Դիմորդն այսուհետ կարող է քննություն հանձնել տարվա մեջ երկու անգամ

Դիմորդն այսուհետ կարող է քննություն հանձնել տարվա մեջ երկու անգամ

Կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը: Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական եւ ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդներն հանձնում են ընդունելության առնվազն 2 քննություն: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան: Որոշմամբ՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը եւ մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: Ըստ այդմ` նույն մասնագիտության դիմորդները պետք է հանձնեն ընդունելության նույն քննությունները` անկախ ընտրված բուհից:

2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել եւ հանձնել 2 անգամ: Առաջին փուլում դիմումների հայտագրումն կիրականացվի այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչեւ փետրվարի 15-ը):  Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Մեկ ուստարվա ընթացքում, դիմորդներին հնարավորություն տալով 2 անգամ հանձնել ընդունելության միասնական քննություններ, պետությունն այս քայլով, ըստ էութան, ընդառաջ է գնում ոչ այնքան դիմորդներին, ովքեր եթե կտրվեն առաջին անգամ, կարող են փորձել 2-րդ անգամ, որքան՝ բուհերին, որոնք վերջին տարիներին անընդհատ զրկվում են դիմորդներից։ Միայն այս տարի բուհերում թափուր է մնացել մոտ 14 հազար տեղ, ընդորում՝ 258-ը անվճար։ Իսկ դա նշանակում է, որ այս նոր կարգավորումով պետությունը նախեւառաջ փորձում է լուծել ապագա ուսանողների համալրման խնդիրը բուհերում։