Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 24

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 24

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր քսանհինգերորդ՝ ապրիլի 24:

2018թ․ ապրիլի 24 - Աշխարհասփյուռ հայերը նշում են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայաստանում լրահոսի մեջ գերակշռում են իշխանափոխության մասին լուրերը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Մեր գործընթացի համար ամենակարեւոր դետալը երկրում նախեւառաջ միջավայրի փոփոխությունն է, շատ կարեւոր է, որ վերականգնվի դրական միջավայրը Հայաստանում, որը բազմաթիվ տարիներ բացակայում է: Ես կարծում եմ, որ առաջինը, որ կարողացանք, շարժման միջոցով ընկճվածության մթնոլորտի հաղթահարումն է»:

Հետո՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, պիտի պարզվեր, որ հիասթափությունը խորացել է, եւ հանրային ընկճվածությունն անասելի չափերի է հասել: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը հայտարարեց. «Նիկոլի նկարները չտեսնեմ դպրոցների, իշխանության շենքերի, այլ բյուջետային հիմնարկների պատերին, թե չէ կգամ հեղափոխություն կանեմ»։ Հետո այդ նկարները տարածվեցին պետական ողջ համակարգում, եւ անգամ գումարներ են ծախսում՝ նկարները բազմացնում եւ կախում պատերին:ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց. «Լավ չէ՞ր լինի, եթե Կարեն Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի վաղվա հանդիպման արդյունքում ստեղծվեր Ազգային համաձայնության կառավարություն՝ խորհրդարանական բոլոր կամ գրեթե բոլոր ուժերի կոալիցիայով եւ առանց արտահերթ ընտրությունների: Արդյո՞ք այդպես ավելի լավ չի լինի մեր պետության անվտանգության ու հատկապես՝ տնտեսության համար»։ Նման կառավարություն չձեւավորվեց, իսկ Անդրեասյանը տարիներ անց համաձայնեց դառնալ միագույն եւ միակուսակցական կառավարության անդամ:

2019թ․ ապրիլի 24 - Նիկոլ Փաշինյանը վարչապետի ուղերձ է հղում Ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով: Ուղերձում չի նշվում Թուրքիան կամ Օսմանյան կայսրությունը, ասում է «ոճրագործ» ու պնդում՝ մենք հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Հետո պիտի պարզվեր, որ պատրաստ են հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

2020թ․ ապրիլի 24 - Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Թուրքիային ու պնդում, որ մենք չպետք է ջանք խնայենք, որ մեր դաշնակիցների հետ մեր հարաբերությունները խորանան, դառնան ավելի ինստիտուցիոնալ եւ հուսալի, աշխարհում մեր դաշնակիցների թիվը շատանա. «Բայց այսպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորություն կարող է ստեղծել միայն ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ եւ ինքնիշխան պետությունը: 
Իսկ ինքն իրեն պաշտպանելու ընդունակ, արժանապատիվ եւ ինքնիշխան պետություն ունենալու համար մեզ հարկավոր է ունենալ ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ, դինամիկ զարգացող բարձրտեխնոլոգիական տնտեսություն, ռազմարդյունաբերական կայացած համալիր, հզոր բանակ եւ հատուկ ծառայություններ, իսկ այսպիսի արդյունքի հասնել հնարավոր է միայն համահայկական ներուժի համախմբմամբ: Համահայկական ներուժի Հայաստանի պետականության շուրջ համախմբման միջոցով, այնպիսի համախմբման միջոցով, որը կդառնա մեր պետականության գիտական, դիվանագիտական, տնտեսական առաջընթացի խթան ու երաշխավոր: Առաջիկայում հենց այսպիսի հայեցակարգի եւ ռազմավարության նախագիծ կներկայացնեմ համահայկական քննարկման»: Նման հայեցակարգ չի ստեղծվել, իսկ իշխանությունն առայժմ միայն պառակտում է եւ քանդում ամեն ինչ:

2021թ․ ապրիլի 24 - Նիկոլ Փաշինյանը Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված ուղերձում դարձյալ նշում է Թուրքիայի անունը, դատապարտում ու հավելում, որ ասվածը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում. «Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբեւէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, եւ թող որեւէ մեկը չկարծի, որ որեւէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որեւէ քաղաքական հոսանք երբեւէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը եւ կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները»: Փաշինյանը ապրիլին դատապարտում է պանթյուրքիզմը, բայց 8 ամիս անց Ազգային ժողովում խուսափում է թուրքերին թշնամի որակելուց:

2022թ․ ապրիլի 24 - Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ասում է․ «Սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է եւ խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով: Նաեւ այս է պատճառը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ ենք վարում: Հույս ունենք՝ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են, եւ մենք կկարողանանք այս ուղղությամբ շարժվել առաջ»:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ