«Նաիրիտի» սնանկության կառավարիչը դատի է տվել նախկին աշխատակիցներին

«Նաիրիտի» սնանկության կառավարիչը դատի է տվել նախկին աշխատակիցներին

«Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը դատի է տվել «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին, որոնք փետրվարին մամուլում աղմուկ էին բարձրացրել չինացիների՝ «Նաիրիտ» գործարան չարտոնված այցելության շուրջ, հայտնել լրագրողներին, որ Ռուբեն Սաղաթելյանը եւ սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն ինչ-որ մութ գործարք են նախատեսում կատարել։ 
Չինացիները՝ «Շանսի-Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչները, մոտ 10 օր գնացել-եկել էին գործարան, հարցուփորձ արել, հետաքրքրվել որոշ հարցերով։ «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ գործարանի տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանն էլ ուղեկցել էր նրանց։ Աղմուկից հետո Սաղաթելյանին ազատեցին տնօրենների խորհրդից։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ չինացիները մուտք են գործել գործարանի տարածք սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլտվությամբ ու Ռուբեն Սաղաթելյանի ուղեկցությամբ, եւ որ այս գործողությունները համաձայնեցված չեն եղել ՀՀ կառավարության հետ։

Եվ ահա՝ սնանկության կառավարիչն իր եւ Ռուբեն Սաղաթելյանի անունից դատի է տվել «Նաիրիտ» ՓԲԸ նախկին աշխատակիցներին՝ իրենց զրպարտելու համար։ Քանի որ նա երբեք չի պատասխանում զանգերին, կապվեցինք Ռուբեն Սաղաթելյանի հետ։ Նա ասաց, որ Չինաստանում է։ «Ես չեմ դիմել դատարան, հայցից տեղյակ չեմ»,- ասաց Սաղաթելյանը, ինչին հավատալը դժվար է։

«Նաիրիտ» ՓԲԸ համակարգող խումբը, սակայն, չի հուսահատվում։ Ո՛չ դատական գործերը, ո՛չ հայրենի գործարանն աճուրդի հանելը չեն խանգարում նաիրիտցիներին շարունակել պայքարը երբեմնի քիմիական գիգանտի կյանքի համար։ Մեր տեղեկություններով՝ հորիզոնում նոր ներդրող է հայտնվել, որի հետ կոլեկտիվն այս պահին աշխատում է, եւ որը պատրաստ է ներդրում կատարել։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց գործարանի համակարգող խմբի ղեկավար, նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ Կառավարությունը դեռ չի բարձրաձայնել, թե ինչ պայմաններ են առաջարկվելու ներդրողին։

Երեկ համակարգող խմբի անդամները եղել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում, հանդիպել գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի կազմակերպած քննարկմանը։ Ստեղծվել է աշխատանքային փոքր խումբ՝ էներգետիկայի եւ էկոնոմիկայի նախարարի, սնանկության կառավարչի մասնակցությամբ։ «Մեզ տրվել է 10 օր, 10 օրվա ընթացքում մեզ ներկայացնելու են, թե ինչ պայմաններով են նրանք առաջարկում գործարանը ներդրողներին, հետագայում այդ պայմանների շուրջ հանդիպում է լինելու ներդրողի հետ։ Սա նախնական պայմանավորվածություն է, կարծում եմ՝ 3-4 օրում հարցը կլուծվի»։

Այնուամենայնիվ, վերագործարկման հարցում ամեն ինչ պարզ չէ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որը նախկին էներգետիկայի նախարարության իրավահաջորդն է, չի ուզում ներել «Նաիրիտի» պարտքերը։ «Մոտ 80 մլն դոլար «Նաիրիտը» պարտք է էներգետիկայի նախարարությանը։ Սա հիմնական պարտքն է։ Այսօր գործարանը ընդհանուր գնահատված է 30 մլն դոլար։ Եթե մի մարդ գա ու այդքան տա, պետք է վաճառեք։ Մեր առաջարկն է, որ պետական պարտքը ժամանակավորապես մոռանանք։ Ներդրող կողմն ու մասնավոր պարտատերերը նստեն բանակցությունների, հետաձգեն պարտքերի մարումը որոշակի գրաֆիկով»,- ասում է Կարեն Իսրայելյանը։ Նա չի ցանկանում հրապարակել ներդրողի անունը։