Առերեսվելով «Նրանց ժամանակին» 

Առերեսվելով «Նրանց ժամանակին» 

Օրերս, «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ «Նրանց ժամանակը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Արցախյան պատերազմի բուժաշխատողներին։ Ժողովածուն յուրօրինակ առերեսում է սեփական պատերազմի հետ։ Բացառապես անձնական պատմությունների, հուշերի վրա հիմնված «Նրանց ժամանակը» հրատարակությունը ինքնին տարեգրություն է, հանուն Արցախի ազատագրման մղված պայքարի առարկայացումն ու փաստավավերագրությունը։
1991-1994 թվականների արցախյան պատերազմի սպիտակ խալաթով զինվորները հրամանատարներից, ազատամարտիկներից ոչ պակաս ներդրում են ունեցել հաղթանակի կերտման մեջ։ Նրանք կյանքեր են փրկել, զինվորներին բուժել ու շարք վերադարձրել, ամենաանհավանական պայմաններում արել են անհնարինը, որովհետեւ բոլորին մեկ նպատակ է միավորել՝ Արցախի ազատագրումը եւ հաղթանակը։ 

Գրքում ընդգրկված է 116 հարցազրույց: Գրքի թե խմբագիրը, թե հարցազրուցավարները (Նաիրա Փայտյան, Սոնա Մարտիրոսյան, Ռուզաննա Բագրատունյան) բժիշկների հետ սկսել են հանդիպել եւ զրուցել 2018-ից սկսած: Գիրքը կազմել եւ խմբագրել է Ռուզաննա Բագրատունյանը, ով նաև նախագծի հեղինակն է: Բագրատունյանն իր խոսքում նշեց, որ կարեւորել են այն բուժաշխատողների աշխատանքը, ովքեր այդ տարիներին առաջին գծում էին. «ովքեր հատկապես դաշտային հոսպիտալներում էին աշխատում եւ շարունակաբար ամիսներով, տարիներով եղել են նկուղներում, հոսպիտալներում: Չենք ընդգրկել նրանց, ովքեր մեկ օրով գնացել եւ հետ են եկել, այսինքն այդ շարունակական աշխատանքը չի եղել: Անշուշտ, այս ցանկը ամբողջական չէ: Մարդիկ կան, որոնք դուրս են մնացել, հրաժարվել են, արտասահմանում են եղել, կային մարդիկ, որոնք այլեւս ողջ չեն, կամ մարդիկ, որոնց հետքը այդպես էլ չգտանք»: 

Գրքի կազմող- խմբագիրն անկեղծանում է` պատերազմի մասին խոսելը եւ դրա մասին գրի առնելը նույնքան դժվար է, որովհետ հավասարապես անցնում ես այդ ամենի միջով. «Այս գրքից հետո ինձ թվում էր` ես էլ եմ պատերազմի դաշտում եղել, անցել այս խրամատից այլ խրամատ: Այդ զգացողությունը մտնում է քո էության մեջ եւ անընդհատ սկսում ես այդ պատերազմը վերապրել: Ու երբ այդ օրերին ինչ որ մեկին դիմում էի, նախ` ներողություն էի խնդրում, ապա նոր խնդրում էի պատմել, որովհետեւ գիտեի, որ անուղղակի ձեւով ցավ եմ պատճառելու»: 

Լրագրող, հարցազրուցավար Նաիրա Փայտյանն էլ հիշում է, որ 30 տարի անց, երբ կապ էին հաստատում առաջնագծում կյանքեր փրկած բժիշկների հետ, նրանցից շատերը զարմանում էին այդ ուշադրությունից.

«Մարդիկ զարմանում էին, որ հիշել ենք իրենց, հատկապես` բուժքույրերին, բուժակներին, բուժօգնությունը կազմակերպողներին որեւէ մեկն այս ընթացքում չի անդրադարձել, նրանք միշտ լուսանցքում են եղել, ասում էին` ինչի մեզ հիշո՞ղ էլ կա...: Պատմությունից պատմություն էր բացվում: Շատ ցաքուցրիվ էին խոսում, շատերը «կանտուզիա» էին ստացել պատերազմի ժամանակ եւ շատ բան մոռացել էին, բայց փորձում էին ինչ որ բաներ մտաբերել, զրույցների ընթացքում հուզվում էին: Բուժքույրերը հատկապես շատ էմոցիոնալ էին, որովհետեւ այդ տարիներին երիտասարդ են եղել եւ փաստորեն ողջ սեւ գործը նրանք են արել: Փորձել ենք բուժաշխատողների գտնել նաեւ Սփյուռքում, այդ մարդկանց հետ արդեն տեսակապով եմ զրուցել: Կային անգամ մարդիկ, ովքեր չէին կարեւորում իրենց անձը եւ անդրադարձը այդ օրերին»: