Շոուն շարունակվում է

Շոուն շարունակվում է

Ինչքան սրվում է իրավիճակը Հայաստանի ու Արցախի շուրջ, որքան մոտենում է չարաբաստիկ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու եւ սահմանազատում իրականացնելու պահը, այնքան ավելի աղմկոտ շոուներ են բեմականացվում մեզանում։ Պատերազմից 2 տարի անց մեղադրանք է առաջադրվում Արցախի ՊԲ երկու հրամանատարներին, որոնք 44-օրյա պատերազմի հիմնական գործող անձինք են եղել եւ ամենահարմար թիրախներն էին՝ մեղքը բարդելու առումով։ Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն մոտ մեկ տարի նստած է, հաջորդը կլինի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, նրա տեղակալներից մեկն ավելի վաղ էր կալանավորվել։

Գուցե առաջիկայում ավելի ցածրաստիճան զինվորականներ էլ մեղադրվեն, որպեսզի շրջանը փակվի՝ մեկ-երկուսը հրահանգներ են իջեցրել, մյուսները՝ կատարել։ Այս շղթայում, իհարկե, գերագույն գլխավոր հրամանատարն է բացակայում, բայց քանի դեռ նա վարչապետի աթոռին է՝ ինքն անմեղ է, մյուսներն են մեղավոր։ Պարզ է, որ խնդիրը պարտության մեղավորներին գտնելը չէ։ Մարդը 2 անձ է սպանում, մի շաբաթ է՝ իրավապահներով ընկած փնտրում են՝ չեն գտնում, մի պարզ քրեական գործով մեղավորին ու անմեղին իրարից չեն կարողանում զատել, պատերազմի այդ խառնաշփոթի, ցայտնոտի ու անվերահսկելիության իրավիճակում պարզ չէ՞, որ թացը չորի հետ վառվելու է, եւ հնարավոր չի լինելու իրական մեղավորին՝ անմեղից, դավաճանությունը՝ անփութությունից, այդ խուճապի մեջ սխալ կողմնորոշվելն ու միտումնավոր սխալ հրահանգն իրարից զատել։ Իսկ այնտեղ, որտեղ իրականությունը պարզելու, մարդու մեղքը հստակ որոշելու հնարավորություն չկա, ուղղակի, պետք չէ մտնել։ Ավելի լավ է հազար մեղավոր դրսում, քան մեկ անմեղ՝ բանտում։ Էլ չենք խոսում այն մասին, որ գլխավոր մեղավորին մենք բոլորս լավ գիտենք, իսկ սլաքավարներին պատժելը մեզ ոչինչ չի տա։