Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2

Նվիրվում է Վազգեն 
Սարգսյանի 
մահվան 20-րդ տարելիցին

Արի մեր զրույցն ընդմիջենք մի այլ թեմայով. նվիրենք այն առաջին դեմքերին:
Պետության ղեկավարի հեղինակությունն ու ուժը կախված են ոչ միայն տվյալ պետության տնտեսական ու զինական ռեսուրսից, այլեւ երկրի ներսում նրա հանդեպ ժողովրդի տածած սիրո չափից: Չսիրված արքան փորձանք է իր ժողովրդի ու պետության համար: Դու նկատե՞լ ես, որ անկախության տարիներից ի վեր մեր նախագահները, որ հնում թագավոր կկոչվեին, չսիրվեցին հավաքական քաղաքացու կողմից: Գուցե նրանք չգիտեի՞ն սիրո հրաշագործության մասին ու դրա համար էլ կարեւորություն չտվեցին ժողովրդի սերը նվաճելու գործին: Կամ էլ սիրուց ավելի թանկ բա՞ն նկատեցին ու նրա ետեւից գնացին: Ինչո՞ւ չենք սիրում մեր արքաներին: Տիրասիրության պակասի՞ց: Լավ, ո՞նց է լինում, որ Վռամշապուհ արքայի շուրջը համախմբվում է ժամանակի քաղաքական ու մտավորական սերուցքը, եւ ազգային մի նոր զարթոնք է ապրում մեր ժողովուրդը, ստեղծում գիր ու դպրություն, դառնում տարածաշրջանի հոգեւոր առաջընթացի ջահակիրը: Իսկ 428 թվին հայ նախարարների նախաձեռնությամբ վերջ է դրվում Արշակունյաց արքայատոհմին: Պատմագիրը նշում է, որ հայոց արքա Արտաշիրը զբաղված էր ոչ այնքան պետական գործերով, որքան անձնական հաճույքներով՝ գինարբուքով ու կանանցով: Այն աստիճան էր տարածված նրա վատ համբավը, որ հայ նախարարները, առանց ավելորդ խղճի խայթի, դիմում են կաթողիկոսին՝ միասնաբար խնդրելու Պարսից արքունիքին՝ դադարեցնելու նման թագավորի գործունեությունը: Առաջին դեմքը եթե ստեց, գողացավ, ընկավ հաճույքների ետեւից, նա կմերժվի ժողովրդի կողմից, կթուլանա պետությունը: Նույն բանն է տեղի ունենում, երբ առաջնորդը դադարում է զգալ հասարակության պահանջները, կտրվում կամ հեռանում է նրանից: Վերցնենք Լեւոն Տեր-Պետրոսյանին. ոչ ոք չի ժխտում, որ նա սկզբում վայելում էր համաժողովրդական համակրանք: Ժողովրդական ալիքով վեր խոյացած մարդն ինչ-որ պահից դադարեց զգալ այդ նույն ժողովրդի զարկերակը: Իհարկե, արտաքին քաղաքական հարցերում նա եղել է սթափ, ռազմական ասպարեզում՝ զգուշավոր, զերծ արկածախնդրությունից: Թաքցնելու բան էլ չէ, որ հենց նրա օրոք են արձանագրվել մեր ռազմական հաջողությունները: Բայց դրա հետ մեկտեղ, ինչպե՞ս նա կարող էր ակնկալել, որ մարդիկ «ըմբռնումով մոտենային» ու աչք փակեին թափ առնող թալանի, չբացահայտված սպանությունների ու 1996 թվին նախագահական աթոռը բռնազավթելու փաստերի առջեւ: Կամ՝ ղարաբաղյան շարժման լոզունգները, այդ թվում՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը դրոշ դարձնելով իշխանության գալն ու դրանից հետո Ղարաբաղից հրաժարվելն ո՞վ կարող էր համարել բարոյական: Հո մարդիկ կույր չե՞ն: Մասսաների զգացմունքների հետ խաղալը երբեք չի ներվում զանգվածների կողմից: Ժողովուրդն ամենափոքրիկ սուտն անգամ զգում ու հակադարձում է հեղինակին, եթե անգամ նա եղել է իր երբեմնի սիրելին: 
Ղարաբաղի նկատմամբ կանխակալ սիրո ու խանդաղատանքի հույզերով ընդունեցինք Ռոբերտ Քոչարյանին՝ նրան վերապահելով ղարաբաղյան դատն անզիջում պաշտպանելու առաքելությունը: Ժամանակի բարձունքից այս մարդն այսօր ուզում է ներկայանալ իբրեւ մաքուր ու բարոյական, ազատամարտում ու տնտեսության մեջ հաղթանակած հերոս ու նյարդայնանում է, որ ժողովուրդն իրեն այդպիսին չի ընդունում: Այո՛, միջազգային ամբիոններից նա արցախյան դատը պաշտպանել է համարձակորեն, արտաքին քաղաքական գերակայություններում ունեցած դիրքորոշման շնորհիվ կարողացել է ապահովել երկրի ռազմական անվտանգությունը: Բայց արդյոք դա իրավո՞ւնք է տալիս նրան հանրության թիկունքում գնալու մութ գործարքների: Հեռու եմ թողնում աղմկահարույց թեմաները: Եթե Քոչարյանը նախագահի կարգավիճակում գտնվելիս չի օգտագործել օրենքով արգելված հնարքներ, պարզից էլ պարզ է, որ նա չէր կարող միջին քաղաքացուց ավելի հարուստ լինել: Շարքային քաղաքացուն հուզող գլխավոր հարցերից մեկը սա է՝ ինչպե՞ս մարդը գերհարուստ դարձավ: Չէ՞ որ այս աստիճան աղքատ երկրում այդ աստիճան հարուստ լինելն արդեն իսկ անբարոյականություն է: Այսօր հայտնվել են մարդիկ, որոնք Քոչարյանին փորձում են ներկայացնել միակողմանիորեն՝ բացառապես հերոսական լույսի ներքո: Դա ոչ միայն զավեշտալի է, այլեւ՝ վտանգավոր: Դա իրականության պարտակում է նշանակում: Վերջիվերջո, տասը տարի է անցել, ու ժամանակակիցները դեռեւս հիշում են նրա ձեւավորած գաղջ մթնոլորտը երկրում: Կոնկրետ ի՛մ հիշողության մեջ մնացել է 30 հազար նոր աշխատատեղերի ստեղծման հանրահայտ սուտը, քաղաքական ուժերի նկատմամբ անհաշտ վերաբերմունքը, 5-հազարական դրամներով երկրի քաղաքացիներին մուրացիկների զանգվածի վերածելու ստոր քաղաքականությունը: Կարո՞ղ է դա չի եղել: Կարո՞ղ է ընտրակաշառքի համար համատարած գզվռտոցը նրա օրոք չի ստացել կյանքի ուղեգիր: Մի՞թե նա՛ չդարձավ ֆինանսական, գործադիր ու օրենսդիր օլիգարխիայի միաձուլման կնքահայրը: Նրան հերոս համարողները պետք է հիշեն, որ իսկական հերոսները թռիչքի են տանում իրենց ժողովրդին եւ ոչ թե կտրում թեւերը՝ նրան թողնելով ծնկելու կամ սողալու հնարավորությունը: Կարո՞ղ է սուտ է, որ բարոյական ճնշման միջոցով հազարավոր հեղինակավոր քաղաքացիներ, այդ թվում եւ մանկավարժներ, ընտրատեղամասերում կանգնեցվեցին կեղծիքներ անելու երկընտրանքի առջեւ, այլապես կարող էին կորցնել դիրք ու աշխատանք: Քանի՞-քանի տարի է պետք, որ նրանք մաքրեն իրենց հոգին այդ նսեմացուցիչ հիշողություններից, որ նորից հանրության մեջ, առանց թերարժեքության բարդույթների, զբաղեցնեն իրենց կոչմանը վայել սուրբ տեղը: Խղճալի՜ Հայաստան, որ երբեւէ կառավարիչ ես ունեցել ուսուցչի արժեքը չհասկացող մեկին: Կարո՞ղ է մենք չենք անցել այն գեհենի միջով, երբ մարդկանց արժանապատվությունը տրորելը, «այսինչի ու այնինչի» մարդը լինելը, օրենքը շրջանցելը հերոսություն էին համարվում: Կարո՞ղ է ուրիշ մի երկրում էր, որ ոմանք կասկածելի ծագման փողերով դղյակներ էին կառուցում համատարած աղքատության եզրին հասած մարդկանց ու սահմանագծում հաշմանդամ դարձած տղաների աչքի առաջ: Եկել է նոր սերունդ, որը շատ հարցերում անտեղյակ է: Ես այս մասին բարձրաձայնում եմ, որ իմ զավակները ոչ թե այլոց ստապատիր ինքնակենսագրականներից, այլ հենց իրենց ծնողից իմանան իրական ճշմարտությունը ու նաեւ գտնեն այն հարցի պատասխանը, թե ինչու իրենց մանկությունն ավելի լուսավոր չի եղել, եւ թե ինչու շատ ու շատ օրինավոր մարդիկ քոչարյանական տարիներին տեղ չունեին այդ մերժելի համակարգում, երբ գիտելիքն ու պարկեշտությունը բացահայտորեն ստորադասված էին փողին ու քծնանքին, երբ առուծախի առարկա էր դարձել բացարձակապես ամեն ինչ: Երբ հանցագործը գիտեր, որ հովանավորների շնորհիվ կալանավայրում ընդամենը ժամանակավոր ու պատվավոր հյուր էր լինելու: Ա՞յդ երկիրն էինք երազում կառուցել: Եվ այսօր իրենք իրե՛նց են խաբում այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ Ռոբերտ Քոչարյանը նորից քաղաքականություն է վերադառնալու: Նրանք ոչ միայն փորձում են մոլորության մեջ գցել անիրազեկ մարդկանց, այլեւ հենց իրենք են մոլորված: Իրականում հրաշքներ չեն լինում: Միշտ էլ կգտնվեն արդարության ու ճշմարտության համար աննահանջ պայքարողներ: Ուստի՝ ինչպիսի հեքիաթ էլ ներկայացնելու լինեն, Ռոբերտ Քոչարյան «քաղաքական գործիչն» այլեւս չի կարող վերակենդանանալ: 

 Շարունակելի 

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ