Ենիչերիները

Ենիչերիները

Պատմությանը ծանոթ այս երեւույթը գուցե ամենից շատ ծանոթ է նաեւ մեզ՝ հայերիս:
Շուրջ յոթ դար առաջ Օսմանյան կայսրության սուլթաններից մեկը, կասկածելով իր երկու զավակների վրա, որոնք դավադրություն էին նյութել իր դեմ, մահապատժի ենթարկեց նրանց: Այդ դեպքը սուլթանին մտածել տվեց, որ իրեն պաշտպանող մի այնպիսի թիկնազոր ստեղծի, որպեսզի նրանց հավատարմության վրա կասկած չունենա: Այդպիսով առաջացավ իր նմանը չունեցող մի անմարդկային արարք, ըստ որի՝ հափշտակվում էին նվաճված երկրների քրիստոնյա ընտանիքների անչափահաս արու եւ առողջ զավակները: Հիմնականում Բալկանյան թերակղզու ժողովուրդներից, իսկ հետագայում էլ հայերից ու մյուս քրիստոնյաներից: Նրանց հավաքագրում էին՝ հատուկ ռազմական նշանակությամբ ջոկատներում ներառելու համար: Նախ, բոլորը բռնի թլպատվում եւ իսլամացվում էին: Հետո մինչեւ զորակոչի տարիքի հասնելը դաստիարակվում էին խիստ կարգապահությամբ եւ, ամենակարեւորը՝ սուլթանի նկատմամբ հավատարմությամբ:

Ստանում էին բավարար աշխատավարձ եւ լրացուցիչ պարգեւներ: Նրանք դաժանաբար էին վերաբերվում այն մարդուն, ով կհանդգներ սուլթանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն թույլ տալ: Պետությունը նրանց հետ վարվում էր ըստ կամս: Նրանց արգելվում էր ամուսնանալ եւ ընտանիք կազմել: Չգիտեին, թե ինչ բան է ընտանիքը՝ ծնողներ, եղբայրներ կամ քույրեր: Մեկ բառով ասած՝ նրանք անարմատ եւ որեւէ մեկի հետ որեւէ ազգակցական կապ չունեցող մարդիկ էին: Նրանց համազգեստն ու հագուկապը միանգամայն տարբերվում էին ռազմական նշանակության մյուս զինվորների համազգեստից: Նույնիսկ ուշադրություն էր դարձվում նրանց դեմքի արտաքին տեսքին: Որպես օրինակ՝ նրանց չէր թույլատրվում մորուք պահել: Մի բան, որ անհարիր էր նույնիսկ իսլամական դրվածքին: Միայն կարող էին բեղ ունենալ: Մի խոսքով, նրանք համարվում էին սուլթանի «հավատարիմ շները»: Ենիչերիների զգեստավորման գույները կապույտը, կանաչն ու կարմիրն էին: Հետաքրքիր է, որ դրանք հենց Ադրբեջանի դրոշի գույներն են:

Ենիչերիների ու նրանց հետագա զարգացումների եւ այլեւայլ ձեւավորումների պատմության մասին հսկա գրականություն կա: Անգլերենով կոչվում են՝ Janissaries, նոր բանակ-հետեւակ նշանակությամբ: Վերջին դարերում նրանց քանակը հասնում էր ավելի քան հարյուր հազարի: Պատերազմների ժամանակ ենիչերիների ջոկատները կատարում էին մարտական ամենադաժան եւ առաջնային նշանակության առաջադրանքները: Նույնիսկ նրանց մեծաքանակ կորուստներն ամենեւին նշանակություն չէին ունենում կայսրության հասարակական կարծիքի վրա: Միայն սուլթանն էր կորցնում ինչ-որ զինուժ: Այլ կերպ ասած՝ նրանք իրենց ժամանակի ռոբոտներն էին ու վերջ: Ինչպես այսօրվա թռչող անօդաչու սարքերը:

Հիմա տեսեք, թե ինչքան նմանություններ կան թուրքերի կողմից վարձված ահաբեկիչներից կազմված ստորաբաժանումների ու ենիչերիների միջեւ: Նույն հնադարյան սուլթանական մտքի ու ռազմավարության արգասիք: Այսօրվա թուրք ղեկավարի ու ժամանակի սուլթանների մտածողությունը՝ պատերազմական գործողությունների վերաբերյալ, առնվազն նույնն է: Միայն թե այսօրվա, այսպես ասած, նորօրյա ենիչերիները` վարձկան ահաբեկիչները, ավելի էժան են նստում թուրք-ադրբեջանական ռազմական բյուջեի վրա, քան ժամանակի ենիչերիները: Մեկ-երկու ամիս կռվելու համար ընդամենը ամսական 1,5-2 հազար դոլար են ստանում: Իսկ մեռնելու դեպքում էլ, ով իմանա, երեւի նույնքան աննշան մի գումար:

Պետությունն էլ ոչ մի բարոյական պատասխանատվություն չի կրում իր հասարակության առջեւ՝ դրանց մեծաքանակ կորուստների դեպքում: Առաջնագծից ետ փախչող այդ վարձկանների մասին շրջանառվող պատմությունները, որ զարկվում են թիկունքում կանգնած ադբեջանական բանակի զինվորների կողմից, միանգամայն ճիշտ են: Ընդամենը մեկ-երկու հազար դոլարի ռազմական «անսարք տեխնիկա» է ոչնչացվում ու վերջ: Իզուր չեն Ադրբեջանի պնդումները, որ կորուստների մասին տվյալների հրապարակումը «ռազմական գաղտնիք» է համարում: Նույնիսկ լուրեր կան, որ Ադրբեջանը ոչ միայն հոգ չի տանում, որ դրանց սպանվածների դիակները հավաքվեն, անգամ չի թույլատրում վիրավորներին տեղ հասցնել: Պարզ է, դրանց բուժման ընթացքում վճարված «աշխատավարձն» ու բուժման ծախսերն ավելին կարժենան:

Սակայն այնպես, ինչպես 19-րդ դարում ենիչերիները լուրջ վտանգ ստեղծեցին ժամանակի սուլթանի համար, որն էլ ստիպված եղավ զանգվածաբար ոչնչացնել նրանց, այնպես էլ այսօրվա վարձկանները մի օր լուրջ սպառնալիք են դառնալու առաջին հերթին Ադրբեջանի եւ հետո էլ՝ տարածաշրջանի երկրների համար: Մանավանդ, որ նրանք երբեք էլ հավատարմության խոստում չեն տվել ո՛չ Էրդողանին եւ ո՛չ էլ նրա մանկլավի Ալիեւին…

Վահան Դարբինյան