Կռվելով` մեռնել

Կռվելով` մեռնել

Ո՞վ կսպասեր, որ 21-րդ դարը ոչ միայն տեխնոլոգիական անհավանական առաջընթացի եւ արհեստական բանականության ներդրման դար կարող է լինել, այլ նաեւ բարբարոս պատերազմների: Եվ մարդկությունը միջնադարյան վայրի մեթոդներով կարող է ոչնչացնել իրար ու պատերազմել` հողեր գրավելու եւ ազդեցության գոտիներ ընդլայնելու համար: Փաստորեն, 20-րդ դարի երկրորդ կեսն աննախադեպ խաղաղ ժամանակաշրջան է եղել մարդկության պատմության հազարամյակների կտրվածքով, անգամ 90-ականների ղարաբաղյան պատերազմը, բոսնիական պատերազմը համեմատության եզրեր չունեն այն ամենի հետ, ինչ կատարվում է 2020 թվականից սկսած: 20-րդ դարասկզբի պատերազմները, միլիոնավոր զոհերը եւ զրկանքները, որ կրեց աշխարհը հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմում, ըստ էության, ինչ-որ շրջան զսպել են գերտերություններին եւ նրանք, անգամ միջպետական հարաբերությունների ամենալարված շրջաններում զերծ են մնացել ռազմական ուժի դիմելու գայթակղությունից:

Այն պահին, երբ մի քանի սերունդ փոխվեց եւ մարդկությունը մոռացավ 1941-45 թթ. մղձավանջը, նորից սկսվեցին արյունահեղություններն ու զինված ընդհարումները: Ընդ որում, եթե մեզ թվում էր, թե պատերազմն առավելագույնը կարող է 44 օր տեւել, քանի որ զինված ուժերի հզորության պայմաններում ուժեղի համար կայծակնային արդյունքն ապահովված է, ռուս-ուկրաինական պատերազմով համոզվեցինք, որ այդպես չէ` պատերազմները կարող են տեւել նաեւ ամիսներ ու անգամ տարիներ, եւ եթե ուժերը համարժեք են, ապա դրա ելքն էլ կանխորոշված չէ: Եվ ամենակարեւորը` խաղաղությունն այն գինը չունի, որի համար մարդիկ պատրաստ լինեն հրաժարվել հողից, ինքնիշխանությունից, արժանապատվությունից: Կարելի է կռվելով մեռնել, բայց ստորացուցիչ խաղաղության ու կապիտուլյացիայի չհամաձայնել: