400 հազար դոլարանոց լոգոն պետք չեկավ, նոր լոգո կստեղծվի

400 հազար դոլարանոց լոգոն պետք չեկավ, նոր լոգո կստեղծվի

Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանի զբոսաշրջության բրենդավորում է իրականացնում, այսինքն՝ Հայաստանի զբոսաշրջությունը կունենա նոր լոգոտիպ։ Այս նպատակով կոմիտեն մրցույթ է հայտարարել, հաղթել է Aha collective խումբը։ Բանն այն է, որ այս ընկերությունը նորաբաց է, ֆեյսբուքյան էջն ունի 5 հավանում, իսկ ընկերության կայքը նոր-նոր է ձեւավորվում, եւ տարակուսանք է առաջանում, թե ինչպես է ստացվել, որ այս ընկերությունն է հաղթել։ Բացի այս, 2015 թվականին Հայաստանի զարգացման հիմնադրամը 400 հազար դոլարով «Ազգային բրենդի» լոգոտիպ պատվիրեց, որն իրենից ընդամենը ներկայացնում էր ՀՀ դրոշի եւ նռան գույնի համադրմամբ արեւանման պատկեր՝ հետեւյալ գրությամբ՝ Armenia. The Story is Just Beginning (Հայաստան․ պատմությունը նոր է սկսվում)։

Այդպես էլ հայտնի չեղավ, թե երբ եւ ինչի համար օգտագործվեց այդ թանկարժեք լոգոտիպը, ինչ օգուտ բերեց Հայաստանի զբոսաշրջությանը, եւ ինչու է զբոսաշրջության կոմիտեն, այս լոգոտիպը թողած, նորը պատվիրում։ Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Գայանե Այվազյանին նախ հարցրինք, թե ինչպես է ստացվել, որ նորաստեղծ ընկերությունն է հաղթել մրցույթը։

«Մրցույթը կազմակերպվել է գերմանական GIZ ասոցիացիայի կողմից, այսինքն՝ ամբողջական ֆինանսավորումը Եվրամիության եւ իրենց միջոցով է, իրենց միջոցով է մրցույթը հայտարարվել, որը բաց մրցույթ էր, եւ որին մասնակցել է մոտ 14 կազմակերպություն, որոնց թվում անունով կազմակերպություններ կային։ Ժյուրիի անդամ կար ե՛ւ կոմիտեի, ե՛ւ GIZ-ի կողմից, եւ մրցույթի արդյունքում ընտրվել է այս կազմակերպությունը։ Եթե նկատեցիք, այն ստանդարտ ընկերություն չէ, այլ կոլեկտիվ է, հենց այդպես էլ կոչվում է՝ Aha collective։

Կազմակերպությունը ստեղծվել է հենց մեծ պրոյեկտներ իրականացնելու համար, իր նպատակը, կախված տարբեր խնդիրներից, տարբեր մարդկանց միավորելն է՝ ոլորտի լավագույն մասնագետներին, այն մարդիկ, ովքեր ներգրավված են, ունեն շատ լուրջ փորձ։ Կայքը դեռ պատրաստման փուլում է, դրա համար այդ ամբողջ ինֆորմացիան դեռ չկա արտացոլված։ Մենք գնահատել ենք այն պրոյեկտը, որը դրվել է սեղանին, իսկ սեղանին դրվել է բավականին լուրջ պրոյեկտ ու բավականին լուրջ հիմնավորմամբ։ Այո, փորձով կազմակերպություններ նույնպես կային, բայց նրանց առաջարկած կոնցեպտը ստացել է ամենաբարձր միավորները»,- պատասխանեց Այվազյանը։

Իսկ զբոսաշրջության կոմիտեի ինչի՞ն էր պետք նոր լոգոտիպը, երբ մի քանի տարի առաջ 400 հազար դոլարով ստեղծել են այն։ «Այդ ժամանակ զբոսաշրջության կոմիտեն չի պատվիրել լոգոտիպը, այլ Հայաստանի զարգացման հիմնադրամը, որի նպատակը Հայաստանի ընդհանուր բրենդավորումն էր, իսկ տվյալ դեպքում մենք խոսում ենք Հայաստանը որպես զբոսաշրջության երկրի բրենդի մասին։ Զբոսաշրջության կոմիտեն պարբերաբար մասնակցում է տարբեր միջոցառումների, մենք տպագրում ենք նյութեր, գնում ենք միջազգային կոնֆերանսների, մինչ այսօր օգտագործվել է մեկ լոգո՝ «Արմենիա թրեւլ» կայքն է՝ իր լոգոյով։

Այդ լոգոն տարիներ շարունակ օգտագործվել է, այն այլեւս նոր չէ, եւ եթե մենք ուզում ենք առաջ շարժվել, ուզում ենք Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր դիրքավորել, ապա շատ կարեւոր է, թե վիզուալ ինչպես է հայտնվում զբոսաշրջիկի առջեւ։ Այս պահին այս խնդիրն է դրված»,- պատասխանեց Այվազյանը։ Հետաքրքրվեցինք նաեւ գնով` ի՞նչ արժե այս նոր լոգոն։ Այվազյանը չպատասխանեց` ֆինանսավորող կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում հանրայնացնել գումարի չափը։