Անգրագիտությունը հանրություն է վերադառնում պետական համակարգից

Անգրագիտությունը հանրություն է վերադառնում պետական համակարգից

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Ձորագյուղ ազգագրական թաղամաս 21/3, 21/4, 21/5 հասցեներին հարակից 326 քմ տարածքը վաճառել Սուրեն եւ Հասմիկ Փահլեւանյաններին: Նշված հասցեների համար այս ներդրողները դեռ 2021-ի փետրվարին են ստացել շինթույլտվություն: Ըստ կառավարության, եւս 326 քմ-ն կօգնի ամբողջացնել կառուցվող բիզնես- համալիրի ճարտարապետական տեսքը: Ներդրողները խոստանում են ծախսել 10 միլիոն ԱՄՆ դոլար, կառուցել բնակելի եւ բիզնես տարածքներ, մարզասրահ, մանկապարտեզ, սրճարան, կբարեկարգվի տարածքը: Ներդրման արդյունքում ստեղծվելու է 150-200 նոր աշխատատեղ, շինարարությունը կտեւի 2-3 տարի:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ էր «Հրապարակը» Լոռու մարզի Լուսաղբյուր բնակավայրում կառուցվող դպրոցի օրինակով ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե անգրագիտությունը վերադառնում է մեր հանրություն, պետք է ուղղել պետական համակարգին: Այնտեղ են սխալ հաշվարկներ անում: Պարզվում է Լուսաղբյուրը ցավալի բացառություն չէ: Լուսաղբյուրի դեպքում սխալ էին հաշվել դպրոց կառուցելու եւ սպասարկելու տարածքը եւ որոշումից 2,5 ամիս անց նոր որոշմամբ եւս 0,317 հա տարածք տվեցին: Սուրեն եւ Հասմիկ Փահլեւանյաններին տարածք տրամադրելու որոշումն էլ սխալ հաշվարկված ու մեկ տարի անց եւս 326 քմ տարածք են տալիս: Կառավարությունը մեկ տարի ուշացումով ուղղում է սեփական սխալն ու ի ցույց դնում պետական համակարգում տիրող անգրագիտությունը:

Արեգ Մարգարյան