Նոր շարժում

Նոր շարժում

Պատերազմը սարսափելի իրողություն է։ Այն ոչ միայն մարդկային անգին կյանքեր է խլում, այլեւ հասարակությանը հետ է մղում, դեգրադացնում, կաթվածահար է անում կյանքը՝ առհասարակ։ Մարդիկ զրկվում են ապրելու, մտածելու, գործելու, արարելու հնարավորությունից։ Բոլորի միտքն ուղղվում է դեպի ռազմաճակատ։ Սրվում են կրքերն ու հիվանդությունները, մարդիկ դառնում են դյուրագրգիռ ու անհանդուրժող։ Պատահական չէ, որ այսօր աջ ու ձախից կոչեր են հնչում՝ փակեք Ֆեյսբուքը, այն շիկացնում է իրավիճակը, 90-ականների պատերազմը հաղթեցինք, որովհետեւ Ֆեյսբուք չկար։ Այո, հոգեմաշ զրույցների, հայհոյանքի ու ատելության չափաբաժինը շատ է աճել։ Այն դեռ 2018-ին գլուխ բարձրացրեց եւ հեղափոխական իշխանությունների կողմից հնարավորինս խրախուսվեց երկու տարի շարունակ՝ օգտագործվելով նախկինների՝ «սեւերի» դեմ։ Հետո արդեն այդ «զենքը» սկսեցին հենց իրենց՝ հեղափոխականների դեմ կիրառել, քանզի «ջինը շշից բաց էին թողել», եւ այն հետ մղելն այլեւս անհնարին էր։ Միակ ելքն այն կլիներ, որ իշխանությունը դուրս գար ֆեյսբուքներից եւ այլ գործիքակազմ կիրառեր իր փիառի, տեղեկատվություն փոխանցելու, աշխատելու համար։ Բայց տարիներ շարունակ սոցցանցերում «ապրող» մարդիկ այլեւս չեն պատկերացնում իրենց դրանից դուրս, դա նրանց բնականոն միջավայրն է, իրենց «հացուջուրը»։ Նրանցից շատերն առավոտյան աչքը բացելով, դեռ «գիշերանոցով»՝ հայտնվում են սոցցանցում եւ մինչեւ ուշ գիշեր այլեւս չեն հեռանում այնտեղից։ Ապրում են, սիրում են, պայքարում են, վաստակում են, արտահայտվում են, շփվում են համացանցում՝ վերածվելով Ցուկերբերգի կողմից վարժեցված հանրության։ Եթե մեր հասարակությունն առողջ լիներ, իսկ իշխանությունը՝ խելամիտ, ապա պետք է Ֆեյսբուքից դուրս գալու շարժում սկսվեր այսօր։