Իշխանության ու փողի՝ կեղծիքով փաթեթավորված պաշտամունքը

Իշխանության ու փողի՝ կեղծիքով փաթեթավորված պաշտամունքը

Լայնորեն հայտնի է Իսրայելի վարչապետ (թվով հինգերորդ) Գոլդա Մեիրի խրատը պետության կողմից առաջին հերթին ուսուցչին, բժշկին և զինվորականին բարձր գնահատելու անհրաժեշտության մասին: Հայաստանի անկախ պետականությունը կառուցվեց հակառակ տրամաբանությամբ: Պետության կողմից ամենաարհամարհված մասնագիտությունները հենց ուսուցչի, բժշկի և զինվորականի մասնագիտություններն էին: Ինչի վկայությունը դրանց աշխատավարձերն էին: Իսկ նրանք էլ փորձում էին իրենց կենսական խնդիրները լուծել աշակերտների ծնողների, հիվանդների ու զորակոչիկների հարազատների հաշվին: Ու արդյունքում ո՛չ նորմալ կրթական համակարգ ունեցանք, ո՛չ բժշկություն և ո՛չ էլ անվտանգություն: Ի տարբերություն Իսրայելի, որտեղ առաջնահերթ զարգացում ապրեցին հենց այդ ոլորտները:

Եվ այնպես չէ, որ դա մեզանում միայն նախկինների օրոք էր: 2018 թվականի մայիսյան իշխանափոխությունից հետո ո՞ւմ աշխատավարձերը վերանայվեցին ամենավերջում: Իհարկե, ուսուցիչներինն ու զինվորականներինը, իսկ բժիշկներինը դեռ հերթի մեջ են: Իսկ առաջին հերթին բարձրացվեցին հենց բարձրաստիճան պաշտոնյաների ու իրավապահ համակարգի (դատախազներ, ոստիկաններ և այլն) աշխատակիցների աշխատավարձերը: Եվ այն էլ կրկնակի ու համատարած, ինչն «արդարացված» է՝ նրանք պահպանում են Նիկոլի իշխանությունը: Պահպանում են նրա և նրա ընտանիքի անդամների անձեռնմխելիությունը:

Իսկ ուսուցիչների ու զինվորականների աշխատավարձերը բարձրացվեցին զուտ ատեստացիոն կարգով: Ու ստացվեց, օրինակ, որ լայնորեն փիառված 400 հազար դրամ աշխատավարձ ստանում է ընդամենը մեկ ուսուցիչ ողջ հանրապետությունում: Էլ չասած, որ այդ ատեստացիաները վստահաբար այն մաղն են, որի միջով բաց են թողնվում գործող իշխանության գովքն անող (ուսուցիչների առումով) կամ նրան անվերապահորեն հպատակվող (զինվորականների առումով) անձինք: Բացի դրանից, այդ կարգը ենթադրում է ատեստավորումը չանցածների կրճատում: Եվ ստացվում է, որ այս կամ այն հիմնարկի մի մասի աշխատավարձը բարձրացվում է մյուս մասի՝ կրճատվածների, հաշվին: Այնինչ, նախարարների խորհրդականների կա՛մ օգնականների և կա՛մ փոխնախարարների աշխատավարձերը բարձրացվեցին ոչ կրճատումների հաշվին: Ընդհակառակը, դրանց քանակն ավելի ուռճացվեց:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե գույները չափազանց խտացված եմ ներկայացնում: Բայց եթե ինչ-որ հրաշքով Հայաստանում հայտնվեին բացարձակ չեզոք դիտորդներ ու դիտարկեին մեր իրականությունը ոլորտ առ ոլորտ, ապա կպարզվեր, որ այն շատ ավելի դաժան է: Մենք դա չենք զգում, քանի որ ապրում ենք այդ իրականության մեջ ու շատ բաները մեզ սովորական են թվում: Կասեի, որ նույնիսկ նորմալ, որովհետև մեզանից ոմանք մեծացան և ոմանք էլ ծերացան հենց այս հասարակությունում: Որի անդամները նախկինների օրոք պաշտում էին փողն ու իշխանությունը և դրանց ածանցյալ՝ կոպիտ ուժը: Նիկոլական կեղծ ժողովրդավարության պայմաններում ևս պաշտվում է նույնը՝ իշխանությունն ու փողը, բայց տեղերը փոխված: Ու այդ երկուսը՝ կեղծիքով փաթեթավորված: Նման տխուր մտքերի հերթական գալուն նպաստեց 2019 թվականին փոխգնդապետ Արա Մխիթարյանի դաժան ծեծի վկաներ, նրա գործընկեր սպաների նկատմամբ դատախազության անօրեն վարքն  ու դրա նկատմամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության անտարբեր վերաբերմունքը: Արա Մխիթարյանը  մահացել է վերջերս, իսկ նրա մահվանից մեկ շաբաթ անց «պատահականորեն» ավարտվել է երկու փոխգնդապետների՝ իբրև թե սուտ մատնության առիթով քրգործի նախաքննությունը: Դրան էլ հետևել է նրանց պաշտոնավարման կասեցումը, այսինքն՝ ժամանակավորապես անաշխատանք թողնելը: Նրանց «մեղքն» այն է, որ իրենք ճշմարիտ ցուցմունք էին տվել ծեծի մասնակիցների և այդ թվում՝ Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս քպկական «ազգընտիր» Սարգսյան Տրդատի մասին: