Մտորումներ

Մտորումներ

Ներքաղաքական կյանքի առումով մի հետաքրքիր միտք. վերջին հարյուրամյակում մեր ժողովրդի վրա կախված փորձությունների պահերին ճակատագիրը մեզնից պահանջում է ազգովի վերածվել դաշնակցականի: Նույնիսկ մտածում եմ, որ նախկինների ժամանակ ձեւակերպված «ազգ-բանակ» հայեցակարգն իր հիմքում հենց դաշնակցական է՝ ընդունենք դա, թե ոչ: Թեկուզ, օրինակ, ատրճանակի վրա երդվելը: Որպեսզի պարզ լինի, որ ասածս ոչ թե էժանագին մանիպուլյացիոն հնարք է, այլ լուրջ խորհրդածության արդյունք, պարզաբանեմ, որ դաշնակցական դառնալու ցանկություն երբեք չեմ ունեցել: Դեռ ավելին, տարիներ առաջ, շատերի նման, դաշնակցականներին անվանում էի դաշնակ, ինչն իր մեջ, ընդունեք, պարունակում է որոշակի բացասական նրբերանգ: 

«Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» արտահայտությունը ձեւակերպվել է Արեւմտյան Եվրոպայում, նրա պատմության միջնադարում: Եվ այն մինչ այսօր չի կորցրել իր այժմեականությունը: Տեսնենք, թե այդպե՞ս է արդյոք Հայաստանում. երկիր, որտեղ ամեն ինչ շրջված է գլխիվայր: Անցնենք փաստին՝ արգելվել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկանք. Պետդումայի պատգամավոր Կ. Զատուլինը ՌԴ առավել հայամետ գործիչն էր եւ, ըստ այդմ՝ ադրբեջանցիների թշնամին: Հայաստանում նրան անցանկալի անձ ճանաչելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արձանագրում է, որ ինքը թշնամի է Զատուլինին, այսինքն՝ Հայաստանի թշնամիների թշնամուն: Ինչը նշանակում է, որ Նիկոլը բարեկամ է Հայաստանի թշնամիներին, ինչն իր հերթին նշանակում է, որ Փաշինյան Նիկոլը՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, թշնամի է մեր հանրապետությանը: Ասվածը տարրական տրամաբանական եզրակացություն է: 

Անցնենք ամբողջությամբ արտաքին աշխարհ: Զարմանալի բան է կատարվում անգլո-սաքսոնական աշխարհի օրրանում՝ Մեծ Բրիտանիայում: Երկիր, որն ընդունված է համարել աշխարհի ամենապահպանողական հանրությամբ բնակեցված: Ժողովրդավարության աջակցության անվան ներքո՝ այդ երկիրն աջակցում է Ուկրաինայում միջուկային «կեղտոտ ռումբ» պատրաստելու եւ, բնականաբար, օգտագործելու գործին: Ինչը, անկասկած, ողջ աշխարհն ընկղմելու է միջուկային պատերազմի գիրկը: Սակայն ամենապահպանողական հանրություն պահպանողական անվանումը կրող կուսակցության ղեկավար են ընտրում հնդիկ միգրանտի որդուն եւ դարձնում նրան վարչապետ: Չմոռանանք․ շուրջ երկու դար՝ 18-րդի կեսերից մինչեւ 20-րդի կեսերը, Հնդկաստանը մաս առ մաս եւ, ի վերջո՝ ամբողջությամբ (19-րդ դարի կեսերից) դարձել էր Մեծ Բրիտանիայի գաղութը: 

Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպան հիտլերյան Գերմանիայի օկուպացիայից ԽՍՀՄ-ի եւ անգլո-ամերիկյան դաշինքի կողմից ազատագրվելուց 77 տարի անց բռնել է անգլո-ամերիկյան կիսագաղութի վերածվելու ճանապարհը: Դա տեղի է ունենում հանուն ժողովրդավարության հաղթանակի ամպագոռգոռ մտայնության ներքո: Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում թանկանում է կյանքը, ընկնում է բնակչության կենսամակարդակը, խոշորագույն ընկերությունները մտածում են արտադրական հզորություններն այլ երկրներ եւ հատկապես Միացյալ Նահանգներ տեղափոխելու մասին:

Եվրոպական համերաշխության եւ դրանից ածանցված՝ հանդուրժողականության երբեմնի պիոներ տարածաշրջանը վերածվել է հակառուսականության եւ նույնիսկ ռուսատյացության որջի՝ ընդգրկելով քաղաքականությունից դուրս այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են սպորտն ու հատկապես մշակույթը: Նախկինում հենց եվրոպական քաղաքական, ինչպես նաեւ մարզական եւ մշակութային գործիչներն էին անընդհատ հայտարարում, որ սպորտն ու մշակույթը չպետք է լինեն քաղաքականության մաս: Այսօր հենց իրենց հաջորդների կողմից արվում է հակառակը:

Շարունակելի