Անգրագիտությունը հանրություն է վերադառնում պետական համակարգից

Անգրագիտությունը հանրություն է վերադառնում պետական համակարգից

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Լոռու մարզի Լուսաղբյուր բնակավայրում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզի կառուցման եւ սպասարկման համար լրացուցիչ 0,317 հեկտար տարածք տրամադրել: Հարցը ներկայացրել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Կարծես թե լավ որոշում է, իրականում՝ աշխատել չիմանալու խոստովանություն է:

Լուսաղբյուրում 144 տեղանոց մանկապարտեզ կառուցելու որոշումը կառավարությունն ընդունել է մոտ 2,5 ամիս առաջ՝ 2022 թվականի փետրվարին: Այսինքն 2,5 ամիս առաջ կառավարությունը հաստատել է մինչեւ վերջ չհաշվարկված, սխալ հաշվարկված նախագիծ: Լրացուցիչ 0,317 հեկտար տարածք տրամադրելու որոշման նախագիծի հիմնավորման մեջ գրված է, որ նախկինում՝ 2,5 ամիս առաջ հատկացված հողամասի չափը բավարար չէ մանկապարտեզի կառուցման եւ սպասարկման տարածքի համար:

Այն ժամանակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը,միայն ընդհանուր թվեր ներկայացրեց՝ 10 մանկապարտեզի կառուցում, 12 մանկապարտեզի նախագծում, 21 դպրոցի կառուցում, 10 դպրոցի նախագծում եւ այլն: Հետո Նիկոլ Փաշինյանը երկար թվարկեց մարզերը, համայնքներն ու ասաց, որ կարեւոր է աշխատանքների պատշաճ որակով իրականացնելը: Հիմա հարցեր.
1. Եթե կառավարությունը հաստատում է մի որոշում, որտեղ սխալ է հաշվարկված շինարարության տարածքը, սա պատշաճ որակ է՞: 
2. Եթե ակնհայտ է դառնում, որ սխալ հաշվարկված նախագիծ է ներկայացվել կառավարություն ու հաստատվել, ինչո՞ւ կառավարությանն անհարմար վիճակի մեջ դնողը նախատիքի խոսք չի լսում:
3. Իսկ ո՞ւր է երաշխիքը, որ լրացուցիչ 0,317 հեկտար տարածք տրամադրելու որոշումը ճիշտ է հաշվարկված:
 4. Եթե մեղավորը չի պատժվում, կա՞ երաշխիք, որ հետայսու նման ու ավելի աղետաբեր սխալ հաշվարկներ չեն լինի:

Այսպես են հաշվել թավշյաները, որ բանակի համար զենքի փոխարեն չսպառազինված ինքնաթիռ ու ելակ են գնել ու կորցրել Արցախի 80 տոկոսը:

Սխալ հաշվարկված՝ անգրագետ որոշում կայացնող կառավարության մեկ շաբաթ առաջվա՝ ապրիլի 28-ի, նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. 2019-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձեւով վերադառնում է մեր հանրություն: 2019-ին իշխանությունը հենց թավշյաների ձեռքում էր: Նրանց օրոք, իսկ ավելի կոնկրետ՝ նրանց ձեռամբ է անգրագիտությունը վերադառնում մեր հանրություն: Անգրագետ որոշումներ կայացնողների կառավարած երկրում չի կարող անգիագիտություն չտարածվել: Հայտնի իմաստնությունն ասում է՝ «Դուռդ փա՛կ պահիր, հարեւանիդ գող մի՛ ասա»: Այս տրամաբանության մեջ ասենք կառավարությանը՝ «Անգրագետ մի՛ եղիր եւ անգրագիտությունը չի տարածվի»:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ