ կասկածում է սրանց կոմպետենտությանը, սաբոտաժ անելուն, դավադրություններ նյութելուն։ Եթե նորերը գոնե կարողանային գաղափարներ ու հրահանգներ իջեցնել եւ ստուգել իրենց տված հանձնարարությունների կատարման ընթացքն ու որակը, գուցե այս հակամարտությունից կառավարումն անգամ շահեր։ Բայց նորերը ոչ միայն չունեն գաղափարներ, բարեփոխումների հայեցակարգ, չեն կարողանում հանձնարարություններ տալ եւ իրավիճակը պատկերացնել, այլեւ չունեն աշխատանքը պլանավորելու ունակություններ, աշխատակազմի հետ հարաբերվելու կուլտուրա եւ փորձ։ Այնպես որ, ապարատը, կարելի է ասել, մեկուկես տարի մատնված է ինքնահոսի եւ գործում է իներցիայով՝ առանց հրահանգների ու պլանավորման։ Ավելին՝ երբ ֆորսմաժորային իրավիճակներ են ստեղծվում, կամ պարզվում է՝ ուշացրել են ինչ-որ գործընթաց, վերեւներից մեղքը գցում են ներքեւների վրա։ Իսկ ներքեւներում բունտ է հասունանում։

Հներն ասում են՝ ինչպե՞ս կարող են իրենցից ոչ կոմպետենտ, գործը չպատկերացնող, գործի նրբությունները մեկուկես տարում չյուրացրած դեղնակտուցները, որոնք հաճախ տարիքով իրենց երեխա են սազում, իրենց ղեկավարել եւ իրենցից 5-10 անգամ ավել փող ստանալ։
Իսկ ֆինանսական կողմն ամենացավոտն է այս հներ-նորեր հակամարտության մեջ։ Փորձառու վարչության պետը ստանում է 200 հազար կամ ավելի, եռամսյակը մեկ աշխատավարձի 30-60 տոկոսի չափով պարգեւատրում, իսկ նրա անմիջական շեֆը՝ փոխնախարարը, որը քայլելով «մտել է» բարձր պետական աշխատասենյակ, 5-10 անգամ շատ է ստանում, շռայլ պրեմիաներն էլ՝ վրադիր։ Բոլոր ապարատներում սոցիալական լուրջ բեւեռացում է առաջացել՝ պետական աշխատավարձ ստացողների եւ միլիոններ վաստակողների միջեւ։

Դրան վրադիր՝ հների պարգեւավճարների չափն էլ նորերն են որոշում՝ կախված ծառայությունների ու ծառայամտության չափից, քծնանքի ու սիրաշահելու ունակությունից։ Եվ ստացվել է, որ հների մեջ էլ կան ճարպիկները, որոնք նորերի հետ լեզու են գտել՝ նրանց գործը սուսուփուս անում են, որ ավելի բարձր պրեմիա ստանան։ Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք ավելի լավ են աշխատում, բայց քծնել-սիրաշահելու ունակ չեն եւ դրա պատճառով ֆինանսապես են տուժում։ Եվ ապարատում եթե նախկինում ծաղկում էր սրճախմությունը, հիմա ծաղկում են քծնանքն ու ստորաքարշությունը։ Ահա այսպիսի մթնոլորտ է ձեւավորել նոր իշխանությունը պետական կառավարման համակարգում, փոխանակ արմատախիլ աներ նախկին արատավոր երեւույթները։ Սրան պետք է գումարել եւ այն, որ պետական ապարատում նաեւ սարսափն է իշխում՝ կրթության եւ առողջապահության փոխնախարարների կալանավորումը, նրանցից մեկի վարորդի կալանքը, ահազանգ է շատերի համար։

Մանավանդ նորերը չեն թողնում, որ հները հանգիստ ապրեն, տեղի-անտեղի սպառնում են՝ «կհայտնվես Լոռեցյանի կողքին», «Տես՝ Արսեն Դավթյանի բախտին չարժանանաս» եւ այլն։
Նման վերաբերմունքի եւ հարաբերությունների պարագայում զարմանալի չէ, որ ապարատը «դիմադրում» է, քանզի ապարատը պետք է աշխատեցնել, ոչ թե թշնամացնել եւ դարձնել հակառակորդ, մանավանդ եթե դու չունես այդ 6-10 հազար կադրը, որոնց գործուղես կառավարման համակարգ։ Թեեւ դա հնարավոր էլ չէ, քանի որ օրենքը պաշտպանում է աշխատողին, եւ նրան կամայականորեն՝ մտացածին պատճառներով աշխատանքից ազատել չես կարող։