Զանգեզուրի մասին Ալիեւի երեկվա հայտարարությունն ուղղված էր նաեւ Ռուսաստանին․ Թոֆիկ Զուլֆուղարով

Զանգեզուրի մասին Ալիեւի երեկվա հայտարարությունն ուղղված էր նաեւ Ռուսաստանին․ Թոֆիկ Զուլֆուղարով

«Ադրբեջանը կպահանջի, որպեսզի Հայաստանը կատարի 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի հայտարարության բոլոր դրույթները։ Տրամաբանությունն ու ճշմարտությունը Բաքվի կողմն են։ Այս համատեքստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դժգոհ է եռակողմ հայտարարությունը կատարման ընթացքից, եւ ցույց է տալիս նաեւ այն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում եռակողմ համաձայնագրի կատարումը»։ Այս մասին Minval.az-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա հայտարարությունը, կապված Զանգեզուրի հետ, որում չէր բացառվում նաեւ ուժային եղանակով միջանցքի ապահովման տարբերակը։

Զուլֆուղարովը կարծում է, որ այս հայտարարությունն ուղղված է նաեւ Ռուսաստանին, որպես հայտարարության երրորդ կողմի, քանի որ Մոսկվան է նաեւ հանդիսանում երաշխավորը, որ ստորագրված փաստաթուղթը ամբողջապես կկատարվի։ Ադրբեջանցի նախկին նախարարը կարծում է, որ գնդակն այժմ ռուսների դաշտում է, եւ ռուսները իրենց պետք է որոշեն թե ինչպես են «ստիպելու հայերին, որպեսզի կատարեն հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները»։ Հետաքրքրական է նաեւ այն, որ ադրբեջանական մամուլում արդեն բարձրաձայն խոսվում է այն մասին, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի սառեցում է նկատվում։ Բաքվում կարծում են, որ Մոսկվան ճնշում է փորձում գործադրել Բաքվի դեմ, անօրինական միգրանտների մինչեւ հունիսի 15-ը Ռուսաստանից հեռանալու պահանջ դնելով նաեւ Ադրբեջանի դեմ, թեեւ Զուլֆուղարովը այս հարցին բավականին զգուշավոր պատասխան է տվել, փորձելով գույները մեղմացնել։