Ի՞նչ շշնջաց Էրդողանը Զելենսկու ականջին…

Ի՞նչ շշնջաց Էրդողանը Զելենսկու ականջին…

Ռուսաստանն ու Թուրքիան այս ժամանակաշրջանում աշխարհաքաղաքական «մեղրամիս» են ապրում: Երկու երկրների առաջնորդներն էլ իրենց շահն ունեն այս «սիրո» մեջ: Երկուսն էլ քաղաքականության մեջ, ինչպես ասում են՝ փորձված «աղվեսներ» են: Հայն իր դառը կենսափորձից գիտի, որ թուրքի հետ ընկերացողը երբեք զենքը չպետք է վայր դնի: Էրդողանն այսօր ստանձնել է Պուտինի ու Զելենսկու միջեւ «բարեխոսի» ու հաշտարարի դեր: Պուտինը գոհ է նրանից կամ ցույց է տալիս, որ գոհ է:

Կարծես թե մարդը մտահոգ է, որ Ուկրաինայում պատերազմը դադարի, գալիս է, Պուտինին է հանդիպում, գնում՝ Զելենսկուն է հանդիպում, խիստ մտահոգ դեմքով լուսանկարվում է: Օրերս Լվովում հանդիպեցին Էրդողանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Եռակողմ հանդիպումը տեւել է մոտ քառասուն րոպե: Սակայն նախատեսվածից բավականին երկար է տեւել Էրդողան-Զելենսկի առանձնազրույցը: Թե ինչ են զրուցել նրանք, չի մանրամասնվում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Էրդողանը փորձել է համոզել Զելենսկուն՝ Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Զելենսկին նորից անհարմար դրության մեջ է դրել Էրդողանին` պնդելով, թե կնստի միայն մեկ պայմանով, երբ ռուսական զորքերը դուրս գան Ուկրաինայի օկուպացված տարածքներից: Էրդողանը հայտնվել է անհարմար վիճակում. Պուտինին խոստումներ է տալիս, առիթից օգտվելով, որ վերջինս այդքան էլ շահեկան վիճակում չէ, ինչ-որ բաներ է կորզում, թեկուզ՝ Արցախի ու Սյունիքի հետ կապված, բայց ինքն իր հիմնական առաքելությունը չի կարողանում կատարել:

Պատերազմի այս փուլում ո՛չ Ուկրաինան, ո՛չ Ռուսաստանը պատրաստ չեն ոչ միայն խաղաղության, այլեւ զինադադարի. Պուտինն ուզում է այս պատերազմից դուրս գալ հաղթողի կարգավիճակում, հակառակ դեպքում իրեն եւ Ռուսաստանին կդնի վատ դրության մեջ՝ նաեւ իմիջի առումով: Զելենսկին նույնպես ուզում է, որ պատերազմը շուտ ավարտվի, բայց առանց տարածքային կորուստների։ Այս երկու առաջնորդների ցանկությունները խաչվում են իրարլ ու հակամարտությունը շարունակվում է՝ բերելով անդառնալի կորուստներ: 

Էրդողան-Զելենսկի հանդիպումից, սակայն, կան հետաքրքիր փաստեր, որոնց մասին լռում են թե՛ թուրքական, թե՛ ռուսական լրատվամիջոցները: Թուրքիայի նախագահին տարբեր նախարարների հետ միասին ուղեկցել են նաեւ պաշտպանության նախարարության հետախուզության, պաշտպանական արդյունաբերության վարչության ներկայացուցիչները և ամենակարեւորը՝ Bayraktars արտադրող Baykar Makina ընկերությունը: Ի՞նչ է սա նշանակում, Էրդողանը մի կողմից հայտարարում է. «Մենք ջանքեր ենք գործադրում հակամարտությանը դիվանագիտական լուծման միջոցով վերջ դնելու համար»: Մյուս կողմից իր զենքի բիզնեսն է ծաղկեցնում ռուսների եւ ուկրաինացիների արյան հաշվին: Բայրաքթարները, ըստ էության, Զելենսկին իր տուն չի տանելու, այլ տանելու է պատերազմի դաշտ եւ հանի Էրդողանի «ընկեր» Պուտինի զորքերի դեմ:  

Մի հետաքրքիր փաստ եւս, որի մասին լռեցին թուրքական եւ ռուսական լրատվամիջոցները: Էրդողան- Զելենսկի առանձնազրույցի ժամանակ, փաստորեն, Էրդողանը Զելենսկուն «լավ-լավ» բաներ է խոստացել, որոնց մասին բարձրաձայնեց միայն հենց Զելենսկին. «Երախտագիտություն եմ հայտնում Թուրքիային այն բանի համար, որ պատրաստ է իր պատրոնատի ներքո վերցնել Խարկովի եւ Խարկովի մարզի վերականգնումը: Թուրքիան ցանկանում է առաջատարը լինել այդ հարցում»: Հիշեցնենք, որ Խարկովի մարզի զգալի տարածքներ ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ են: Եվ եթե Էրդողանն այդ հարցը քննարկել է եւ նման խոստում է տվել Զելենսկուն, ապա նա համարում է, որ տարածքները պատկանում են Ուկրաինային, ռուսական զորքերն «օկուպացրել» են դրանք եւ պետք է ազատեն: Ահա, այսպիսի ընկեր ու հաշտարար է Պուտինի համար Թուրքիայի առաջնորդը: Իսկ փորձը ցույց է տալիս, որ ցանկացած հնարավորության դեպքում նա առաջինը զենք ու ձեռք կբարձրացնի թե՛ «հարգելի Պուտինի», թե՛ Ռուսաստանի վրա: