Անտարբերությունը որպես Եվրոպայի բարձրագույն չափանիշ կամ ինչպես ես 10 օրում ազատվեցի 10 տարի ինձ տանջող մեջքիս ցավից

Անտարբերությունը որպես Եվրոպայի բարձրագույն չափանիշ կամ ինչպես ես 10 օրում ազատվեցի 10 տարի ինձ տանջող մեջքիս ցավից

Արդեն 10 տարի ապրում եմ Ֆրանսիայում, և ինքս էլ չնկատեցի, թե ինչպես օտարության քամին կորացրել ու կեռել էր մեջքս: 

Դե օտար երկիր է, սկզբում լեզվին լավ չէի տիրապետում, դժվար էր մերվելը, տարբեր հարցեր և խնդիրներ կային...հոգեբանորեն դժվար էր, չնայած որ ոչ ոք ինձ երբեք չի նեղացրել այստեղ և ես վաղուց Ֆրանսիայի լիիրավ քաղաքացի եմ՝ բոլոր հնարավոր օրինական փաստաթղթերով: 

Բայց միևնույն է, արդեն 10 տարի մեջքս անդադար ցավում էր՝ անհասկանալի ու անբուժելի ցավով:

Այս օրերին միայն հասկացա, որ Ֆրանսիայում ինքս ինձ համարել եմ որպես երկրորդական կարգի մարդ, միշտ ուսերս կախում էի, մեջքս կորացնում, որ ինձ չտեսնեն, չնկատեն...դե իրենք եվրոպացի են, բարձրաստիճան են, իսկ ես՝ հայ եմ, ընդամենը՝ հայ.... Եվ այդպես էի քայլում, այդպես էլ ապրում էի....կորացած:

Բժիշկների ցուցումներով մեկ-երկու ժամ մեջքս փորձում էի ուղղել, ձիգ ման գալ ու հետո նորից վերադառնում էի իմ երկրորդ կարգի մարդու դիրքին:

Եվ սկսվեց պատերազմը Արցախի  և նաև Հայաստանի դեմ...հայերս ոտքի կանգնեցինք, մի բռունցք դարձած, սկսեցինք կյանքի ու մահվան կռիվ տալ մեր հայրենիքի համար, իսկ այստեղ բոլոր ինձ ծանոթ ու անծանոթ ֆրանսիացիները, նույնիսկ ամուսինս՝ Ֆրեդը, ինձ ասում էին դուք՝ հայերդ կամ գիժ եք կամ շատ միամիտ, դուք ոչ մի շանս չունեք, տվեք թուրքերին, ինչ-որ ուզում են ու վերջ...

Ու վե՞րջ... ախր անտարբերությունը որպես բարձրագույն չափանիշ որդեգրած Եվրոպան չի հասկանում, որ այդ «ու վերջը» կլինի հայ ժողովրդի վերջը…

Աշխարհի անտարբերությանը զուգահեռ ավելի ու ավելի էր ամրանում հայի ոգին՝ աշխարհի բոլոր հայերի մեջ արթնացնելով մեր հազարամյա ազգի արյան հիշողությունը...

Այո, վերջին օրերին շատ բան փոխվեց աշխարհում, աշխարհը բացահայտեց հային, չկոտրվող հային, իր հողի համար կյանք ու կռիվ տվող հային, հաղթող հային՝ իրական հային, ինչպես նաև հայը վերջապես վերագտավ ինքն իրեն: 

Վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ ես այսօր նկատեցի, որ տարիներ շարունակ ինձ տանջող մեջքս էլ չի ցավում, տասը տարվա մեջ առաջին անգամ նկատեցի, ես տանից դուրս եմ գալիս մեջքս ձիգ ու գլուխս բարձր՝ հայի  կեցվածքով, տաս տարվա կռացած մեջքս ապշել է, թե էս ինչ է կատարվում, վերջապես ես ձիգ եմ, ես վերածնվել եմ...ես ես եմ, ես հայ եմ...

Շատ հետաքրքիր է, որ հիմա էլ ոչ ոք այստեղ ինձ չի ասում դուք հայերդ գիժ եք, կամ շատ միամիտ...հիմա ասում են դուք հաղթելու եք, որովհետև դուք ձեր հողին սերտաճած եք, դուք ձեր հողի գույնին եք, ձեզ անհնար է կոտրել...ասում են՝ մենք մինչև հիմա գիտեինք, լսել էինք, որ հայերը աշխարհի առաջին քրիստոնյաներն են, բայց պարզվեց, որ հայերը միակ քրիստոնյաներն են աշխարհում...

Ամուսինս էլ չի ասում՝ դուք հայերդ, ասում է՝  մենք, մենք հաղթելու ենք, տեսա՞ր ինչ էին գրել էդ հրեաները մեր՝ հայերիս, մասին...ես դրանց մ... և այլն...

Մեծ աղջիկս ութ տարեկան է ու արդեն հասկանում է, թե ինչ է կատարվում, այսօր երկար մտածեց ու ասաց՝ մամ ջան, ես ուզում էի իռլանդացու հետ ամուսնանալ՝ իրանց շեկ մազերի համար, բայց էսօր լուրջ որոշել եմ, որ մեծանամ հայ տղայի հետ պետք ա ամուսնանամ, հայ տղան շատ ուժեղ ա մամ ու գիտեմ, որ ինքը ինձ միշտ կպաշտպանի...իսկ մազերի գույնը կարևոր չի կյանքում, մամ...

Էդ խոսքերից մեջքս ավելի է պնդանում, ձգվում ու գլուխս բարձր ման եմ գալիս, դրսում բարձր ու հպարտ հայերեն եմ խոսում, այո՛, թող բոլորն իմանան, որ ես հայ եմ, ես հաղթանակած երկրի զավակ եմ, ես չկոտրվող զինվորն եմ... 

Այսօր Հայը մեն-մենակ կռվում է երեք գազան պետությունների դեմ և իր զավակների կյանքի գնով արդարությունն է վերականգնում, հայը կյանքի ու մահվան կռիվ է տալիս ձեր համար, ձեր փախարեն՝ անտարբեր Եվրոպա...

Այո՛, ես հիմա հպարտ, մեջքս ձիգ, գլուխս բարձր ման եմ գալիս օտար երկրում՝ հասկանալով, որ ոչ մի երկիր հայի չափ կամք ու ուժ չունի ու չի ունեցել...որ հայի գլխավոր չափանիշն իր Հայրենիքն է և Աստված....իսկ եվրոպական և այլնական վաղուց ծախված չափանիշներն այլևս գրոշ չարժեն...

Այս ամենը ցերեկը...բայց երբ գալիս է գիշերը...քնել չի ստացվում, էլի կծկվում մի բուռ եմ դառնում...մտովի գնում եմ իմ Սուրբ Հայրենիք, մեկ առ մեկ գնում եմ մեր զոհված հերոսների տները, գրկում եմ որդեկորույս մայրերին ու ծնկաչոք ներողություն եմ խնդրում, որ ես կամ, իսկ իր զավակը էլ չկա...նեղվում եմ, լացում եմ իր հետ, հետո կռիվ եմ տալիս աշխարհի ու Աստծո հետ...կռիվ եմ տալիս մինչև լույս...

Իսկ արևի ճառագայթների հետ նորից մեջքս ուղղում եմ ու ձիգ-ձիգ քայլում, ու ոչ ոք չի նկատում, որ որքան էլ ձիգ ու ամուր լինեմ, միևույն է հոգիս անհանգիստ է....այո, լինում են պահեր կյանքում, որ ինչ դիրքով էլ լինի մարմինդ, հոգիդ ծնկաչոք է...և դա ոչ ոք չի նկատում, դա կարող է տեսնել թերևս միայն մյուս հայը…

Մի քանի օր առաջ Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն իր խոսքում ասաց.

«Այսօր Արցախում գրվում է մարդկության պատմությունը և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ամենը տեղի ունենա առանց Եվրոպայի մասնակցության, չենք կարող անմասն մնալ այդ ամենին»:

Եվրոպա, զարթնի՛ր, հայը կռվում է քեզ համար, հայը կռվում է բոլորիդ համար, հայը թաքնվող չէ, անտարբեր չէ, հայը կծկվող տեսակը չէ....

Գլուխներս բարձր, մեջքներս ուղիղ և առա՛ջ, առա՛ջ՝ մինչև հաղթանակ:

Մենք հայ ենք, իսկ հայը երկար պատմություն է:

Մարիամ Տեր-Գուլանյան

Հոկտմբեր 2020

Փարիզ, Ֆրանսիա