Փոխվարչապետին առաջարկել են՝ Ժաննա Անդրեասյանին հանել խորհրդի կազմից

Փոխվարչապետին առաջարկել են՝ Ժաննա Անդրեասյանին հանել խորհրդի կազմից

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու գաղտնի նախագիծը մոտ 10 օր է՝ փոթորկել է բուհական համակարգը, իսկ գլխավորապես՝ այս 3 բուհերին, որոնցից եւ ոչ մեկին դեռեւս հայտնի չէ, թե ինչ ընթացակարգով եւ ինչ ժամկետներում պետք է միավորվեն իրենց բուհերը։  

Օրերս փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ով նաեւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ընդունել էր Բրյուսովի անվան համալսարանի պատվիրակությանը եւ հորդորել դադարեցնել դասադուլն ու վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին: 

Համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն ասում է՝ ուսումնական պրոցեսը վերականգնված է, բայց սպասողական վիճակ է, եւ կախված այն բանից, թե ինչ նոր զարգացումներ կլինեն, իրենց քայլերն էլ կփոփոխվեն։ Թե ինչպես է գնահատում փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի հետ հանդիպման արդյունավետությունը, Ց․ Ակոպյանը նկատում է, որ այդ հանդիպումը կարելի է կոչել ոչ թե հանդիպում փոխվարչապետի հետ, այլ հանդիպում Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ։ «Բուհի խնդիրների հետ կապված շատ հարցեր իրար հետ քննարկեցինք։ Ընդհանուր առմամբ, եղել է պայմանավորվածություն, որ մենք դեռ սպասելու ենք վարչապետին ուղղված մեր նամակի պատասխանին։ Մեզ խոստացան սեղմ ժամկետներում պատասխանել։ Հուսանք՝ այս շաբաթ կստանանք նամակի պատասխանը, որը մեզ համար բավական հարցերի պատասխաններ կտա»,- նշում է Ց․ Ակոպյանը։

Բրյուսովցիների հաջորդ պահանջը վերաբերում է մինչեւ 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրին, որի շրջանակներում էլ նախատեսվում է ստեղծել 5-8 բուհ։ «Սպասելու ենք, տեսնենք՝ այս ռազմավարությունն ԱԺ-ում 2-րդ ընթերցում կանցնի՞, թե՞ ոչ, նոր դրանից հետո կհասկանանք, թե ինչ ենք անելու։ Եվ մեր ամենակարեւոր պահանջը, որը շարունակելու ենք պնդել, որ եթե գնում ենք բուհերի միավորման, դրա համար նախ վերլուծություն է պետք, միջազգային փորձագետների կարծիք է պետք, եւ, դրանից անկախ, ամենակարեւոր հանգամանքն այն է, որ մենք պետք է տեսնենք միավորվող բուհերի ուղղությունները։ Իրենք ասել են՝ դեռ մի ուղղությունը՝ մանկավարժությունը։ Մենք ուզում ենք հասկանալ, թե էլ ինչ ուղղությամբ բուհեր պետք է ստեղծվեն, ըստ որի՝ նոր սկսենք խոսել միավորման մասին։ Չի կարելի միայն մանկավարժական հենքի վրա միավորել, գուցե մեզ պետք է հումանիտար հասարակագիտական բուհ, իսկ այսօր հումանիտար հասարակագիտական կրթություն տվող ամենամեծ բուհը մենք ենք։ Այսինքն՝ երբ ունենանք, թե որոնք են այդ ուղղություները, նոր, ըստ դրա, փորձենք հասկանալ, թե ինչպես ենք իրականացնում։ Սա մեր հստակ դիրքորոշումն է, որը չի փոխվել․ եւ հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ առաջ ենք տարել»,- ասում է Ակոպյանն ու ընդգծում, որ միայն ռազմավարության ամբողջական ընդունումից եւ ուժի մեջ մտնելուց հետո, երբ կարվի նաեւ վերլուծություն, արժե խոսել բուհերի միավորման ծրագրի մասին։

Ի դեպ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է բաց մրցույթ՝ համալսարանի ռեկտորի պաշտոնի համար: Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:
Սակայն ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը համալսարանի խորհրդի նիստում նպատակահարմար չի համարել անցկացնել ռեկտորի մրցույթ, ավելին՝ պնդել է օրակարգից հանել այդ հարցը։ «Ինքը դրա համար բերեց այն պատճառաբանությունը, թե իմաստը ո՞րն է, եթե մենք նման նախաձեռնություն ունենք, որն արագ կյանքի է կոչվելու, ըստ այդմ՝ ռեկտորի մրցույթի իմաստ չկա։ Բայց նույնիսկ այդքան ելույթից հետո խորհրդի մեծամասնությունը կողմ քվեարկեց, որպեսզի ռեկտորի մրցույթ հայտարարվի»։ Թե ինչու էր ռեկտորի մրցույթին ընդդիմացել փոխնախարարը, ինչով է այդ հանգամանքը բացատրում ինքը, զրուցակիցս նկատում է․ «Այն հանգամանքով, որ գաղտնի ձեւով ուզում էին միավորման այդ որոշումն անցկացնել, որը մենք այդ նիստի արդյունքում բացահայտեցինք եւ հրապարակեցինք։ Հուսամ՝ մարդիկ հասկացան, որ իրենց արածը ոչ մի տրամաբանությամբ ճիշտ չէր»։

Դեկանը հընթացս նկատում է, որ ռեկտոր Կարինե Հարությունյանը մեկ անգամ է ընտրվել այդ պաշտոնում եւ կրկին կարող է առաջադրվել․ «Մենք մեր ֆակուլտետում խորհրդի նիստ ենք անցկացրել եւ Կարինե Հարությունյանին մեր կողմից առաջարկել ռեկտորի թեկնածու, եթե չեմ սխալվում՝ այլ ստորաբաժանումներ եւս խնդրել են իրեն՝ մասնակցել այս ընտրություններին»։  
Քանի որ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ Բրյուսովի անվան համալսարանում` հոգաբարձուների խորհրդի անդամ, ինչն ակնհայտորեն շահերի բախում է ենթադրում, Ցոլակ Ակոպյանն առաջարկ է արել՝ Ժաննա Անդրեասյանին հանել իրենց խորհրդից․ «Ես հանդիպման ժամանակ խնդրել եմ փոխվարչապետին, որ գնա այդ քայլին եւ հանի Ժ․ Անդրեասյանին խորհրդից, քանի որ դա շահերի բախում է։ Նա խոստացավ, որ կզբաղվեն այդ հարցով, ես էլ սպասում եմ անհամբեր»։