Աղավնոյի, Սուսի, Բերձորի «ուղտը» բոլորիս դռանն էլ չոքելու է

Աղավնոյի, Սուսի, Բերձորի «ուղտը» բոլորիս դռանն էլ չոքելու է

Ադրբեջանը, այդ թվում՝ հայկական կողմը, մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ են տվել Աղավնոյի, Սուսի եւ Բերձորի բնակիչներին՝ գյուղից հեռանալու համար: Նախօրեին էլ արդեն ականատես եղանք, թե ինչպես Աղավնոյի առաջին բնակիչն իր ձեռքով այրեց սեփական տունն ու հեռացավ։ 
«Առաջին զիջումներից մինչեւ այսօր ու չգիտեմ՝ մինչեւ երբ, շարունակ մորմոքում եմ, որ 21-րդ դարում հայ մարդը նորից գաղթական է դառնում,- ասում է գրականագետ Կարո Վարդանյանն ու շարունակում,- վառում է իր տունը կամ ամուր փակում՝ միամտորեն հավատալով, որ եթե ամուր փակեց, մի օր կվերադառնա ու անձեռնմխելի կգտնի իր տունը։ Դժվար է, ու մենք մինչեւ ամսի 25-ը չենք հավատալու, ինչպես չհավատացինք Արցախի մեծ մասի կորստի պարագայում, բայց ուզենք, թե չուզենք՝ տանուլ ենք տվել այդ մի քանի շենը»։ 

Ըստ Վարդանյանի, իշխանությունները փուլ առ փուլ են հանձնում՝ զգուշանալով մեծ աղմուկից․ «Վախենում են, եթե միանգամից անեն, չեն մարսի, նույնիսկ թմրած, անհայրենիք նախիրը, անտարբեր մտավորականությունը գուցե հանկարծ ընդվզի հանուն վաղվա հանձնվելիք տարածքների, որում, ցավոք, կասկած չունեմ։ Ես մտածում եմ, որ այդ տղայի օրինակը պետք է համատարած լինի, բոլորը պետք է այրեն իրենց տները ու դրանով հեղեղեն համացանցը, այն աստիճան, որ սրանք չկարողանան վերահսկել ու ջնջել, ինչպես այդ տղայի արածը ջնջեցին։ Տավուշցին, որ հանգիստ նստած մտածում է՝ դե, Բերձորը՝ ուր, Տավուշը՝ ուր կամ Սյունիքը՝ ուր, Բերձորը՝ ուր, շատ կարճ ժամանակում այդ նույն ուղտը նրանց ու բոլորիս դռանն էլ է չոքելու։ Կամ՝ այդ կոպեկները, որով սպառնում են, որ ձեռք տվեցիք տներին, հատուցում չի լինի։ Այս հարցում ինչո՞ւ է կառավարությունը միջնորդ դարձել Ադրբեջանի ու բնակչության միջեւ։ Թող բնակիչներն իրենք ուղիղ կապի մեջ մտնեն, ու նրանք անմիջական բանակցեն, որովհետեւ այս՝ կառավարություն, չինովնիկներ կոչվածը նույնիսկ այդ թշվառների ու գաղթականների հաշվին է փող աշխատում։ Այսպիսի հրեշավոր ժամանակներում ենք մենք ապրում։ Ի՞նչ է նշանակում՝ ընկել, մարդկանց սպառնում ես՝ ձեռք չտալ տներին, ամեն ինչ անխաթար թողնել, ինչ է թե այդ երկու կոպեկը չենք հատուցի»։

Ինչքանո՞վ է ռեալ՝ վերադառնալու հիմնավորմամբ կամ սին պատրանքով այդ մարդկանց ապրեցնել։ «Թուրքի պարագայում դա ռեալ չէ, դա մի ակնթարթ ռեալ դարձավ 90-ական թվականներին, երբ աշխարհի գլուխը խառն էր, մի անգամ էլ նախախնամությունը կամ Տերը մեզ հնարավորություն տվեց, մերոնք էլ՝ 90-ականների սերունդը, փառքով գործածեց այդ հնարավորությունը եւ մի ոտաչափ հայրենիք ազատագրեց։ Հիմա այսպես հանձնել, որ իբրեւ թե երբեւէ մի օր վերադառնալու ենք կամ վերադարձնելու ենք այդ ամենը, դա իրական չէ եւ սուտ է։ Կրկնում եմ՝ հանուն վաղվա հանձնելիքի այդ ապականված շարժման դեմն առնելու համար պետք է այդ մի քանի բնօրանները համաձայնեցված այրենք»։

Իշխանություններից հույսները կտրելով՝ շատ ընտանիքներ եւ անհատներ որոշել են ինքնապաշտպանություն կազմակերպել Աղավնոյում եւ չհեռանալ գյուղից։ Այս քայլն ինչ-որ կերպ կկասեցնի՞ գործընթացը։ Այս իրավիճակում լավագույն եւ վատագույն սցենարը ո՞րը կարող է լինել։ «Դա շատ տեսանելի եւ կանխատեսելի է, եթե փորձառու զինվորականներին ինչ-որ «մութ» ուժեր կարողացան այնպիսի վիճակում դնել, որ այդքան զոհ ու հաշմանդամ ունեցանք, Աղավնոյում, Բերձորում, Սուսում ոչ թե զինվորականներ են, այլ՝ բնակիչներ, ովքեր որքան էլ մշտական տագնապի մեջ են ապրել ու քիչ թե շատ զենք բանեցնել գիտեն, բայց ավելի զարհուրելի ֆիզիկական, հոգեբանական վիճակի մեջ են ընկնելու։ Մեր աչքի առաջ մեր հայրենակիցներին բռնության են ենթարկելու, չեմ վախենում ասել՝ կոտորելու են, ու մենք էլ՝ որպես հանդիսատես, նստելու ենք ապշենք, թե էս ինչ բարբարոս են…։ Կամ՝ լավագույն դեպքում գերի կվերցնեն այդ մարդկանց, հետո սկսեն մի մասին վերադարձնել, որովհետեւ այդ ֆինանսական ճիվաղությունը վաղը, մյուս օրը բացվելու է։ Ամեն տեսակ ճիվաղային սցենար մենք պետք է սպասենք ու պատկերացնենք, ընդհուպ՝ ֆիզիկական կոտորած։ Այն, ինչը միշտ եղել է, երբ սթափ ու զգոն չենք եղել»։

Կ․ Վարդանյանը նկատում է՝ իրավիճակը փակուղային է թե՛ հիմա, թե՛ հետո, եթե իշխանափոխություն չլինի, այս հրեշավոր սցենարն անվերջ շարունակվելու է։ «Էլ արդեն կարեւոր չէ, թե հաջորդը ինչ կա մտքներին՝ Սյունի՞քը, թե՞ Տավուշի որոշ գյուղեր, որը լինելու է։ Հիմա պետք է արագ մտածել, որովհետեւ մնացին հաշված օրեր, այնպիսի մի բան, որ գոնե աղմուկն աշխարհով մեկ թնդա։ Թող ինձ խելագար համարեն, բայց կարող եմ մի օրինակ բերել․ 1901-ին ի՞նչ արեց Անդրանիկը Չաուշի հետ միասին, չէ՞ որ էլի այս վիճակն էր, համատարած կոտորած, անարգել մտնում էին տները, աղջիկ տանում, նվաստացնում, սպանում, բայց նրանք 30 հոգով կամովին մտան ու փակվեցին Առաքելոց վանքում, իսկ նրանք խելագար չէին, որ իրական մահվան գնացին։ Անդրանիկն ասաց՝ ես այնպիսի բան եմ անելու, որ աղմուկը մինչեւ Ամերիկա, Եվրոպա հասնի։ Այդպես էլ եղավ, շրջափակվեցին Առաքելոց վանքում ու 20 օր շարունակ 6 հազարանոց կանոնավոր զորքի դեմ սկսեցին պայքարել։ Այսինքն՝ այդ կարգի մի բան է պետք անել, որ անգամ զոհի դեպքում այն շատ թանկ նստի ու կոկորդին կանգնի թե՛ Ամերիկայի, թե՛ Եվրոպայի, թե՛ առավել եւս՝ մերոնց»։