«Տաշիր»-ը՝ «Սևան-Հրազդան» կասկադում

«Տաշիր»-ը՝ «Սևան-Հրազդան» կասկադում

Դեռ անցած տարի տեղեկություններ կային, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը բանակցություններ է վարում «Հրազդան-կասկադը» ձեռք բերելու մասին։ Գրվեց, որ ռուսները Հայաստանից հանում են իրենց կապիտալը եւ այն փորձում են վաճառել կամ հանձնել հայազգի գործարարների, որոնք կապեր ունեն ռուսական իրականության հետ։ Պարզվեց՝ դեռ դեկտեմբերի 5-ին «Տաշիր» ընկերությունների խումբը «Ռուսհիդրո» ընկերության դուստր՝ «Հիդրոինվեստ» կազմակերպության հետ կնքել է «Միջազգային էներգետիկ ընկերությանը» պատկանող 172, 96 միլիոն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի գնման պայմանագիր։ Այս ընկերությունն էր տնօրինում «Սեւան-Հրազդան կասկադը»։

Կնքված պայմանագրով՝ «Տաշիրը» կմարի Եվրոպական զարգացման բանկին ունեցած պարտավորությունը, ինչից հետո բաժնետոմսերը կփոխանցվեն նոր սեփականատիրոջը։ Այս գործարքի թույլտվությունը ստացվել էր ավելի վաղ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, ինչի մասին հաղորդում է «Տաշիր» ընկերությունների կայքը։ Հաղորդվում է նաեւ, որ «Սեւան-Հրազդան կասկադ»-ում իրականացված վերազինման արդյունքում «Երեւան» ՀԷՑ-ի հզորություններն ավելացել են 10 տոկոսով։ Մեզ բացատրեցին գործարքի իմաստը․ քանի որ «Սեւան-Հրազդան» ՋԷԿ-ն աշխատում է ՌԴ-ից գնվող գազով, փաստացի՝ վնասով, ընկերությունը ռուսական կողմից այն գնել է, քանի որ այն արտադրում է վերականգնողական էներգիա եւ նաեւ՝ էկոլոգիապես ավելի մաքուր է, քան գազը։